Ամերիկացիները գալիս են տարածաշրջան. Հայաստանը իրավունք չունի անտեսելու ԱՄՆ ակտիվացումը

05-08-2017 17:30

Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Հայաստանն այն երկիրն է, որտեղ Արևմուտքի և Ռուսաստանի շահերը կարող են համադրվել, ոչ թե հակադրվել: Հայկական կողմը պետք է բացատրի այս հանգամանքը ռուսաստանցի գործընկերներին՝ ավելացնելով, որ ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին նոր խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար, և այս պայմաններում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը անհրաժեշտ է Հայաստանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ խոսելով հուլիսի 31-ին Վրաստանում սկսված ՆԱՏՕ-ի Noble Partner-2017 զորավարժություններին հայկական զորախմբի մասնակցության մասին: Քաղաքագետի խոսքով՝ փոխնախագահ Փենսի այցելությունը Բալթյան երկրներ, Չեռնոգորիա և Վրաստան ուրվագծեց ԱՄՆ «արևելյան քաղաքականությունը», և այս տեսանկյունից Հայաստանը իրավունք չունի անտեսելու Միացյալ Նահանգների ակտիվացումը Արևելյան Եվրոպայում ու Վրաստանում: – Պարոն Գրիգորյան, Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի Noble Partner-2017 զորավարժություններին ի՞նչ կարևորություն ունի Հայաստանի համար ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման առումով: – Նախ՝ ուզում եմ ասել, որ դա շատ լուրջ է և դրական: Հայաստանը փորձում է շարունակել կոմպլեմենտար քաղաքականությունը: Անվտանգության ոլորտում մենք մի կողմից՝ սերտ կապեր ունենք Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ շարունակում ենք համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, և միանշանակ ես այդ մասնակցությունը շատ դրական եմ գնահատում, քանի որ Հայաստանը պետք է զարգացնի այլընտրանքներ բոլոր ոլորտներում՝ ներառյալ անվտանգությունը: Ռուսաստանը գիտի այդ հարաբերությունների մասին, և դա ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Ակնհայտ է, որ Ռուսաստանը ավելի հարգանքով կվերաբերվի մեզ՝ իմանալով, որ Հայաստանը աշխատում է նաև այլ կառույցների հետ: Դա Արևմուտքի կողմից էլ կդիտվի շատ դրական: Պետք չէ մոռանալ, որ զորավարժություններն անցկացվում են Վրաստանում, զորավարժություններին մասնակցում են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունները: Պարզ է, որ մեր մասնակցությունը միայն դրական է դիտվելու միջազգային հանրության կողմից: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հանգամանքին, ապա պարզ է, որ հայկական կողմը պետք է բացատրություններ տա, որպեսզի Ռուսաստանի կողմից բացասական արձագանք չլինի: Ռուսաստանը պետք է իմանա, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններն ուղղված չեն իր դեմ, բայց այդ հարաբերությունները անհրաժեշտ են Հայաստանին: Հայկական կողմը պետք է նաև բացատրի, որ քանի որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, նոր խնդիրներ են առաջանում մեր երկրի անվտանգության համար, և այս իմաստով ՆԱՏՕ-ի հետ այսպիսի համագործակցությունը անհրաժեշտ է Հայաստանին: Ուզում եմ ասել, որ պետք է կանխատեսենք Ռուսաստանի արձագանքը և մեղմենք այն: Այս իրավիճակը կարելի է մեկնաբանել տարբեր ձևերով: Իմ մեկնաբանությունն այն է, որ Հայաստանը կարող է լինել այն երկիրը, որտեղ համադրվում են Ռուսաստանի և Արևմուտքի շահերը: Կարծում եմ՝ սա դրական օրինակ է, որը ցույց է տալիս, որ նույնիսկ այս լարված իրավիճակում, երբ Միացյալ Նահանգները խստացրեց պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, կարելի է համագործակցել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ: Շատ բան կախված է մեկնաբանությունից: Իմ մեկնաբանությունը դրական է, որ սա չի հակադրում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի շահերը, բայց պարզ է, որ ռուս-ամերիկյան լարվածության խորացումը խնդիրներ է առաջացնում նաև մեզ համար: Ըստ իս՝ սկսեց աշխատել Միացյալ Նահանգների նոր նախագահի՝ Թրամփի գործոնը: Թրամփի գործոնն ուժեղանում է այն առումով, որ նա ուզում է ակտիվ աշխատել այլ պետությունների հետ, և մենք չենք կարող