Մոուրինյոյի շրջադարձային որոշումը Մխիթարյանի և «Մանչեսթեր Յունայթեդի» համար

21-08-2017 00:53

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում: Մեր ֆուտբոլիստը 2 խաղում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ: Ի դեպ, առաջին երկու հանդիպումներում «Յունայթեդը» խփել է 8 գոլ: Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում «Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության էր հասել «Վեսթ Հեմի» նկատմամբ: Մի շարք մարզական պարբերականների վարկածով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ էր դարձել Հենրիխ Մխիթարյանը, ով կատարել էր 2 գոլային փոխանցում: Երկրորդ տուրում էլ Ժոզե Մոուրինյոյի թիմը հյուրընկալելիս 4:0 հաշվով հաղթել էր «Սուոնսիին»: Շատերը արդեն շտապում են պնդել, որ Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարը: Մեկնարկած մրցաշրջանում Մխիթարյանը խաղում է ոչ թե աջ կամ ձախ եզրերում՝ ինչպես նախորդ մրցաշրջանում, այլ ենթահարձակվողի կամ, ինչպես ընդունված է ասել, 10 համարի դիրքում: «Նախընտրում եմ խաղալ 10 համարի դիրքում, բայց մարզիչը կարծում է, որ ես թիմին ավելի շատ օգուտ եմ բերում՝ խաղալով եզրերում: Ամեն դեպքում հարգում եմ մարզչի կարծիքը: «Վեսթ-Հեմին» հաղթելը մեծ հաջողություն էր մեզ համար, քանզի հակառակորդը ուժեղ էր: Մրցաշրջանի սկիզբը հաջող էր, պետք է շարունակենք նույն կերպ»,- ասել էր Մխիթարյանը առաջին տուրից հետո։ Կարելի է ենթադրել, որ «Վեսթ Հեմի» դեմ ենթահարձակվողի դիրքում բավական հաջող խաղալուց հետո Մոուրինյոն մեր ֆուտբոլիստին 10 համարի դիրքում խաղալու հնարավորություն տվեց նաև «Սուոնսիի» հետ մրցավեճում: Նախորդ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ավագը ենթահարձակվողի դիրքում խաղացել էր ընդամենը մի քանի հանդիպումներում: Բնական է, Մխիթարյանն ունի բարձր արագություն, որը Մոուրինյոն փորձում էր օգտագործել աջ կամ ձախ եզրում: Նախորդ մրցաշրջանի համեմատ Մխիթարյանը բարելավել է գնդակ պահելու և մանյովրելու որակները: Վերջին երկու հանդիպումներում Մխիթարյանը արագություն զարգացնելով կենտրոնում՝ չէր շտապում բաժանվել գնդակից: Գնդակը երկար պահելու ժամանակ, մասնավորապես, հարձակողական ոճի մյուս ֆուտբոլիստները հասցնում էին դիրքավորվել: Նկատենք, որ գոլային 4 փոխանցումներից 2-ը Մխիթարյանը կատարել է կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուին: Սա խոսում է այն մասին, որ 4-2-3-1 խաղային դասավորությունը լիովին արդարացնում է իրեն: Արդարացնում է մասնավորապես Մխիթարյանի շնորհիվ, ով կատարելով մեծ ծավալի աշխատանք՝ նպաստում է գնդակի պաշտպանությունից հարձակում արագ տեղափոխվելուն: Կարծում ենք՝ նախորդ մրցաշրջանում Մխիթարյանին կենտրոնում խաղալու հնարավորություն տալու դեպքում թիմը ավելի բարձր արդյունքի կհասներ: Մխիթարյանը կենտրոնական հարձակվող Զլատան Իբրահիմովիչին խաղադաշտում փորձում էր գտնել աջ կամ ձախ եզրից: Եթե Մխիթարյանը խաղար Իբրահիմովիչի թիկունքում, կարծում ենք՝ հայտնի հարձակվողը դարպասը գրավելու ավելի շատ հնարավորություններ կունենար: Հիշենք, որ շատ դեպքերում Իբրահիմովիչը ուղղակի կտրվում էր խաղից՝ ստիպված լինելով միաժամանակ կատարել նաև ենթահարձակվողի պարտականությունը: Ինչևէ, մրցաշրջանի մեկնարկին Մոուրինյոյի որոշումը Մխիթարյանին 10 համարի դիրքում խաղացնելու վերաբերյալ կարծես թե շրջադարձային նշանակություն ունեցավ թե՛ թիմի և թե՛ հայ ֆուտբոլիստի համար: «Կարծում եմ՝ պետք չէ ժամանակից շուտ ոգևորվել: Ընդամենը երկու հանդիպում ենք անցկացրել, և խաղերի մեծ մասն առջևում է: Ուստի պետք է փորձել հաղթել ամեն խաղում, և վերջում կտեսնենք, թե որտեղ ենք հայտնվում: Ուրախ եմ, որ կարողացա երկու գոլային փոխանցում կատարել, ինձ ավելի շատ ուրախացնում են թիմի արդյունավետ գործողությունները, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է: Ուրախ ենք, որ Լուկակուն և Մատիչը խաղում են, հույս ունեմ, որ Լինդելյոֆը շուտով կսկսի օգնել մեզ»,- «Սուոնսիի» հետ հանդիպումից հետո ասել է Մխիթարյանը: Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի օգոստոսի 26-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Լեսթերի» հետ: Այս մրցավեճից հետո Մխիթարյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որը աշխարհի առաջնության ընտրական փուլում սեպտեմբերի 1-ին մրցելու է Ռումինիայի և սեպտեմբերի 4-ին՝ Դանիայի հավաքականի հետ:

1in.am
21-08-2017 00:53