Մարդկանց գրպանն են մտնում և կարծես «ռազբոյ» անեն ժողովրդին. Վարդան Ղուկասյան

01-08-2017 13:17

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը: – Պարոն Ղուկասյան, Շիրակի նորանշանակ մարզպետը հանդիպել է Շիրակի մարզի գործարարներին և կոչ արել ներդրումներ անել։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է նման հանդիպումներով լուծել ներդրումների հարցը: Մարզի գործարարները լուրջ խնդիր են բարձրացնում, որ եթե հատուկ մոտեցում չլինի, գործարարն իր փողը Երևանում է ներդնելու, ոչ թե Շիրակում։ – Լավ է, որ հանդիպել է: Մարզպետը պետք է նախ խնդիրներին ծանոթանա, տեսնի՝ մարդիկ ինչ հոգսեր ունեն, ինչ հարցեր ունեն, ինչ են ակնկալում պետությունից, պետությունն ինչ անի, որ քաղաքում, մարզում բիզնեսը ավելի բարգավաճի։ Եթե մարզպետը տեղյակ չի մարզի խնդիրներից, թող ծանոթանա, հասկանա, ինքն էլ պետության առջև խնդիրներ դնի, ասի՝ այս-այս հարցերը պետք է լուծել։ Հանդիպումն այս առումով շատ ճիշտ է, դրանով մարզպետը կարող է հասկանալ մարզի պրոբլեմները։ – Իսկ ի՞նչն է պատճառը, որ ներդրումներ չեն լինում Շիրակի մարզում և, մասնավորապես, Գյումրիում։ – Բազմիցս ասել եմ, հիմա նորից կրկնում եմ՝ երբ ներդրում ես անելու, բայց ապրանքդ պետք է վաճառես Արարատյան դաշտում, շուկան պետք է գտնես Արարատյան դաշտում, Երևանում, ապա գնալ-գալու ինքնարժեքի, այնտեղ շուկա մտնելու խնդիրներ կան։ Դրա համար մարդն ավելի նպատակահարմար է համարում բիզնես ծավալել 1,5 մլն բնակչություն ունեցող Երևանում և ավելի հագեցած Արարատյան դաշտում, քան Շիրակի դաշտավայրում, որտեղ օր օրի ամեն ինչ մարում է։ Դրա համար միշտ առաջարկել ենք ազատ առևտրի գոտու ստեղծում, հարկերի թեթևացում, այս խայտառակ բանկային համակարգի, լոմբարդների վերանայում, որ օրինական մարդկանց գրպանն են մտնում և կարծես «ռազբոյ» անեն ժողովրդին։ Այս հարցերը պետք է լուծվեն։ – Այս օրերին վարչապետն այցելում է մարզեր ու ասում՝ հուպ տվեք, աշխատեք։ Առհասարակ, Դուք այս մեկ տարվա ընթացքում արձանագրե՞լ եք որևէ փոփոխություն։ – Գործնական փոփոխությունների առումով, օրինակ՝ Ռուսաստանում այսօր մեր գործարարների 99 տոկոսը չի կարողանում շուկա գտնել, որովհետև շուկա գտնելը իրար «քցելու» վրա է։ Խայտառակություն է այդ առումով, և Ռուսաստանում ինչպիսի հզոր մարդ պետք է լինի, որ կարողանա, տարբեր խոչընդոտների բախվելով, վաստակել ու այդ գումարը բերել Հայաստան։ Պետությունն այս առումով պետք է լուրջ գործառույթ վերցնի իր վրա, և ինքը նպաստի դրան: Իսկ այսօր պետությունն ասում է՝ դուք աշխատատեղեր ստեղծեք, դուք շուկա գտեք, դուք արեք, դուք դրեք, դուք վերցրեք և հարկերն էլ 30 տոկոս անպայման մուծեք, որ մենք նստենք այդ գումարները բաժանենք: Եթե պետական ծրագիրը դա է, կարծում եմ, որ ընդհանրապես մեր երկիրը սխալ ուղիով