Աշխարհում պատերազմ է ջրի համար, իսկ մենք մսխում ու աղտոտում ենք մեր ջուրը

Հայաստանում հանքերի ինտենսիվ շահագործմամբ պատմական սխալ է թույլ տրվում, ոչնչացվում են երկրի ջրային ռեսուրսները: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ահազանգում է երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը: Մասնագետն անդրադառնում է խնդրին, թե ինչո՞ւ է հանքարդյունաբերության մասնաբաժինը ՀՀ բյուջեում այդքան փոքր, ինչպե՞ս է վերահսկվում ոլորտը: «1990-ականների սկզբից խոսք էր գնում, որ մենք աղքատ երկիր ենք, նավթ ու գազ չունենք, բայց մենք ունեինք աշխարհի մոլիբդենի 6 տոկոսը Քաջարանում: Մենք այսօր էլ ունենք աշխարհի խոշոր ոսկու հանքերից մեկը՝ Սոթքը, տարբեր հանքավայրեր, որոնք խելամիտ ու բարեխիղճ օգտագործելու դեպքում երկիրը կարող էր շատ լուրջ եկամուտներ ունենալ: Բայց այսօր մենք ունենք հակառակ պատկերը՝ եկամուտները շատ կասկածելի են, էկոլոգիական վնասը՝ ահռելի բարձր: Մի կողմից այստեղ օրենսդրական դաշտի թուլությունն է, մյուս կողմից բարձիթողի իրավիճակը, քանի որ մեր հասարակությունում ինչ-որ խավ է ստեղծվել, որը կարող է ամեն ինչ անել օրենքից դուրս»,- ասում է Արմեն Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ շահագործվող և հետախուզվող հանքավայրերի էկոլոգիական ազդեցության վերաբերյալ լուրջ վերահսկողություն չի իրականացվում: Բոլոր թույլտվություններն ու փորձաքննությունները ձևական բնույթ են կրում: Ամենավառ օրինակը Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրն է: Այն, ըստ մասնագետի, օր առաջ պետք է կասեցվի: «Հենց սկսեցին Ամուլսարի շահագործումը, աղետն սկսվելու է: Այստեղ կան ահռելի մեծ ռիսկեր: Ամուլսարի շահագործումը սպառնում է մեր երկու կարևոր ջրային օբյեկտներին՝ Արփային և Որոտանին: Այդ ջրի վրա նստած է մեր գինեգործական արդյունաբերությունը: Եթե մենք աղտոտենք և թթվայնացնենք այդ գետերը, ապա վաղը դա կանդրադառնա խաղողագործության ու ընդհանրապես գյուղատնտեսության վրա»,- ասում է մասնագետը: Այս հանքավայրի շահագործումը վնաս է հասցնելու նաև քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար հյանդիսացող Սևանին: Ըստ Սաղաթելյանի՝ մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղից այն կողմ ջրի համար պատերազմներ են գնում: Նավթն ու գազը փոխարինելի ռեսուրսներ են, ջուրն անփոխարինելի է: «Այսօր ամբողջ աշխարհում ռազմավարություն մշակողներն ամբողջ շեշտը դնում են քաղցրահամ ջրերի տիրապետման խնդրի վրա, ով ունի քաղցրահամ ջուր, ինքը դառնում է աշխարհի տերը: Ջուրը սննդամթերք ստանալու կարևոր բաղադրիչն է: Իսկ մենք մեր ռեսուրսները շռայլում ենք, աղտոտում ենք մեր ջրերը: Այս իրավիճակն է, որովհետև ոլորտում շատ բարձր են կոռուպցիոն ռիսկերը, երկրորդ, չկա քաղաքական կամք՝ ռեսուրսները ծառայեցնելու ազգին և երկրին: Այսօր երկրի ռեսուրսները մի խումբ մարդկանց են ծառայում»,- հավելում է նա: ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մասնագետների հետազոտությունները ցույց են տալիս, որ այն վայրերում, որտեղ հանքարդյունաբերական գործունեություն է ծավալվում, առաջին հերթին աղտոտվում են փոքր գետերը: Իսկ փոքր գետերը հիմնական ռեսուրսն են, որոնցով գյուղացիները ոռոգում են իրենց հողերը: Ըստ մասնագետի՝ աղտոտված ջուրն իր հերթին բերում է հողի աղտոտմանը: Եվ եթե նույնիսկ վաղը վերացնենք ջրի աղտոտման աղբյուրը, ապա հողի՝ մանավանդ ծանր մետաղներով աղտոտումը կարող է տևել տասնյակ և հարյուր տարիներ, քանի որ բնությունը ծանր մետաղներից ինքնամաքրման մեխանզիմներ չունի: Այստեղից ծագում է երրորդ խնդիրը, որ աղտոտված հողերի վրա ստանալու ենք աղտոտված սննդամթերք: «Մենք այդ երևույթը մեր մի շարք հանքարդյունաբերական շրջաններում՝ Սյունիքում ու Լոռիում ունենք: Իսկ ծանր մետաղներն ազդում են գենոֆոնդի վրա, քաղցկեղածին են և այլն: Այսինքն՝ այն կորուստները, որոնք ունենում է հասարակությունը, համադրելի չեն այն կասկածելի օգուտների հետ, որոնք այսօր անվերահսկելի գործունեության շրջանակներում տալիս է հանքարդյունաբերությունը», ասում է մասնագետը: Եթե այսպես շարունակվի, Արմեն Սաղաթելյանի խոսքով, աղետ է սպասվում երկրին: Նա կառավարությանը կոչ է անում սթափվել, առաջին հերթին խստացնել օրենսդրական դաշտը: Ըստ նրա՝ պատահական չէ, որ բազմաթիվ միջազգային ընկերություններ այսօր ձգտում են հենց Հայաստանում ունենալ հանքավայրեր, քանի որ կորզում են օգուտները, բայց չեն հատուցում պատճառած էկոլոգիական վնասը: «Մեր օրենսդրությամբ մենք այսօր նորմալ չենք հաշվարկում՝ իսկ ինչ արժե լանդշաֆտը, ինչ արժե քաղցրահամ ջուրը և այլն: Այսինքն՝ մի կողմից պետք է լուրջ աշխատանք տանել օրենսդրական դաշտում, մյուս կողմից պետք է իրականացվի ոչ թե մեկ, այլ երկու աստիճան վերահսկողություն բոլոր գործող հանքավայրերի արտանետումների վրա: Եվ ընդհանրապես պետք է վերանայել՝ մեզ պետք է այսօր այսքան հանքավայր շահագործել, թե ոչ: Մենք պետք է մեր ջրային ռեսուրսներով սկսենք սննդամթերք արտադրել», հավելեց նա: Մանրամասները տեսանյութում

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
22-08-2017 19:10