Ռուսական Ս-400, թե՞ Արևմուտքի գիլյոտինը. Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի գլխավոր զենքը Վիլսոնի իրավարար վճիռն է

31-07-2017 15:30

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են հասել Ս-400 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարման հարցի շուրջ: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ փաստաթղթերն արդեն ստորագրված են, և հիմա իրենք հույս ունեն, որ կտեսնեն Ս-400 համակարգերը Թուրքիայում: ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակից Միացյալ Նահանգներում, սակայն, այնքան էլ չեն հավատում, որ Թուրքիան կարող է Ս-400 ստանալ Ռուսաստանից: ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը մինչ այդ հայտարարել էր, թե լրատվամիջոցների տեղեկությունները Ս-400-ի վաճառքի մասին չեն համապատասխանում իրականությանը: Ս-400-ի մասին Ս-400 համալիրները հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համար նախատեսված հզոր համակարգեր են, որոնք ռազմաքաղաքական առումով ունեն տակտիկական և ինչ-որ առումով նաև ստրատեգիական նշանակություն: Սրանք ռուսական արտադրության համակարգեր են, որոնք Ռուսաստանի զինված ուժերում սկսել են կիրառվել 2007 թվականից: Ս-400-ների վաճառքը վաղուց է գտնվում ռուս-թուրքական օրակարգում: Թուրքագետներն ասում են, որ Թուրքիան, ՆԱՏՕ-ի հետ ունենալով հակաօդային, հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգ, մյուս կողմից նպատակ է դրել ստեղծելու ՆԱՏՕ-ից անկախ կամ «ազգային» ՀՕՊ, իսկ այս հարցում առանցքային դեր կարող է խաղալ Թուրքիայի համագործակցությունը ՆԱՏՕ-ի մրցակից, եթե չասենք հակառակորդ Ռուսաստանի հետ: Այսպիսով, Ս-400 համալիրների վաճառքի հարցն այս հանգամանքի պատճառով դուրս է գալիս ռազմական համագործակցության նեղ շրջանակներից՝ ստանալով քաղաքական կամ աշխարհաքաղաքական լուրջ երանգներ: Պատմական զուգահեռներ Խնդիրը խիստ ուշագրավ է նաև Հայաստանի տեսանկյունից՝ հաշվի առնելով Հայաստանի բարդ հարաբերությունները Թուրքիայի հետ և ռուս-թուրքական հարաբերությունների անմիջական ազդեցությունը Հայաստանի անվտանգային միջավայրի վրա: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով խոսեց հարցի պատմաքաղաքական ասպեկտների մասին՝ ասելով, որ արտաքուստ նմանություններ, իհարկե, կան ռուս-թուրքական ներկայիս հարաբերությունների և 1920-ական թթ. սկզբին ձևավորված թուրք-բոլշևիկյան գործակցության միջև: Ինչպես այն ժամանակ քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը որոշակիորեն գտնվում էին միջազգային մեկուսացման մեջ, ինչն էլ նրանց ստիպեց սերտ դաշինք կազմել Արևմուտքին տարածաշրջանից դուրս մղելու համար, այնպես էլ այսօր Թուրքիայի և Ռուսաստանի շահերն այս իմաստով զգալիորեն համընկնում են: Թեև պատմաբան Աշոտ Մելքոնյանը վերապահումով է մոտենում այն տեսակետին, թե Թուրքիան այսօր մեկուսացված է Արևմուտքի կողմից: «Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի գլխավոր հենարանը այս տարածաշրջանում: Բոլոր դեպքերում որոշ նմանություններ կան, բայց ես այն կարծիքին չեմ, թե դա 1920-ական թթ. նույն վիճակն է, և ռուս-թուրքական հարաբերություններն իրոք շատ ջերմ են և զարգացում են ապրում: