Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի վարժանքներին որոշակի ուղերձ էր Մոսկվային

04-08-2017 10:23

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, ուղևորվելով դեպի Արևելյան Եվրոպա, մասնավորապես՝ Էստոնիա, Վրաստան և Չեռնոգորիա, իր հետ տարել է նախագահ Թրամփի հստակ ուղերձը, որ Միացյալ Նահանգները կանգնած է Արևելյան Եվրոպայի իր դաշնակիցների կողքին, կանգնած է հանուն ազատությունների, և որ «առաջինը Ամերիկան» կարգախոսը չի նշանակում «միայն Ամերիկան»: Սա փոխնախագահ Փենսի մեկնաբանությունն է իր շրջագայության մասին: Որքանո՞վ է ամերիկացիների այս ուղերձն առնչվում Հայաստանին՝ հաշվի առնելով փաստը, որ Մայք Փենսն այցելել է նաև մեր տարածաշրջան և Վրաստանում ներկա է գտնվել ՆԱՏՕ-ի այն զորավարժություններին, որոնց այս օրերին մասնակցում են նաև հայ զինծառայողները: Խոսելով հարցի մասին՝ The Armenian Interest վերլուծական կենտրոնի ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը կարծիք հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում, որ Փենսի ուղերձը Հայաստանին չի վերաբերում, բայց ամեն դեպքում Հայաստանից մեծ թվով զինվորականների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժություններին բարձր է գնահատվել ամերիկյան փորձագետների կողմից: Մեր զրուցակիցը չի բացառում, որ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին ինչ-որ իմաստով նաև ուղերձ է իր մեջ պարունակում, բայց այն ավելի շատ ուղղված է Մոսկվային, քան թե Արևմուտքին: Հնարավոր է՝ սա Հայաստանի արձագանքն է այն փաստին, որ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին: – Արեգ, ինչպե՞ս կմեկնաբանեք այն ուղերձը, որն իր հետ բերել է փոխնախագահ Փենսը Բալթյան երկրներին, Չեռնոգորիային և Վրաստանին, և որքանո՞վ է այս հայտարարությունն առնչվում Հայաստանին: – Փոխնախագահի այցը ցույց տվեց, որ Թրամփի վարչակազմը պահպանում է ամերիկյան արտաքին քաղաքականության ժառանգականությունը, մասնավորապես այն, որ ամերիկացիները շարունակելու են աջակցել Վրաստանին և շարունակելու են խաղադրույք կատարել հատկապես Վրաստանի վրա: Կարծում եմ, որ Վրաստանի հարցն արդիականացնելը կապված է այն հանգամանքի հետ, որ արդիականացվում է այն փոքր պետությունների հարցը, որոնք, ամերիկացիների կարծիքով, այսօր գտնվում են ռուսական սպառնալիքի տակ: Երբ Չեռնոգորիան նոր էր պատրաստվում դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, այնտեղ եղան մեծ թվով սկանդալներ, պետական հեղաշրջման փորձեր, որոնց մեջ ի վերջո մեղադրեցին այն մարդկանց, ովքեր ֆինանսավորվել են Ռուսաստանի կողմից կամ եղել են ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Էստոնիայի պարագան նույնպես հասկանալի է. ԶԼՄ-ներն ամեն օր են գրում Էստոնիային սպառնացող ռուսական վտանգի մասին, և հետո եկեք հիշենք, որ Ուկրաինայի իրադարձություններից հետո ՆԱՏՕ-ն ընդունել է Ռուսաստանի զսպման ոչ պաշտոնական ռազմավարություն: Այս իմաստով Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, Բալթյան երկրներին և Լեհաստանին լուրջ աջակցություն ցուցաբերելը, Ռումինիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելը և ռազմատեխնիկական համագործակցության խորացումը Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները լուրջ ուշադրություն է հատկացնում իր այն դաշնակիցներին ու գործընկերներին, որոնք այս կամ այն ձևով զգում են սպառնալիք Մոսկվայի կողմից: Այս համատեքստում կարող ենք ասել, որ փոխնախագահ Փենսի այցելությունը խորհրդանշական է: Վրաստան այցելած ԱՄՆ-ի վերջին բարձրաստիճան պաշտոնյան Ջորջ Բուշ կրտսերն էր, հետո՝ Օբամայի օրոք, ամենալուրջ այցը պետքարտուղար Ջոն Քերիի այցն էր, և հիմա էստաֆետը փոխանցվում է հաջորդ՝ հանրապետական վարչակազմին, որը պահպանում է Բուշ կրտսերի և Օբամայի քաղաքականությունների ժառանգականությունը: Սա հստակ ազդանշան է Վրաստանի համար, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Վրաստանին, Միացյալ Նահանգները պատրաստ է խորացնել ռազմատեխնիկական հարաբերությունները Վրաստանի հետ: Բացի այդ, ամերիկացիները նաև պաշտպանում են իրենց ներդրումները, որովհետև նրանք հսկայական ջանքեր են