Ուլիսի նախկին ֆուտբոլիստ. խաղերը հանձնում էին, աշխատավարձ չէին վճարում

01-08-2017 17:45

Ռուսական հեղինակավոր sports.ru կայքը ընդարձակ հարցազրույց է վերցրել ռուս ֆուտբոլիստ Պավել Կոնդրախինից, ով ներկայում հանդես է գալիս ԱՄՆ առաջնությունում: Ժամանակին նա հանդես է եկել Երևանի Ուլիսի կազմում և հարցազրույցում նշում է, որ հայկական ակումբը պայմանավորված խաղեր էր անցկացնում, իսկ իրենց այդպես էլ աշխատավարձ չեն վճարել: «Ուլիսի նախագահը Վալերի Հովհաննիսյանն էր (ներկայում Մոսկվայի Արարատի նախագահն է): Այն, ինչ կատարվում էր այնտեղ, չտեսնված էր: Չգիտեի, որ այդպիսի բան է լինում: Սկզբում ամեն ինչ լավ էր: Ուժեղ մարզիչ կար, որի հետ աշխատելը հաճելի էր, սակայն 5 տուրից հետո նա հրաժարական տվեց: Պարզվեց, պատճառն այն է, որ խաղերը հանձնում էին: Գալիս էր Հովհաննիսյանը, ժողով անում՝ «Ես կվճարեմ ձեր աշխատավարձը: Ամեն ինչ կվերադարձնեն: Միայն թե խաղացեք, ձգտեք»: Հոգեբանորեն ծանր էր խաղալը, երբ քեզ չեն վճարում, իսկ խաղերը վաճառվում են: Մենք 4 ամիս հյուրանոցում էինք ապրում կոպեկների դիմաց, ամեն օր նույն բանն էինք ուտում: Հետո գնեցին մեր հետադարձ տոմսերը և այդպես էլ չվճարեցին: Հետո հայկական մամուլում գրեցին, որ ակումբի ներկայացուցիչներին ձերբակալել են խաղերը հանձնելու համար»: Կոնդրախինը նշել է, որ ինքը և ակումբում հանդես եկող մյուս ռուս ֆուտբոլիստները խաղեր հանձնելով չէին զբաղվում: Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ 2015 թ. նոյեմբերին ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ: «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորվել էին: Հունվարի 13-ին կալանավորվել են նաեւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը: Տեղեկացնենք, որ Ուլիս ֆուտբոլային ակումբը գործունեությունը դադարեցրել է 2016 թվականին: 

Lragir.am
01-08-2017 17:45