Ռուսաստանի և Թուրքիայի միջև լուրջ հակասություններ կան և այդ հակասություններն այսօր էլ իրենց զգացնել են տալիս»,- ասաց Աշոտ Մելքոնյանը: Պատմական այս շրջանի հետ հետաքրքիր զուգահեռներ է անցկացրել քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ նկատելով, որ ինչպես 100 տարի առաջ էին «հայկական ծագմամբ» որոշ գործիչներ արդարացնում Քեմալի ու Լենինի բարեկամությունը՝ ասելով, որ եթե Լենինը զենք չտա Քեմալին, ապա դա կանեն Արևմուտքի «իմպերիալիստները», այնպես էլ այսօր Հայաստանում վստահաբար կգտնվեն մարդիկ, ովքեր կարդարացնեն Ս-400 համալիրների վաճառքը Թուրքիային Հայաստանի դաշնակից Ռուսաստանի կողմից: Ուրեմն ո՞րն է այս գործընթացների դասը մեզ համար: Պատասխանելով հարցին՝ պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանն ասաց հետևյալը. «Մի բան հստակ է, որ Թուրքիայի համար մշտական դաշնակից գոյություն չունի և նա մշտապես շարունակելու է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև խուսանավելու խաղը՝ իր դիրքերը տարածաշրջանում ամրապնդելու նպատակով, և սա այդ դեպքերից մեկն է: Ինչպես 1920-ականներին, երբ Թուրքիան Ռուսաստանի օգնությամբ ոտքի կանգնեց և շատ շուտով՝ Իսմեթ Ինոնյուի ժամանակ թեքվեց դեպի Արևմուտք, այնպես էլ այսօր է: Բայց նորից եմ կրկնում՝ Թուրքիայի «ռուսամետությունն» ու խաղը այնքան էլ նման չէ 1920-ականներին, որովհետև իրավիճակը փոխված է, և Արևմուտք-Ռուսաստան այս հակամարտության մեջ Թուրքիան բոլոր դեպքերում Արևմուտքի և ոչ թե Ռուսաստանի կողմում է»: Արևմուտքի գիլյոտինն ու Վիլսոնի իրավարար վճիռը Ռուսաստանի այս քաղաքականությունը՝ զինելու հակառակորդ կամ կոնֆլիկտային հարաբերություններ ունեցող պետություններին, առաջին հայացքից խիստ տարօրինակ է թվում: Ռուսաստանը սպառազինություն է տրամադրում ոչ միայն Հայաստանին՝ որպես իր ռազմական դաշնակցի, այլև Հայաստանի դեմ պատերազմող Ադրբեջանին: Մյուս կողմից, Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվորները հսկում են Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ, որը պոտենցիալ ռազմական սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար: Ռուսաստանը մի կողմից Հայաստանում տեղադրում է Ս-300 կամ Ս-400 համակարգեր, տեղակայում է, օրինակ, «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ գերհզոր համալիրներ, որոնց միջոցով կարող է հսկել տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի օդային տարածքը, Հայաստանին մատակարարում է «Իսկանդեր» հրթիռային համալիրներ, բայց մյուս կողմից՝ Ս-400 համալիրներ է վաճառում Թուրքիային: Ո՞րն է ընդհանրապես այս քաղաքականության տրամաբանությունը: Մեկնաբանելով հարցը՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս քաղաքականության նպատակը բոլորին վերահսկողության տակ պահելն է: «Սրա միջոցով Ռուսաստանը սրում է իրավիճակը, բոլորը զինված են բոլորի դեմ, բայց յուրաքանչյուրի զենքի բանալին իր մոտ է: Ստացվում է՝ բոլորն իրար դեմ լարված են: Երկրորդը, ի՞նչ է նշանակում Ադրբեջանին այդ չափերով զինել: Պարզ է, որ Ադրբեջանին այդ ծավալներով զինելն արտաքնապես Արցախի և Հայաստանի դեմ է, բայց խորքի մեջ Իրանի դեմ է, որի հետ Ռուսաստանը բարեկամ է: Ռուսական