Շվեդիա-Հայաստան. Պատմական նշանակության բասկետբոլային ճակատամարտ

16-08-2017 14:00

Բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի 5-րդ տուրում այսօր Հայաստանի ազգային հավաքականը կարևորագույն հանդիպում կանցկացնի Ուպսալա քաղաքում՝ մրցելով Շվեդիայի ընտրանու հետ: Այս թիմերի միջև Երևանում կայացած մրցավեճում մերոնք առավելության էին հասել համոզիչ՝ 82:69 հաշվով: 4-րդ տուրից հետո ընտրական А ենթախումբը 7 միավորով միանձնյա գլխավորում է Հայաստանի հավաքականը, որը 3 հաղթանակ է տարել: Շվեդիայի հավաքականը 6 միավորով երկրորդն է: Նույնքան միավոր ունի նաև 3-րդ տեղում գտնվող Բոսնիան, իսկ Սլովակիան 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 4-րդ տուրում Շվեդիան հյուրընկալվելիս 88:72 հաշվով անսպասելի հաղթանակ էր տարել Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ: 3-րդ տուրում, սակայն, շվեդները Բրատիսլավայում 68:59 հաշվով նույնքան անսպասելի պարտություն էին կրել Սլովակիայից: Չնայած Շվեդիան բարձրակարգ հավաքական է և ունի բարձրակարգ խաղացողներ, այդուհանդերձ՝ ընթացիկ ընտրական փուլում կայուն խաղ չի ցուցադրում: «Հաղթանակի դեպքում մենք կերաշխավորենք մեր տեղը հաջորդ փուլում։ Դեռ ավելին, հաղթանակը թույլ կտա А խմբում 1-ին հորիզոնականում հայտնվելու շատ մեծ շանսեր ստանալ։ Մեր խմբում բոլոր խաղերը չափազանց մեծ նշանակություն ունեն, քանի որ բավական հավասար խումբ է՝ անկանխատեսելի խաղերով։ Շվեդիայի հավաքականը մեծ հարգանքի արժանի մրցակից է, որն ինձ համար ամենաուժեղ մրցակիցն է այս խմբում։ Շվեդներն արդեն 5-6 տարի է՝ խաղում են նույն մարզչի՝ Վեդրան Բոսնիչի գլխավորությամբ։ Շվեդիայի ներկայիս կազմը միջազգային խաղերի բավական մեծ փորձ ունի։ Որպես թիմ, նրանք շատ լավ են պաշտպանվում և հարձակվում, քանի որ վաղուց են խաղում միասին։ Իհարկե, Շվեդիան էլ ունի թույլ կողմեր, որոնցից մենք կփորձենք հնարավորինս արդյունավետ օգտվել առաջիկա խաղում։ Ուրախ եմ, որ առանց կադրային կորուստների ենք մոտենում խաղին։ Սա առաջին դեպքն է, երբ կորուստներ չունենք։ Երևանում կայացած առաջին 2 խաղերին վնասվածք ուներ Ալբերտ Թադևոսյանը, ապա Բոսնիայի խաղը վնասվածքի պատճառով բաց թողեց Ալան Հեսը։ Նախորդ տուրում էլ Չրաբաշը ոչ լրիվ ուժով խաղաց Սլովակիայի դեմ։ Հուլիսին կայացած ընկերական խաղերին էլ մենք մասնակցել ենք կորուստներով։ Հույս ունեմ, որ կարևորագույն խաղին բոլորն էլ իրենց կարողությունները ցույց կտան։ Արդեն 3 օր է՝ Շվեդիայում ենք և այս ընթացքում փորձել ենք թիմին վերականգնել։ Հուլիսի սկզբից տղաները հավաքականում են, և արդեն մեծ ծանրաբեռնվածություն կա նրանց մոտ։ Սա նաև մեր հավաքականի առաջին միջազգային փորձն է։ Տղաներից շատերը նախկինում հանդես չէին եկել նման մակարդակում, իսկ այժմ 18 օրվա ընթացքում 6 կարևոր խաղ ունեն»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիշկա Բավցևիչը: Այսօր մեր ենթախմբում կայանալու է ևս մեկ կարևոր հանդիպում՝ Սլովակիան Բրատիսլավայում մրցելու է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ: Եթե Սլովակիայի և Հայաստանի հավաքականներն այսօր հաղթեն, մեր բասկետբոլիստները վերջին տուրից առաջ ոչ միայն կնվաճեն հիմնական ընտրական փուլի ուղեգիր, այլև կվաստակեն 9 միավոր և, անհասանելի դառնալով, մրցակիցների համար կապահովեն առաջին հորիզոնականը: Բոլոր դեպքերում Սլովակիայի հավաքականի հաղթանակը Շվեդիայի նկատմամբ էապես կօգնի Հայաստանին հաջորդ փուլի ուղեգրի համար պայքարում: Շվեդիայի հետ հանդիպումը մեզ համար լինելու է բասկետբոլային ճակատամարտ, որը կարող է պատմական նշանակություն ունենալ: Առաջին չորս հանդիպումներում Հայաստանի ազգային հավաքականի կազմում ամենաարդյունավետը Ռայան Բոաթրայթն է, ով խաղալով 135 րոպե՝ վաստակել է 91 միավոր: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդհանուր առմամբ վաստակել է 334 միավոր: Մեր հավաքականի հարձակվող Լուկաս Ֆիշերը 118 րոպեում վաստակել է 50 միավոր, իսկ Անդրանիկ Չրաբաշը 110 րոպեում՝ 46 միավոր: Արկադի Մկրտիչյանն էլ, խաղալով 87 րոպե, վաստակել է 45 միավոր: Մեր հավաքականի առաջատարներից Ալան Հեսը 84 րոպեում վաստակել է 40 միավոր: Նշենք, որ Հեսը ճանաչվել էր Հայաստան-Սլովակիա հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը: Վնասվածքի պատճառով այս խաղացողը բաց էր թողել Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Շվեդիա-Հայաստան հանդիպումը կսկսվի ժամը 21:00-ին և կհեռարձակվի «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում:

1in.am
16-08-2017 14:00