«ՀԷՑ-ի կապիտալի 70%-ի գրավադրումը կարող է նոր «Գույք պարտքի դիմաց» գործարքի պատճառ դառնալ

02-08-2017 10:30

Կառավարության՝ հուլիսի 27-ի նիստին հայտնի դարձավ, որ գործադիրը համաձայնություն է տվել ՀԷՑ-ին գրավադրել իր կապիտալի 69․9 տոկոսը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) վարկային միջոցներ ձեռք բերելու համար։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն էլ իր հերթին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀԷՑ-ը նախատեսում է ներգրավել վարկային միջոցներ 160 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որից 80 միլիոնը կտրամադրի ՎԶԵԲ-ը, 80 միլիոնը՝ ԱԶԲ-ն: «Վարկային միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ներդրումային ծրագրի ֆինանսավորմանը։ Ներդրումային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 200 մլն դոլար, որից 40 մլն-ը պլանավորվում է ուղղել սեփական միջոցներից, 160 մլն-ը ներգրավել վերը նշված կառույցներից»,- ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես հայտնել է փոխնախարարը: Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի հետ։ – Պարոն Դավթյան, կառավարության նիստում չմանրամասնվեց, թե այդքան վարկ վերցնելու անհրաժեշտությունն ինչում է կայանում, այլ միայն նշվեց, որ վերցնում են ՀԷՑ-ի ֆինանսական կայունությունն ապահովելու համար։ Ձեր դիտարկմամբ՝ որքանո՞վ կարող ենք սա արդարացված որոշում համարել և ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ։ – Տարատեսակ սկանդալների ու օֆշորային սխեմաների միջով անցած, ինչպես նաև վարկային բեռի տակ գտնվող ՀԷՑ-ի հերթական վարկավորումը, այն էլ նշված ծավալով, չափազանց ռիսկոգեն է: Ընկերության` 2015 թ.-ից ի վեր իրականացվող ներդրումային ծրագիրը նպատակ է հետապնդում ապահովելու համակարգի ընթացիկ անվտանգ շահագործումը: Մինչդեռ ակնհայտ է, որ համակարգի լիարժեք արդիականացման համար ցանցերի սեփականատերին անհրաժեշտ է ծավալուն ներդրումներ իրականացնել, ինչը, ելնելով հայաստանյան շուկայի կառուցվածքից ու սպառման ծավալներից, ներկայումս նպատակահարմար չէ: Հայաստանում գնալով նվազում է էլեկտրաէներգիայի սպառման ծավալները` պայմանավորված ինչպես տնտեսական ակտիվության, այնպես էլ միգրացիոն խնդիրներով: Դրան զուգահեռ՝ գնալով սահմանափակվում են Հայստանում արտադրված էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները: Ասենք, եթե 2000-ականների սկզբներին մենք արտահանում էինք Վրաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 15 %-ը, ապա այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեր հարևանները դիմում են մեզ միայն վթարների դեպքում, իսկ Հայաստանից ներմուծված էլեկտրաէներգիայի փոխարեն ոչ թե վճարում են, այլ վերադարձնում տարվա ընթացքում: Որոշակի խնդիրներ է իր մեջ պարունակում նաև դեպի Իրան արտահանվող բարտերային էլեկտրաէներգիան: Ճիշտ է, Իրանում առկա է հզորությունների դեֆիցիտ, և այն գնահատվում է մոտ 2500 ՄՎտ, սակայն ակնհայտ է, որ Իրանը տրամադրված չէ այդ դեֆիցիտը ծածկել միայն Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի հաշվին` նույնիսկ «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցման դեպքում: Խնդիրը նախ և առաջ Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայի բարձր ինքնարժեքն է, որը ևս պայմանավորված է էներգահամակարգի` վարկային բեռի տակ գտնվելու հանգամանքով: Այս առումով ՀԷՑ-ի վարկավորումը և ընկերության 70 տոկոսի գրավադրումը պետք է դիտարկել ավելի համալիր մակարդակով: Այսօր Հայաստանի էներգահամակարգի շահագործման համար ներգրաված վարկերի ծավալը մոտենում է 1 մլրդ դոլարի. վարկային միջոցներով է շահագործվում ԱԷԿ-ը, արդիականացվում Երևանի