Որքան էլ որ հերոսական կամ ռոմանտիկ թվա, դա հուսահատական քայլ էր. Հայրիկյանը՝ «Սասնա ծռերի» մասին

06-08-2017 17:00

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: –Պարոն Հայրիկյան, ամռան այս ամիսները, «Սասնա Ծռերի» գործողությունների մեկ տարվա հանրահավաքը, դատավարությունների սակավամարդությունը  ցույց տվեցին, որ Հայաստանում  քաղաքական պրոցեսներն առհասարակ փակուղի են մտել, որևէ իրադարձություն չի զարգանում: Ձեր կարծիքով ինչ է պետք, որ նորից քաղաքական ակտիվ պրոցեսներ սկսվեն և առհասարակ իրավիճկները, խնդիրները լուծվեն քաղաքական ճանապարհով: –Ինձ համար անբնական է, որ քաղաքական գործընթացների մասին խոսելիս շեշտադրում են մարդկանց որոշակի խմբի, որովհետև քաղաքական  գործընթացները վերջերս ասպարեզ եկած նույնիսկ ամենալավ խմբի հետ կապելը տեղին չէ: Քաղաքական գործընթացները ունեն տևական ընթացք: Ես որ դրանց մեջ եմ 50 տարուց ավելին, դժվարությամբ եմ հասկանում, թե ինչու պետք է դրանք կապվեն հուսահատական դրսևորման հետ: Դա որքան էլ որ հերոսական կամ ռոմանտիկ քայլ թվա, դա հուսահատական քայլ էր, բազմաթիվ հակասություններով լի: Ես դեռևս 50 տարի առաջ ԿԳԲ-ի բանտից ազգային ազատագական պայքարի ծրագիր եմ ներկայացրել և դրանից շեղում թույլ չեմ տվել: Մեր ազգը հաջողության է հասել հենց այդ ճանապարհով գնալով: Հիմա կարևորը սահմանադրության հարցն է: Մենք հրապարակավ հնչեցրել ենք մեր անելիքների մասին: Մենք ասում ենք, որ պետք է վերացնել ոչ միայն Սահմանադրության մեջ տեղ գտած շեղումները, այլև պետք է աշխատենք նոր սահմանադրություն ունենալու ուղղությամբ: Սահմանադրությունը չպետք է այնպիսի մի փաստաթուղթ լինի, որը կապված լինի ինչ-որ մեկի կամքից: Մենք ամենակարևոր՝ նոր սահմանադրություն ունենալու հարցով շարժումը սկսել ենք: Իհարկե օրակարգում են նաև քաղկալանավորների, կոռումպացված իշխանությունների, կոռուպցիայի և այլ հարցեր: –Պարոն Հայրիկյան, որքան էլ մեծ լինի Ձեր ցանկությունը, Ձեր նշած հարցը, խնդիրը օրակարգ չի դառնա, քանի որ դրա շուրջ համախմբում չկա: Բացի դա հիմա քաղաքական օրակարգում կարծեք թե վարչապետի փոփոխության հարցն է: -Դա իրենք իրենց համար են որոշում, փոխում: Դա իրենց համար է օրակարգ և իրենց նման պրիմիտիվների համար: Չեմ կարծում, որ մենք Կարեն Կարապետյանից լավ թեկնածու պետք է մեջտեղ բերենք: Չեմ ուզում ասել, որ Կարեն Կարապետյանը վարչապետի իմ իդեալն է, բայց նա մեծամասնության ներկայցուցիչն է: Ամեն դեպքում այդ հարցի շուրջ բոլոր խոսակցությունները համարում եմ մակարդակի բացակայության դրսևորում: Մենք Սահմանադրությունից ավելի կարևոր հարց չունենք: Սահմանադրությամբ է քաղաքացին երկրի տեր դառնում: Բոլոր խնդիրների հիմքում ընկած է այն, որ երկրի տերը մի խումբ գործակալներ են, մի խումբ պորտաբույծներ են, պատեհապաշտներ: –Ամեն դեպքում փաստ է, որ ունենք նոր Սահմանադրություն, որի փոփոխությանը Սերժ Սարգսյանը գնաց միայն իր իշխանության շարունակականությունը ապահովելու համար: Մամուլն արդեն գրում է, որ հաջորդ քայլն էլ նրա վարչապետ նշանակվելն է լինելու: Դուք չեք կարծում, որ այս պրոցեսներին պետք է հակազդել, այլ ոչ թե նոր Սահմանադրություն ընդունել, որի հավանականությունը զրոյին է մոտ: -Իշխանությունները ինձ չեն հետաքրքրում: Ինձ չի հետաքրքրում նաև Սերժ Սարգսյանը, նրա քաղաքական պարզունակ հավակնությունները: Ինքը, ինչպես Լևոնը իր համար Սահմանադրություն ստեղծեց  չվայելեց, ինչպես Ռոբերտը իմ նախաձեռնությունը փչացրեց և իր համար Սահմանադրություն գրեց ու նույնպես չվայելեց, այնպես էլ Սերժ Սարգսյանն է լինելու: Եթե հետին նպատակներով ես առաջնորդվում՝ հաջողության չես հասնի: Պետք է լինեն բարձր գաղափարներ, կա միջազգաին փորձ, որից պետք է օգտվել: Բայց հստակ է, որ մենք չպետք է մտածենք և անհանգստանանք, թե Սերժ Սարգսյանը ինչ-որ բանի կարող է հասնել, թե ոչ: Մենք պետք է մեր խնդիրը ունենանք, որը քաղաքացուն երկրի տերը դարձնելն է: Սա բոլոր հարցերը կլուծի՝ համադարման է: Ես առաջարկել եմ մոդելը, ըստ որի քաղաքացին պետք է ընտրի գործադիր իշխանության ղեկավարին, քաղաքացին պետք է ընտրի օրենսդիր մարմինը, քաղաքացին պեք է ընտրի վերադաս դատարանի դատավորներին: Սա պետք է լինի առանցքային մոտեցումը: Բնականաբար այս ամենին կհետևեն արտաքին կողմնորոշման խնդիրները, քանի որ դրանք իրար հետ փոխկապակցված են:

1in.am
06-08-2017 17:00