Ինչու Մխիթարյանը սկսեց կենտրոնից, կամ՝ հզոր առանցքի էֆեկտը

14-08-2017 13:26

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Վեսթ Հեմի» նկատմամբ խոշոր հաշվով տարած հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ժոզե Մոուրինյոյի թիմը վստահ և դինամիկ խաղ ցուցադրեց, ինչը ստիպեց խոսել այն մասին, որ 2017/18թթ. մրցաշրջանում տեսնելու ենք բոլորովին նոր «Յունայթեդ»: Ինչ խոսք, «Վեսթ Հեմը» խաղամակարդակով զիջում է «Յունայթեդին», բայց վերջինի երեկվա խաղում նկատվեցին մարտավարական փոփոխություններ, որոնք հաղթանակի գլխավոր գրավականը հանդիսացան: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ դաշտի տերերը տպավորիչ հաղթանակի հասան՝ հաջող խաղալով հատկապես դաշտի կենտրոնում: Մոուրինյոն ընտրել էր բավական հետաքրքիր մարտավարություն՝ 4-2-3-1: Մասնավորապես, միակ նոմինալ հարձակվողը Ռոմելու Լուկակուն էր, իսկ ենթահարձակվողի դիրքում գործեց Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս, ցույց տալով բարձրակարգ խաղ, դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ՝ էապես նպաստելով իր թիմի հաղթանակին: Նկատենք, որ մեր ֆուտբոլիստը դաշտի կենտրոնական գոտում խաղում էր ազատ՝ մշտապես սրություն հաղորդելով «Յունայթեդի» գրոհներին: Մխիթարյանի արդյունավետ խաղի հիմնական շարժառիթներից էր ամուր թիկունքը: Կիսապաշտպանության խորքում հերթապահում էին Պոլ Պոգբան և Նեմանյա Մատիչը: Բրիտանական մամուլն արդեն գրում է, որ Մատիչը կարճ ժամանակահատվածում դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուղեղը: Սերբ կիսապաշտպանը փայլուն կերպով կարդում է մրցակցի գործողությունները և բարձր որակների շնորհիվ կարողանում կասեցնել մրցակցի գրոհները: Խաղի ընթացքում թե՛ Պոգբան և թե՛ Մատիչը միանում էին գրոհներին՝ ակտիվ համագործակցելով նաև Ռեշֆորդի, Մատայի և Մխիթարյանի հետ: «Մատիչն ինտելեկտուալ ֆուտբոլիստ է: Նրա մտավոր պոտենցիալը էապես կնպաստի մեր թիմի առաջընթացին»,- հայտարարել էր Մոուրինյոն: Ուշադրություն դարձնելու դեպքում կնկատենք, որ «Վեսթ Հեմի» դեմ «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական առանցքը իսկապես հզոր էր, եթե ոչ ուժեղագույնը Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում: Պոգբա-Մատիչ-Մխիթարյան-Լուկակու առանցքը կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի հայտնությունը: Որոշակի վերապահումով կարելի է ասել, որ իրենց վատ չդրսևորեցին Խուան Մատան և Մարկուս Ռեշֆորդը, ովքեր խաղացին կիսապաշտպանության եզրերում: Դրվագներից մեկում Ռեշֆորդը կարող էր փոխանցել հարվածային դիրքում գտնվող Մխիթարյանին, սակայն կրկին անգամ դրսևորեց ֆուտբոլային էգոիզմ: «Հանդիպումը դժվար, ծանր ստացվեց, չնայած հաղթեցինք 4:0 հաշվով: Խաղի ելքը պարզ չէր նույնիսկ 2:0 հաշվի ժամանակ, քանի որ «Վեսթ Հեմը» ստեղծեց մի քանի գոլային հնարավորություններ: Սովորաբար 4:0 հաշվով խաղերն այլ կերպ են դասավորվում: Չեմ կարող ասել, որ շատ լավ սկսեցինք խաղը: Սկզբում ֆուտբոլիստների մոտ լարվածություն էր նկատվում, սակայն հետո ամեն բան կարգավորվեց: Ինձ դուր է գալիս թիմի վստահությունը, մենք կատարեցինք լավ աշխատանք: Թիմի նորեկները իրենց լավ դրսևորեցին: Թե՛ Լուկակուն և թե՛ Մատիչը երկար տարիներ խաղացել են Անգլիայի Պրեմիեր լիգայում և քաջատեղյակ են այս մրցաշարի առանձնահատկություններին»,- հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է Ժոզե Մոուրինյոն: Անդրադառնալով Մխիթարյանի խաղին՝ նկատենք, որ մեր ֆուտբոլիստը հատկապես ֆունկցիոնալ առումով իր բարձրության վրա էր, չնայած առաջնությունը նոր է սկսվել: Կարծում ենք՝ հենակետային դիրքում Պոգբային և Մատային օգտագործելը պայմանավորված էր Մխիթարյանին ազատ և ստեղծագործ խաղալու հնարավորություն տալով: Կենտրոնական գոտուց դեռևս առաջին կեսում Մխիթարյանը հարվածային դիրք դուրս բերեց Մատային, ով չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Մխիթարյանի հենակետային դիրքում խաղալով էլ պայմանավորված էր Լուկակուի արդյունավետ խաղը: Ի դեպ, բրիտանական մի շարք պարբերականների վարկածով Մխիթարյանն ու Պոգբան ընդգրկվել են Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում, իսկ Whoscored.com-ի վարկածով մեր հավաքականի ավագը ճանաչվել է «Վեսթ Հեմի» հետ հանդիպման լավագույն խաղացող Օգոստոսի 19-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հյուընկալվելու է «Սուոնսիին», իսկ օգոստոսի 26-ին սեփական հարկի տակ կմրցի «Լեսթերի» հետ: Այս հանդիպումից հետո Հենրիխ Մխիթարյանը կժամանի Հայաստան և կմիանա Հայաստանի ազգային հավաքականին: Վերջինս սեպտեմբերի 1-ին Բուխարեստում մրցելու է Ռումինիայի հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանում կհյուրընկալի Դանիային:

1in.am
14-08-2017 13:26