ԵԱՏՄ երկրների քաղաքացի ֆուտբոլիստները Հայաստանում լեգեոներ չեն համարվի, իսկ մյուս երկրների խաղացողների թվի լիմիտ կսահմանվի

15-08-2017 13:03

Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնությունում լեգեոներների սահմանափակում կլինի, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները լեգեոներներ չեն համարվի: Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը, որի օրակարգում եղել է ՀՀ ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2017-2018 թթ. խաղաշրջանի մրցումների անցկացման կանոնակարգում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը: Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Զեկույցից հետո ՀՖՖ գործկոմի անդամները որոշել են, ի կատարումն «Եվրասիական Տնտեսական Միության մասին» պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների, ինչպես նաև ՀՀ ֆուտբոլի պրոֆեսիոնալ մրցումներին ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների մասնակցությունը չսահմանափակելու նպատակով, պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման Կանոնակարգի 10-րդ հոդվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Առաջին խմբի թիմերի կազմում խաղին կարող են մասնակցել (միաժամանակ գտնվել խաղադաշտում). ա/Բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմերի դեպքում՝ առավելագույնը օտարերկրյա 2 ֆուտբոլիստ: բ/ Մնացած թիմերի դեպքում՝ առավելագույնը օտարերկրյա 5 ֆուտբոլիստներ»: Բացի այդ, հաստատվել է այն դրույթը, ըստ որի սույն կանոնակարգի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները չեն համարվում օտարերկրյա ֆուտբոլիստներ: Հաշվի առնելով խաղի արձանագրությունում նշված ֆուտբոլիստների մինչ խաղասկիզբը փոփոխությունների հետ կապված ՖԻՖԱ-ի պարզաբանումները՝ որոշվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման Կանոնակարգի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով. «Երկու թիմերի կողմից վավերացված խաղի արձանագրությունները մրցավարին հանձնելուց հետո և մինչ սկզբնահարվածը փոփոխություն չի թույլատրվում կատարել՝ բացառությամբ հետևյալ դեպքերի. ա. Եթե հիմնական կազմում արձանագրված 11 խաղացողներից որևէ մեկն ի վիճակի չէ խաղը սկսել անսպասելի ֆիզիկական անկարողության պատճառով /վնասվածք/, ապա նա /նրանք/ կարող է փոխարինվել միայն արձանագրությունում նշված յոթ փոխարինող ֆուտբոլիստներից  որևէ մեկով: Համապատասխան փոխարինող/ներ/ը կարող է փոխարինվել միայն հայտավորված այլ խաղացող/ներ/ով, ով նշված չէ տվյալ խաղի արձանագրությունում: Այսպիսով, փոխարինողների քանակը չի նվազեցվում, և թիմը պահպանում է սույն կանոնակարգով սահմանված քանակի փոխարինումների իրավունքը: բ. Եթե արձանագրված յոթ փոխարինողներից որևէ մեկն անսպասելի ֆիզիկական անկարողության /վնասվածքի/ պատճառով ի վիճակի չէ մասնակցել խաղին, ապա նա կարող է փոխարինվել միայն հայտավորված այլ խաղացող/ներ/ով, ով նշված չէ տվյալ խաղի արձանագրությունում: գ. Վերը նշված դեպքերում ՀՖՖ համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պահանջով ակումբը պարտավոր է ներկայացնել համապատասխան բժշկական եզրակացություն»:

Lragir.am
15-08-2017 13:03