է գնում: Պետք է անպայման  մտածենք, թե մենք ինչ աշխատատեղ ստեղծենք, ինչպես շուկա գտնենք մեր գործարարներին: Օրինակ՝ այստեղ գործարաններ կան, որ մարդը միլիոն դոլար ներդրել է, բայց չի կարողանում աշխատեցնել, քանի որ մի քանի տեղեր կան, որ պետք է մրցույթներ շահեն, դրանք մոնոպոլիզացված են, շուկա մտնելը շատ դժվար է, որովհետև այդ շուկան էլ է մոնոպոլիզացված, սուպերմարկետները մի քանիսի ձեռքում են գտնվում, և այստեղ ի՞նչ ներդրում անել: Իսկ Ռուսաստան գնալու համար… լուրջ պրոբլեմ է Ռուսաստանը,  և այդ գումարները, որ վերցնում են բանկերից, պետք է ունեցվածքը տան բանկերին ու վերջացնեն: Այս մթնոլորտում ոչինչ չի լինի, և այն, ինչ տեսնում եմ, սխալ է:  Պետությունը պետք է աշխատի, կառավարությունը լուրջ ծրագրեր պետք է մշակի: Տեսեք՝ Թուրքիայում ինչ են անում. երբ Թուրքիայում Ռուսաստանը չթողեց ապրանք ներկրեին Եվրոպայից, թուրքերը գնացին Ղարսի հատվածում  և մնացած կողմերը՝ տեսնելու, թե ինչ են արտադրում: Մտավ կաթի վերամշակման գործարան, հարցրեց՝ ինչ է պետք, որ կարողանա գործարանը ոտքի կանգնել, երեք միլիոն դոլար տվեց, 30 միլիոն տվեց, երեսուն տարով վարկը փակելու հնարավորություն տվեց, և առաջին հինգ տարին ազատեց տոկոսներից: Խնդրեմ, պետությունն ինչպես է կանգնեցվում: Մեր պարագայում ես մտածում եմ, որ կամ ցանկություն չկա դա իրականացնելու Հայաստանում, կամ էլ չեն հասկանում: Ինչ եկել են ասում են՝ դուք սարքեք, դուք վերցրեք, բայց 30 տարի է՝ ներդրում չկա: – Չեք կարծո՞ւմ, որ ճիշտ է ԵՏՄ-ից դուրս գալը: – Ես ընդհանրապես միշտ կողմնակից եմ եղել հայ-ռուսական բարեկամությանը, բայց եթե ոտքի տակ գցելով անեն, մենք մեր ազատությունը ոչնչի հետ չենք փոխելու,  և այդ միությունից դուրս գալն էլ սխալ է, բայց բայց մեր ինքնասիրությունը պահելը, մեր շահերը պահելը պարտադիր պետք է լինի, ինչպես նաև պետք է  պարտադիր լինի Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ մեր համագործակցությունը: Այսօր մենք փոքր երկիր ենք և պետք է կարողանանք, բայց, իհարկե, ռուսը պահում է մեր սահմաններն այսօր: Դա էլ պետք է մտածենք և պետք է ճկուն քաղաքականություն վարենք: – Հնարավո՞ր է՝ միանաք «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց: – Դուրս գալը սխալ եմ համարում, բայց որ մեր հարցերը պետք է առաջ քաշենք և դնենք ռուսի դիմաց՝ դա  փաստ է: ԵԱՏՄ-ի դիմաց պետք է առաջ քաշենք, մեր հարցերը դնենք լրջորեն. ի՞նչ է նշանակում, որ ես բիզնես եմ անում զենք վաճառեմ, որ գան ձեր երեխաներին սպանեն: Բա ասում ես՝ հայ-ռուսական բարեկամություն: Եվ այստեղ շատ մեծ քաղաքականություն է պետք, բայց կողմնակից էլ չեմ կապերը կտրելուն, ես «կամ…կամ»-ին դեմ եմ, մենք պետք է միշտ միջինը գտնենք, խելացի, ճարպիկ գտնվենք:   Լուսանկարը՝  ArmLur.am-ի

1in.am
01-08-2017 13:17