Ռևանշի խաղը, կամ՝ 11-րդ հանդիպման առանձնահատկությունը

18-08-2017 14:30

Վաղը Երևանում կկայանա անկախ Հայաստանի պատմության բասկետբոլային թերևս կարևորագույն հանդիպումը: Աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Օգոստոսի 16-ին Շվեդիայի հետ մրցավեճը Հայաստանի ազգային հավաքականի համար 10-րդ պաշտոնական խաղն էր: Պատմության ընթացքում դժվար է գտնել հավաքական, որը 11-րդ խաղում պայքարել է բասկետբոլային էլիտայում հայտնվելու համար: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն արդեն 20 տուրից ավելի է՝ մասնակցում է ընտրական մրցափուլերին և… Բացառությամբ երկու երեք դեպքերի Հայաստանի հավաքականը ուղղակի ձախողվել է՝ լինելով միավոր բաժանողի դերում: Բասկետբոլի հավաքականն առաջին փորձից մոտ է փայլուն հաջողություն գրանցելուն, և այդ հաջողությունը կախված է ընդամենը մեկ խաղից: Ընտրական այս փուլում Հայաստանի հավաքականի ելույթն ամեն դեպքում կարելի է հաջողված համարել: Քչերը կարող էին ենթադրել, որ ընտրական այս փուլում Հայաստանը երեք հաղթանակ կտանի, պարտության կմատնի Շվեդիայի պես բարձրակարգ հավաքականի: Ինչու չզարգացնել հաջողությունը եթե դրա համար կան բոլոր նախադրյալները: Սարաևոյում կայացած մրցավեճում Բոսնիա և Հերցեգովինան առավելության էր հասել 98:85 հաշվով: Եթե այս մրցավեճում մերոնց տուգանային նետումները ավելի դիպուկ լինեին, իսկ պարզագույն սխալները՝ ավելի քիչ, հնարավոր է՝ բոլորովին այլ արդյունք գրանցվեր: Երեկ էր ռևանշի հասնելու ժամանակը: Վաղվա Բոսնիայի ընտրանուն չի կարողանա օգնել Եվրոպայում ճանաչված մասնագետ Դուշկո Վույոչևիչը: Վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և բժիշկները թույլ չեն տվել նրան ժամանել Երևան: Վույոչևիչը տառապում է շաքարային դիաբետով: Երևանում Վույոչևիչի պարտականությունը կկատարի նրա առաջին օգնական Մենսուր Բայրամովիչը: Թեև Վույոչևիչը կառուցել է թիմը, այդուհանդերձ, խաղի ժամանակ նրա բացակայությունը կարելի է լուրջ կորուստ համարել: Նշենք, որ Բոսնիա և Հերցեգովինան համարվում է շատ ուժեղ բասկետբոլային երկիր, բայց վերջին տարիներին տարբեր պատճառներով չի կարողանում լավ արդյունքներ գրանցել ազգային հավաքականի մակարդակով: Այս երկրի պատանեկան հավաքականները, սակայն, Եվրոպայի առաջնություններում լուրջ հաջողությունների են հասնում: Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում է խաղում Եվրոպայի թերևս ամենատաղանդավոր բասկետբոլիստ՝ Զագրեբի «Ցեդևիտայի» ներկայացուցիչ 18-ամյա Ջանան Մուսան: Նա ուղղակի ֆանտաստիկ արդյունավետություն է ցույց տալիս և, մասնագետների համոզմամբ, մոտ ապագայում հանդես կգա NBA-ում: Եվրոպական մամուլի վկայությամբ՝ Մուսայի պես բասկետբոլիստ Եվրոպայում վաղուց չէր եղել: Ընթացիկ մրցափուլում և մասնավորապես Հայաստանի ազգային հավաքականի հետ մրցավեճում Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թիմը հաջողության հասավ հենց Մուսայի շնորհիվ: Հայաստանի հավաքականի հետ մրցավեճում Բոսնիայի առաջատարը վաստակել էր 28 միավոր: Նախընտրական առաջին 5 հանդիպումների կտրվածքով Մուսան մեկ խաղում միջինը վաստակել է 23.2 միավոր: Համեմատության համար նշենք, որ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականում արդյունավետությամբ երկրորդ տեղում գտնվող Ադին Վրաբաչը մեկ խաղում միջինը վաստակել է 9.4 միավոր: «Բոսնիա եւ Հերցեգովինան շատ լավ թիմ է ու տհաճ մրցակից: Մենք մեծ խնդիր ենք ունեցել նրանց երկրում խաղալիս: Վաղը մեզ համար հավելյալ ճնշում կլինի, քանի որ վերջին եւ որոշիչ խաղն է: Բոսնիացիները միջազգային ավելի մեծ փորձ ունեն, քան մենք: Բայց, մյուս կողմից մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը՝ մեր երկրպագուների աջակցությունը: Հույս ունեմ, որ մարզադահլիճը լեփ-լեցուն կլինի, որովհետեւ այս խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում: Բոսնիա եւ Հերցեգովինայի բասկետբոլիստ Ջանան Մուսան NBA-ի ապագա խաղացող է: Նախորդ հանդիպմանը նա մեզ համար շատ խնդիրներ էր ստեղծել: Ցավոք, Բոսնիայի գլխավոր մարզիչն առողջական խնդիրներ ունի եւ չի կարողացել գալ խաղին: Մենք վաղեմի գործընկերներ ենք, Վույոշեւիչը շատ լավ մարզիչ է: Կարծում եմ՝ նրա բացակայությունը կազդի թիմի մոտիվացիայի վրա: Բայց նա նախապես պատրաստել է իր թիմին» Եւ, մեր թիվ մեկ առաջադրանքներից է՝ կանգնեցնել այդ տաղանդին»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը: A ենթախմուբում 5-րդ տուրից հետո Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի և Շվեդիայի հավաքականներն ունեն 8-ական միավոր: Շվեդները երկու անգամ հաղթելով բոսնիացիներին և սեփական հարկի տակ խոշոր հաշվով մեր հավաքականին պարտության մատնելու շնորհիվ արդեն իսկ ապահովել են մասնակցությունը աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլում: Վաղը Շվեդիան սեփական հարկի տակ մրցելու է ենթախմբի ետնապահ Սլովակիայի հետ և նույնիսկ պարտության դեպքում կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը: Հայաստանի ազգային թիմն այս պահին երրորդն է: Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը տեղի կունենա նախկին «Միկա» մարզահամալիրում և կսկսվի ժամը 20:00-ին: Մուտքն ազատ է:

1in.am
18-08-2017 14:30