Ադրբեջանցիները կեղտոտ խաղ խաղացին, իսկ մարզիչները չշնորհավորեցին. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

02-08-2017 15:30

Անդորրայում կայացած մինչև 16 տարեկան բասկետբոլիստների C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունում փայլուն ելույթ ունեցավ Հայաստանի հավաքականը: Խմբային փուլում մեր տղաները ուղղակի ջախջախեցին մրցակիցներին՝ տոնելով 4 հաղթանակ և զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը լարված և դրամատիկ պայքարում 88:76 հաշվով հաղթեց Ադրբեջանին: Եզրափակիչ մրցավեճում էլ Հայաստանը համոզիչ՝ 88:70 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ: Ի դեպ, մրցաշարի լավագույն խաղացողի կոչմանն արժանացել է Հայաստանի հավաքականի առաջատար Գեորգի Շախնազարովը: Անդորրայում մեր հավաքականի հաջողությունների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի հետ: – Պարոն Վաթյան, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Ինչո՞վ է պայմանավորված մեր հավաքականի կտրուկ վերելքը: – Շնորհակալություն: Աշխատանքները սկսել ենք դեռևս անցյալ տարվա նոյեմբերին՝ ուսումնասիրելով անցյալ տարվա առաջնությունում մեր մրցակիցներին: Մարզչական շտաբով ուսումնասիրել ենք նաև տեղացի բասկետբոլիստներին՝ նրանց հնարավորություն տալով դրսևորվելու և ցույց տալու ունակությունները: Մասնավորապես, մասնակցել ենք բազմաթիվ միջազգային մրցաշարերի և անցկացրել  ենք ընկերական հանդիպումներ: Հիմնական հավաքները տեղի են ունեցել Վրաստանում: Թբիլիսիում ապրիլին տեղի ունեցած հավաքին մեզ միացավ նաև Գեորգի Շախնազարովը, ով ճանաչվեց Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող: Հավաքի ժամանակ նկատվեցին խնդիրներ խաղային դիրքերում, որոնք լուծեցինք՝ հրավիրելով արտասահմանում հանդես եկող մեր հայրենակիցներին: – Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի հետ հանդիպումը: Կա՞ր արդյոք լարվածություն: – Ադրբեջանը բավական ուժեղ էր: Այս հավաքականում խաղում են երկու վրացի լեգեոներներ, ովքեր ապահովեցին միավորների մեծ մասը: Լարվածություն, իհարկե, կար, բայց մենք փորձում էինք վերացնել դա և խաղացողներին կենտրոնացնել խաղի վրա: Նշեմ, որ մրցաշարի կազմակերպիչները Հայաստանի և Ադրբեջանի հավաքականներին տեղավորել էին հյուրանոցի նույն հարկում: Իմ ջանքերով ադրբեջանցիներին տեղափոխեցին ուրիշ հարկ: Մենք ունեինք այդ իրավունքը, քանզի առաջինն էինք հյուրընկալվել: – Ադրբեջանցիների կողմից չե՞ք նկատել որևէ սադրանք: – Շատ կեղտոտ և կոպիտ խաղ ցուցադրեցին: Ես զգուշացրել էի մեր տղաներին, որ հանգիստ արձագանքեն բոլոր նման արարքներին և հոգեբանորեն պատրաստ լինեն: – Առաջին կեսից հետո Ադրբեջանը լուրջ առավելություն ուներ: Ինչպե՞ս հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: – Հանդիպման առաջին կեսում մրցակցի մոտ ամեն ինչ ստացվում էր: Բայց Ադրբեջանը պահեստայինների երկար նստարան չուներ, և մենք դա գիտակցում էինք: Ուժեղացրինք խաղի տեմպը՝ ստիպելով, որ մեր խաղացողների վրա շատ տուգանքներ ստանան: Հանդիպման վերջնամասում չէին կարողանում ողջ ուժով պաշտպանվել, քանզի թիմն ուներ 4 տուգանք: Այդ պահից մենք սկսեցինք գործել էլ ավելի նպատակաուղղված, և հոգեբանական առավելությունը մեր կողմն էր: Ադրբեջանցի բասկետբոլիստներն ուղղակի դիտում էին, թե ինչպես են մեր տղաները գրավում օղակը: – Ադրբեջանի հավաքականն ինչպե՞ս ընդունեց պարտությունը: Շնորհավորեցի՞ն ձեզ հաղթանակի առթիվ: – Շատ ծանր: Նրանց թվում էր, թե հաղթել են, բայց ամեն ինչ կտրուկ փոխվեց: Չէին հավատում, որ պարտվել են: Մարզիչները չշնորհավորեցին: Մոտեցավ միայն պատվիրակության ղեկավարն ու շնորհավորեց, իսկ խաղացողներն ու մարզիչները՝ ոչ: – Հայաստանի հավաքականից հատկապես ո՞ւմ կառանձնացնեք – Կառանձնացնեմ թիմին: Անհատապես ոչ մեկին, իսկ մնացածը դուք որոշեք: – Այժմ ի՞նչ խնդիր եք դրել հավաքականի առջև: – Մենք անցանք ավելի բարձր փուլ՝ B դիվիզիոն: Պետք է էլ ավելի լուրջ նախապատրաստվենք, ուսումնասիրենք մրցակիցներին և ուժեղացնենք կազմը:

1in.am
02-08-2017 15:30