անտեսել այդ հանգամանքը, որովհետև Միացյալ Նահանգները հզոր երկիր է: Գիտե՞ք, թե որն է փոխնախագահ Փենսի այցելության նպատակը: Նա եկավ ցույց տալու, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Բալթյան երկրների, Վրաստանի և Չեռնոգորիայի անվտանգությանը: Սա նշանակում է, որ ուրվագծվում է Միացյալ Նահանգների արևելյան քաղաքականությունը: Ամերիկացիները Վրաստանում, Չեռնոգորիայում և Բալթյան երկրներում տեսնում են իրենց գործընկերներին և պատրաստ են աջակցել նրանց: Վրաստանը մեր անմիջական հարևանն է, ուրեմն Միացյալ Նահանգները ակտիվ կաշխատի, և դա անտեսելն անհեթեթություն է: – Մեկնելով Էստոնիա, Վրաստան և Չեռնոգորիա՝ փոխնախագահ Փենսը հայտարարել է՝ «ուզում ենք հավաստիացնել մեր դաշնակիցներին Արևելյան Եվրոպայում, որ մենք ձեզ հետ ենք, մենք կանգնած ենք ձեր կողքին»: Այսպիսով՝ կարո՞ղ ենք ասել, որ Թրամփի վարչակազմը վերահաստատում է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ պաշտպանելու այս երկրներին հնարավոր «ռուսական ագրեսիայից»: – Այո, սա է նրանց ուղերձը, քանի որ Բալթյան երկրներն իրենք են խնդրում Միացյալ Նահանգներին, որ պաշտպանի Ռուսաստանի կողմից հնարավոր քայլերից: Վրաստանի կոնցեպցիան մի փոքր այլ է: Վրաստանը ուզում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, և Ամերիկան կաջակցի նրանց անվտանգությանը, բայց այստեղ իրավիճակը տարբեր է: Չեռնոգորիայում էլ այլ իրավիճակ է: Այնուամենայնիվ, ուրվագծվում են այն երկրները, որոնց հետ Միացյալ Նահանգներն ավելի սերտ հարաբերություններ կհաստատի անվտանգության ոլորտում: Ճիշտ է, որ Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, և Միացյալ Նահանգներում կձևավորվի կարծիք, որ Հայաստանի հետ էլ պետք է շարունակել աշխատել: Ես չեմ խոսելու վերջնական ինչ-որ կողմնորոշման մասին, դա առանձին խնդիր է, բայց այս միտումը միանշանակ համարում եմ դրական, քանի որ Միացյալ Նահանգները գալիս է տարածաշրջան և ակտիվ կաշխատի այստեղ: Երբ խոսում ենք Բալթյան երկրների, Վրաստանի մասին, ակնհայտ է, որ դա Արևելյան գործընկերության դաշտն է: – Փենսի այդ ուղերձը որքանո՞վ է առնչվում Հայաստանին: – Ուղղակիորեն առնչվում է: Եթե այս քաղաքականության մեջ մտնում է նաև Վրաստանը, ապա դա ուղղակիորեն առնչվում է մեզ, և ես չէի ուզենա, որ Հայաստանը դուրս մնար այս առաջադեմ աշխարհից, որտեղ աշխատում է օրենքը, հարգվում են մարդու իրավունքները և այլն, և այլն: Այո, Հայաստանի ֆունկցիան տարբեր կլինի Վրաստանի ֆունկցիայից, Հայաստանը պետք է փորձի ավելի կոմպլեմենտար ճանապարհով գնալ, բայց մենք իրավունք չունենք անտեսելու Միացյալ Նահանգների այս ակտիվացումը Արևելյան Եվրոպայում՝ գումարած Վրաստանը: Դա շատ լուրջ սխալ կլինի: Եվ սա կատարվում է այն համապատկերում, որ Եվրասիական տնտեսական միության էֆեկտը գոնե այսօրվա դրությամբ միայն բացասական է Հայաստանի համար, իսկ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Այս իրավիճակում նման հնարավորություններն անտեսելը անթույլատրելի է: – Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ադրբեջանը չմասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին: – Այս հարցի մասին էլ տարբեր կարծիքներ լսեցի: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեծ ցանկություն չունեին, որ Ադրբեջանը մասնակցեր: Իրոք Ադրբեջանում վերջերս շատ է վատացել վիճակը մարդու իրավունքների ոլորտում: Դա է գլխավոր պատճառը: Միգուցե Ադրբեջանն էլ շատ չէր ուզում մասնակցել, զարմացած եմ, թե ինչու չէր ուզում, բայց իմ կարծիքով՝ գլխավոր պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները շատ ոգևորված չեն եղել Ադրբեջանի մասնակցության հեռանկարով: Այո, Ադրբեջանն էլ ՆԱՏՕ-ի գործընկերն է, բայց դուք ինձնից լավ գիտեք, թե ինչ վիճակում է մարդու իրավունքների ոլորտը Ադրբեջանում, և ինչպես է Ադրբեջանը անտեսում Եվրամիության և ՆԱՏՕ-ի ուղերձները այս խնդիրների վերաբերյալ: Սա է գլխավոր պատճառը, ոչ թե այն, որ, օրինակ, Ադրբեջանը Ռուսաստանին հաճոյանալու համար չի մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

1in.am
05-08-2017 17:30