ՋԷԿ-ը, կառուցվում բարձրավոլտ ցանցեր Իրանի հետ և այլն: Պարզ է, որ այդ վարկերը անմիջականորեն ազդում են արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Այս ամենը քաջ գիտակցվում է ցանցերի սեփականատիրոջ կողմից, որի նախաձեռնությունը զուտ բիզնես-տրամաբանության տեսանկյունից միանգամայն արդարացված է: Ներդրումները պետք է ունենան վերադարձնելիություն, իսկ ստեղծված պայմաններում դա գրեթե անհնար է: – ՀԷՑ-ն առանց այն էլ նախկին տարիներից ունի մոտ 100 միլիոն դոլարի վարկային պարտավորություններ և հիմա այս 160 միլիոնի վարկը հավելյալ բեռ չի՞ դառնալու մեզ վրա, և արդյո՞ք էլեկտրաէներգիա սպառող բնակիչները ստիպված չեն լինելու դա վճարել։ – Նոր վարկավորումը հնարավորություն է ստեղծում մարելու արդեն գործող 100 մլն վարկը, ինչպես նաև լրացուցիչ մեխանիզմներ ստեղծելու` սակագների աճից խուսափելու համար: Իսկ սա արդեն տնտեսական ռիսկի դիմելով՝ սոցիալական համերաշխություն ապահովելու փորձ է: Սակայն ռազմավարական առումով վճարվող գինը բավականին բարձր է: ՀԷՑ-ի կապիտալի 70 տոկոսը գրավ դնելը զգալիորեն նվազեցնում Հայաստանի` առանց այդ էլ հարցականի տակ գտնվող էներգետիկ անկախության աստիճանը: Չի բացառվում, որ վաղը կրկին «Գույք պարտքի դիմաց» մոդելը կիրառվի: Դժվար թե այս ամենին հետևի սակագների վերանայում կամ այլ տնտեսական կամ սոցիալական ցնցումներ: Գոնե առաջիկայում նման զարգացումներ անձամբ ես չեմ կանխատեսում, քանի որ կառավարության նիստին որպես վարկավորման պատճառ նշված «ֆինանսական կայունության ապահովումը» ի վերջո իր մեջ պարունակում է նաև քաղաքական ու սոցիալական կոնտեքստ: ՀԷՑ-ի ֆինանսական կայունությունը ենթադրում է նաև ողջամիտ սակագնային քաղաքականություն: Վարկերի տակ գտնվող էլեկտրաէներգիա գեներացնող օբյեկտները գնալով ցանցերին են փոխանցելու ավելի բարձր ինքնարժեքով էլեկտրաէներգիա, և այդ իմաստով ՀԷՑ-ի նոր վարկը կարող է անվտանգության բարձիկ հանդիսանալ: Սակայն նման մոդելի կիրառման համար ամենևին էլ պարտադիր չէր 2015-ին ցանցերը վաճառել «Տաշիր» ընկերությունների խմբին, պետությունը կարող էր ինքը ստանձնել կառավարման գործառույթը: – Ըստ Ձեզ, արդյո՞ք հաշվարկված են նման որոշման հնարավոր բոլոր ռիսկերը, ու ի՞նչ երաշխիք կա, որ այս վարկն էլ ոչ արդյունավետ ծախսելու դեպքում՝ ՀԷՑ-ը Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով նորից չի դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այսինքն՝ հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի վճարը նորից թանկանա։ – Պատահական չէ, որ այս գործընթացը համընկավ օրերս կառավարության նիստին ներկայացված` էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման նախագծի հետ: Մասնավորապես, շուկայի ազատականացումը ենթադրում է, որ ցանցերը կարող են էլեկտրաէներգիա գնել ավելի ցածր գին առաջարկած արտադրողից, այդ թվում` օտարերկրյա: Մինչդեռ հայտնի է, որ «Տաշիր»-ը թրեյդինգային կազմակերպություն է գրանցել Վրաստանում ավելի էժան էլեկտրաէներգիա ձեռք բերելու նպատակով: Պետք է նշենք, որ այսօր Վրաստանի էներգահամակարգն իսկապես մրցունակ գին է առաջարկում, մասնավորապես` հիդրոկայանների բարձր արդյունավետության շնորհիվ: Ակնհայտ է, որ իր կապիտալի 70 տոկոսը գրավի տակ դնող ցանցերը դրանով իսկ խնդիր են հետապնդում բարձրացնելու իրենց շահութաբերությունը, ինչը միանգամայն նորմալ է ու հասկանալի: Սակայն այստեղ մենք բախվում ենք այլ խորքային խնդրի հետ: Այսօր ստեղծվում է մի իրավիճակ, երբ ավանդաբար էլեկտրաէներգիա արտահանող ու հզորությունների պրոֆիցիտ ունեցող Հայաստանը կարող է վերածվել էլեկտրաէներգիա ներկրողի: Սա կարող է արդարացված լինել բիզնեսի, բայց ոչ պետական քաղաքականության տեսանկյունից:

1in.am
02-08-2017 10:30