Իշխանափոխության հայտ հայկական ֆուտբոլում

Ադրբեջանական լրատվամիջոցները ցնծում են այսպես կոչված Աղդամի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հաջողության կապակցությամբ, որը հաղթահարել է նաեւ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլն ու դուրս եկել չորրորդ փուլ: Դա հաղթահարելու դեպքում ադրբեջանական թիմը կհայտնվի Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարում: Ադրբեջանցիները մինչ այդ չեն ունեցել այդպիսի հաջողություն, բայց Եվրոպայի Լիգայում խմբային մրցաշարի ուղեգիր նրանք նախորդ տարիներին արդեն նվաճել էին: Ադրբեջանական ակումբային ֆուտբոլն անկասկած առաջատար է տարածաշրջանում, թեեւ այստեղ իհարկե դժվար է մատնանշել նավթի ու գազի փողի գործոնից բացի այդ գործոն: Եթե չլիներ նավթի ու գազի փողը, հետեւաբար դրա շնորհիվ նաեւ առավել որակյալ լեգեոներներ ձեռք բերելու կարողությունը, ապա չի նշմարվում այլ գործոն, որի շնորհիվ Ադրբեջանը կարող էր դառնալ տարածաշրջանի ակումբային ֆուտբոլի առաջատար: Այդ հանգամանքը հաստատում է Ադրբեջանի ազգային հավաքականի բավական թույլ խաղամակարդակը, եւ այդ իմաստով Ադրբեջանի հավաքականը ոչ միայն ոչնչով առավել չէ Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ, այլ Հայաստանի, թե Վրաստանի հավաքականները ցուցադրում են ավելի տպավորիչ խաղ եւ ունեն ավելի տպավորիչ արդյունքներ՝ համեմատության մեջ: Այդուհանդերձ, Հայաստանի ազգային հավաքականի համար էլ չկա կայուն հեռանկար, եթե չի ապահովվում ակումբային բազա: Իսկ ակումբային բազա Հայաստանի հավաքականը չունի: Ի՞նչ է լինելու մի քանի տարի հետո, երբ Հենրիկ Մխիթարյանը կամ կթողնի ֆուտբոլը, կամ չի կարողանա խաղալ այնպես, ինչպես այժմ: Հույսը պետք է լինի նո՞ր Հենրիկ Մխիթարյանը: Իսկ կա՞ այդպիսի հույս: Օրերս տեղեկություն եղավ, որ Գյումրիի Շիրակի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը տեղափոխվել է Սլովենիայի Ժիլինա ակումբ: Այն Սլովենիայի առաջատար ակումբ է: Շիրակի սեփականատերը հայտնել էր, որ կար Մոսկվայի Լոկոմոտիվի ավելի լավ ֆինանսական առաջարկը, բայց իրենք առաջնորդվել են ֆուտբոլիստի համար զարգացման ավելի նախընտրելի խաղային ասպեկտով: Դա եղել է իսկապես ճիշտ առաջնահերթություն: Վահան Բիչախչյանը վերջին տարիներին Հայաստանի ակումբային ֆուտբոլից արտերկիր տեղափոխված թերեւս եզակի ֆուտբոլիստ է, որը հայտնվել է ոչ թե արաբական, իրանական ակումբում, որոնց խաղամակարդակը բացարձակ չի կարող նպաստել ֆուտբոլիսի աճին, եւ ոչ թե ռուսական առաջնության ցածրակարգ, հաճախ երկրորդ դիվիզիոնի որեւէ թիմում, որտեղ նույնպես չկա աճի հեռանկար, այլ Եվրոպայում՝ թեկուզ արեւելյան եվրոպայի նշանակալից ակումբում: Այլ օրինակներ չկան: Ենթադրենք, որ Վահան Բիչախչյանը մեկ-երկու տարի անց կդառնա երկրորդ Հենրիկ Մխիթարյան: Եվ ի՞նչ: Նա՞ է Հայաստանի ազգային հավաքականը «քաշելու»: Ժամանակակից ֆուտբոլում դա անհնար է: Ժամանակակից ֆուտբոլում հավաքականների զարգացումը կարող է հիմնվել երկու գործոնի վրա՝ կամ ուժեղ ակումբային բազա, կամ այսպես ասած արտերկրում որակյալ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների բազմություն ու բազմազանություն, մեծ ընտրություն: Այսինքն, եթե ազգային ակումբները իրենք ուժեղ չեն, գոնե կարողանում են համախառն ապահովել մոտ 20-25 ֆուտբոլիստի «արտահանում», որոնք կկազմեն հավաքականի «լեգեոներական» բազա: Հայաստանում չկա թե մեկը, թե մյուսը: Հայաստանի ակումբային ֆուտբոլը ապրում է ակնհայտ հետընթաց, խաղամակարդակի էական անկում: Բարձրագույն խմբում հանդես է գալիս ընդամենը 6 թիմ, որոնք տապակվում են իրենց յուղի մեջ: Առաջին խմբի գերակշռող մասը բարձրագույն խմբի թիմերի երկրորդ կազմերն են: Այդ պայմաններում ֆուտբոլի զարգացման մասին խոսելն ինքնախաբեություն է: Աներկբա է, որ ֆուտբոլն ունի համակարգային, հիմնարար փոփոխության կարիք: Եվ բանն այստեղ միայն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի փոփոխությունը չէ: Անհրաժեշտ է կառավարման մոդելի, ֆուտբոլի հանդեպ մոտեցման, քաղաքականության փոփոխություն: Թեեւ, այստեղ իհարկե կարեւոր է դառնում նաեւ ֆեդերացիայի նախագահի դերը, որը պետք է լինի այդ փոփոխությունների նախաձեռնողը, գեներացնողը: Միեւնույն ժամանակ, տարօրինակ է նաեւ ակումբների սեփականատերերի պահվածքը: Ասել, թե նրանք փող չեն ծախսում, կլինի սխալ: Հայաստանյան չափանիշներով նրանք բավական զգալի փող ծախսում են, թե ակումբների, թե դրանց մանկապատանեկան դպրոցների վրա: Բայց ակնհայտ է, որ չկա գոհացնող արդյունք, չկա դինամիկա: Բայց, միեւնույն ժամանակ չկա նաեւ նրանց մոտ իրավիճակը համակարգայնորեն փոխելու նախաձեռնողականություն: Սառույցը սակայն կարծես թե դրսեւորում է կոտրվելու, տեղից շարժվելու միտում: Նախօրեին news.am կայքին տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություն է արել Շիրակ ակումբի սեփականատեր, պատգամավոր Արման Սահակյանը: Նա ասել է, որ ակումբային ֆուտբոլի հեռանկար ապահովելու ելքը ֆուտբոլային պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումն է, որը կապահովի ակումբների սեփականատերերի կոլեգիալ կառավարում եւ մարդիկ, որոնք փող են ծախսում ակումբների վրա, իրենք էլ կիրականացնեն ակումբային ֆուտբոլի կառավարումը: Սահակյանը բերում է տարբեր երկրների օրինակներ, որտեղ ֆուտբոլը կառավարվում է այդպես եւ տալիս որոշակի արդյունք: Գործնականում, Շիրակ ակումբի սեփականատերը, որը ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, ներկայացնում է Հայաստանում ֆուտբոլային իշխանափոխության հայտ, այն էլ կառավարման մոդելի փոփոխության ենթատեքստով: Հետաքրքիր է այն, որ ինչպես պետական կառավարման մոդելի հարցում, այստեղ էլ ֆուտբոլային կառավարման մոդելի պարագայում ՀՀԿ-ական սեփականատեր պատգամավորը առաջարկում է անձի դերից անցում «կոլեգիալ» կառավարման: Գաղտնիք չէ, որ ներկայում հայկական ֆուտբոլում գործնականում անձնավորված կառավարում է, եւ որոշումները կայացնում է գերազանցապես ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ֆուտբոլային մյուս ակումբների սեփականատերերից քանի՞սը կաջակցեն Շիրակի սեփականատիրոջ առաջարկին եւ դրան ինչպե՞ս կվերաբերի Ռուբեն Հայրապետյանը: Երբ ամիսներ առաջ ֆուտբոլային երկրպագուների մի քանի խմբեր բարձրացնում էին նրա հրաժարականի հարցը, նա հայտարարեց, թե ինչ որ մարդիկ են դրա հետեւում: Արման Սահակյանը չի բարձրացնում հրաժարականի հարց, նա բարձրացնում է կառավարման մոդելի փոփոխության հարց, եւ բարձրացնում է այսպես ասած անմիջականորեն իր դեմքով: Ինչպիսի՞ն է լինելու թե ակումբային արձագանքը, թե արձագանքը ֆեդերացիայից: Ու թե նաեւ փորձագիտական արձագանքը, որովհետեւ փորձագիտական որակյալ քննարկումների գրեթե բացակայությունը հայկական ֆուտբոլային կյանքի առանցքային, համակարգային բացերից մեկն է, որովհետեւ չի կարող որեւէ արդիական համակարգ լինել փորձագիտական մտքի որակյալ եւ լուրջ բազայից զուրկ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
02-08-2017 12:00