գործադրել Վրաստանի ուղղությամբ՝ ներառյալ ֆինանսական ներդրումները, քաղաքական աջակցությունը, և Փենսի այցը ցույց է տալիս, որ ամերիկացիները չեն պատրաստվում հենց այնպես հանձնել այս երկիրը, չեն պատրաստվում մանրադրամ սարքել Վրաստանը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա չեմ կարծում, թե Փենսի ասածն ինչ-որ կերպ վերաբերում է Հայաստանին: Իհարկե, ամերիկացիներն աջակցում են Հայաստանին, շատ փորձագետներ բարձր գնահատեցին այն փաստը, որ Հայաստանը լուրջ թվով զորախումբ է ուղարկել մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին Վրաստանում: Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի ու Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններին, և այս տեսանկյունից ամերիկացիներն, իհարկե, չեն սպասում լուրջ քայլեր Երևանի կողմից՝ Եվրատլանտյան ուղղությամբ: Ընդհանրապես չեմ կարծում, որ ամերիկացիները կկարողանային աջակցել Հայաստանի այդ ուղղությանը, որովհետև նրանց ռեսուրսները պարզապես չեն հերիքի: Միացյալ Նահանգներն այսօր հսկայական թվով խնդիրներ ունի. պատրաստվում է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը, շատ ակտիվորեն քննարկվում է Հյուսիսային Կորեայի հարցը, առաջվա պես օրակարգում են մնում Ուկրաինայի, Սիրիայի խնդիրները, և պարզ է, որ ամերիկացիների քաղաքական ռեսուրսները չեն հերիքի օգնելու Հայաստանին, որպեսզի վերջինս կարողանա հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը: Համենայնդեպս, նրանք այսպիսի ծրագրերի միջոցով հնարավորություն են տալիս չվառել կամուրջները Վաշինգտոնի հետ, պահպանել այդ հարաբերությունները, որովհետև դա բխում է Հայաստանի ազգային շահերից: ՆԱՏՕ-ի ծրագրերին մասնակցում են մեր հակառակորդները, և եթե Հայաստանը չմասնակցի դրանց, ապա մեր հակառակորդները բնականաբար կօգտվեն դրանից և կօգտագործեն Հյուսիսատլանտյան դաշինքի ամբողջ մեխանիզմը Հայաստանի դեմ: Բացի այդ, մենք պետք է պատրաստենք մեր զինված ուժերը 21-րդ դարի պատերազմներին, բարեփոխումներ իրականացնենք զինված ուժերում, մեզ պետք են նոր տեխնոլոգիաներ, ելք դեպի նոր շուկաներ, և պարզ է, որ անհնար է հասնել այդ խնդիրների լուծմանը առանց երկխոսության ՆԱՏՕ-ի ու Միացյալ Նահանգների հետ, որովհետև այդ տեխնոլոգիաներն այնտեղ են: Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները կարևոր են նաև այն իմաստով, որ այսօր ԱՄՆ-Թուրքիա և ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները լուրջ ճգնաժամի մեջ են, լուրջ դժգոհություն կա այդ երկրներում գոյություն ունեցող քաղաքական ռեժիմներից, և Վաշինգտոնը չի թաքցնում իր դժգոհությունը: Եվ, իհարկե, հարկավոր է օգտագործել այս ճգնաժամը՝ մեզ համար օգուտներ ստանալու նպատակով: Կարելի է ավելացնել մեկ այլ հանգամանք, որ չնայած ներկայիս վարչակազմի հակաիրանական հռետորաբանությանը, Կոնգրեսի ընդունած պատժամիջոցների վերջին փաթեթում պատժամիջոցներն Իրանի դեմ խիստ կոսմետիկ են, դրանք որևէ կերպ չեն վնասում ո՛չ Իրանին, ո՛չ էլ հայ-իրանական տնտեսական հարաբերություններին: Պատժամիջոցների նոր օրինագիծն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ, ինչն, իհարկե, լավ չէ մեզ համար, որովհետև որքան ավելի դրական է Մոսկվայի ու Վաշինգտոնի երկխոսությունը, այնքան ավելի լավ Հայաստանի ազգային շահերի համար, և որքան ավելի են վատանում ռուս-ամերիկյան հարաբերությունները, այնքան վատ: Ամերիկացիներն ամբողջությամբ արգելափակում են էներգետիկ ոլորտը Ռուսաստանի համար, մասնավորապես՝ «Հյուսիսային հոսք 2»-ը: Եթե ամերիկացիները սաստկացնեն պատժամիջոցները, շրջափակեն Ռուսաստանը բոլոր կողմերից, ապա Ռուսաստանը ստիպված կլինի եկամտի նոր միջոցներ փնտրել: Իսկ որո՞նք են այդ միջոցները: Դա, իհարկե, զենքի վաճառքն է: Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել այն երկրներին, որոնք դուրս են ամերիկյան ազդեցության գոտուց կամ ճգնաժամային հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ: Մասնավորապես, խոսքը Թուրքիայի ու Ադրբեջանի մասին է: Կարող ենք տեսականորեն ենթադրել, որ կխորանա Թուրքիայի ու Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը: Այս երկրներն արդեն ստորագրել են համաձայնագիր այն մասին, որ Ռուսաստանը պետք է Ս-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարի Թուրքիային: Այն զենքը, որը վաճառվել է Ադրբեջանին պայմանագրով, շարունակում է մատակարարվել, ուստի չեմ բացառում այն, որ պատժամիջոցների ճնշման տակ Ռուսաստանը կարող է մեծացնել զենքի վաճառքը՝ զուտ իր բյուջեն լցնելու նպատակով: Սա ավելի վտանգավոր է, քան պատժամիջոցները Իրանի դեմ: – Ռուս-ամերիկյան հարաբերությունների այս նոր սրացումը, որը նան «դիվանագիտական պատերազմ» են անվանում, ինչպե՞ս կազդի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի վրա: – Մինսկի խմբի մասին առայժմ դժվար է ասել, բայց ըստ էության, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումները Ղարաբաղի հարցի մասին չփոխվեցին երկու երկրների հարաբերությունների վատթարացումից հետո, երբ սկսվեց ուկրաինական ճգնաժամը և Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ: Առայժմ Վաշինգտոնն ու Մոսկվան պահպանում են միասնական տեսակետը կոնկրետ այս հարցի մասին: Այս երկրներից որևէ մեկը հետաքրքրված չէ, որ լայնածավալ պատերազմ սկսվի ղարաբաղյան հակամարտության գոտում, և քանի դեռ նրանցից ոչ մեկը հետաքրքրված չէ, նրանք կկարողանան ընդհանուր լեզու գտնել Ղարաբաղի հարցում: Պարզապես խնդիրն այն է, որ պետք չի գերագնահատել Մինսկի խմբի նշանակությունը: Սա մի ինստիտուտ է, որը կարող էր արդյունավետ կերպով լուծել հիմնախնդիրներ Սառը պատերազմի շրջանում, երբ կային խաղի որոշակի կանոններ, և ինստիտուտները լուրջ դեր էին խաղում: Այսօր Մինսկի խումբը չի զբաղվում կոնֆլիկտի կարգավորմամբ: Այն գործում է ընդամենը կողմերին զգուշացումներ անելու, «կարմիր գծեր» գծելու, ինչ-որ դիրքորոշումներ իրենց ղեկավարությանը հասցնելու նպատակով: – Այսպիսով, Դուք կարծում եք, որ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժություններին քաղաքական ժե՞ստ է Արևմուտքին: – Սա, իհարկե, քաղաքականություն է, բայց չէ՞ որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները նոր չեն սկսվել: Հայաստանը նախկինում էլ է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Խնդիրն այն է, որ մեծացել են համագործակցության ծավալները: Նախկինում Հայաստանն այսքան շատ զիծառայողներ չէր ուղարկում ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Սա է փոփոխությունը, բայց երկխոսություն ՆԱՏՕ-ի հետ կար վաղուց: Հայաստանը երկար ժամանակ մասնակցում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, ՆԱՏՕ-ի զինվորականները մասնակցում են Հայաստանի Զինված ուժերի արդիականացման գործընթացին: Այսօր զորավարժություններին մասնակցող զինծառայողների թվի կտրուկ ավելացումը և ավելի սուր քաղաքական հայատարարությունները խոսում են այն մասին, որ Երևանը հավանաբար փորձում է սկսել դիվերսիֆիկացման գործընթացը: Սա կարելի է գնահատել որպես քաղաքական ազդանշան և՛ ՆԱՏՕ-ին, և՛ Միացյալ Նահանգներին, և՛ Եվրամիության, բայց ես չէի ասի, որ սա կտրուկ փոփոխություն է երկրի արտաքին քաղաքականության մեջ: Հնարավոր է՝ սա արձագանք է այն փաստին, որ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, որովհետև վերջին շրջանում հայ քաղաքական գործիչները սկսել են ավելի կոշտ հայտարարություններ անել ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության մասին: Հնարավոր է՝ սա արձագանք է Թուրքիային Ս-400-ի վաճառքի մասին համաձայնագրի ստորագրմանը: Այս գործարքը ևս դեմ է հայկական շահերին: Ռուսաստանի շատ գործողություններ այնքան տհաճ են, որ Հայաստանը ստիպված է ինչ-որ քայլեր ձեռնարկել, ինչ-որ ձևով իր դժգոհությունը հասցնել Մոսկվային, և ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող զինծառայողների թվի ավելացումը ազդանշան է ոչ միայն Արևմուտքին, այլև Մոսվկային: Կարծում եմ՝ սա ավելի շատ ուղղված է Մոսկվային, քան Արևմուտքին, որովհետև Արևմուտքում շատ լավ գիտեն Հայաստանի դրությունը և այն օբյեկտիվ իրողությունները, որոնցում ապրում է Հայաստանը, և չեմ կարծում, որ Արևմուտքը հավելյալ ազդակների կարիք ունի, իսկ ահա Մոսկվային ազդակներ ուղարկելու կարիք կա, ուստի կարծում եմ, որ սա առաջին հերթին ուղերձ է Մոսկվային:

1in.am
04-08-2017 10:23