քաղաքական, ռազմական մշակույթի մեջ դա զարմանալի երևույթ չէ, պարզապես իրենք պարբերաբար սխալվում են: Ի՞նչ արեցին. Հիտլերին զինեցին Արևմուտքի դեմ, Հիտլերը հարձակվեց Խորհրդային միության վրա: Դա ստալինյան մտքի տխմար ճկունությունն է, որն այդպես էլ դաս չի եղել այդ ժողովրդի ու պետության համար»,- բացատրեց Լևոն Շիրինյանը: Այսպիսով, Ռուսաստանը, մեր զրուցակցի մեկնաբանությամբ, վարում է «ուժային բևեռի քաղաքականություն», խճճում է բոլորին, բոլորին բոլորի դեմ է հանում, իսկ Թուրքիան շանտաժի քաղաքականություն է իրականացնում, ընդ որում երկուսն էլ՝ թե՛ Ռուսաստանը և թե՛ Թուրքիան, անբարո քաղաքականության հիմնադիրներ են: Սա նույնպես Լևոն Շիրինյանի ձևակերպումն է: Այդուհանդերձ, քաղաքագետը համոզված է, որ Ս-400-ի վաճառքը Թուրքիային իրականություն չի դառնա: Իսկ եթե Թուրքիան, այնուամենայնիվ, գնա այդ քայլին, ամերիկացիները կարող են օրակարգ վերադարձնել Սևրի դաշնագիրն ու Վիլսոնի իրավարար վճիռը կյանքի կոչելու հարցը: «Այս երկու խաղացողները՝ Էրդողանը և Պուտինը, երկուսն էլ փակուղային վիճակում են հայտնվել: Սրանցից ամեն մեկը Արևմուտքի վրա ճնշում գործադրելու միջոցներ է օգտագործում: Էրդողանն օգտագործում է Ս-400-ի հարցը: Ռուսաստանն, անշուշտ, դա անում է, որպեսզի վատացնի Թուրքիայի հարաբերությունները Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ: Կարող եմ ասել՝ Էրդողանն իր ծոծրակը կտեսնի, բայց Ս-400-ի սեփականություն իր մոտ չի տեսնի: Եթե տեսավ, գիլյոտինի առաջ կկանգնի Արևմուտքի կողմից: Թուրքիան 1944 թվականից ազատվել է ռուսական գիլյոտինից՝ սկզբից ամերիկյան հովանավորության, հետո՝ ՆԱՏՕ-ի հովանավորության շնորհիվ: Հիմա ի՞նչ է, իր բարեկամի՞ն է ծախում իր ազգային ավանդույթի համաձայն: ՆԱՏՕ-ն չի վերցնի ռուսական զենք, որը, նախ, ստանդարտ չէ իր համար, երկրորդը՝ իրենը չէ, երրորդն էլ՝ Թուրքիան դառնում է շատ ավելի վտանգավոր տրոյական ձի, որ եղել է ՆԱՏՕ-ի շրջագծի մեջ, դրա համար էլ չեմ կարծում, որ հաջողություն կլինի: Բայց ինչպես տեսնում ենք՝ Թուրքիան լավ խաղում է: Դա ցույց է տալիս, որ Թուրքիան ցայտնոտի մեջ է: Իհարկե, ռուսները բորբոքում են, հրահրում են: Եթե դա եղավ, իմացեք, որ Թուրքիան փոխում է քաղաքական, ռազմական և մյուս բոլոր կողմնորոշումները, ինչը հիմա շատ դժվար է պատկերացնել: Խաղում է պոկելու համար: Սա թուրքական հին ձեռագիր է՝ շանտաժ բարեկամի նկատմամբ: Բայց ինչքան խորանա այս խաղի մեջ, վտանգավորության եզրին կհասնի, որը Հայաստանին չափազանց ձեռնտու է»: Այս համատեքստում քաղաքագետը Հայաստանի համար խիստ կարևոր հարց է համարում Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատթարացումը: «Ինչ վերաբերում է մեր պարագային, ապա հայությունը, Հայաստանը ընդհանրապես գիշեր-ցերեկ զգոն պիտի լինի ռուս-թուրքական հարաբերությունների նկատմամբ՝ անկախ այն հանգամանքից՝ պատճառ կա, թե չկա: Այս երկու երկրները ցանկացած պահի կարող են առաջ քաշել հայկական հարցը և օգտագործել: Բայց եթե Թուրքիան շատ առաջ գնա, ամերիկացիները «դեմ են տալու» Սևրի դաշնագիրը, այլապես ինչո՞ւ են ամերիկացիները տասնամյակներ շարունակ գրպաններում պահում Վիլսոնի իրավարար վճիռը»,- ավելացրեց Լևոն Շիրինյանը:

1in.am
31-07-2017 15:30