Հինգ օրվա ընթացքում կարող ենք վերսկսել ուրանի 20 տոկոսանոց հարստացումը․ զգուշացնում է Իրանը

23-08-2017 00:36

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին օգոստոսի 22-ին Իրանի պետական հեռուստաալիքով հայտարարել է, որ իր երկիրը կարող է հինգ օրվա ընթացքում ուրանի հարստացման աշխատանքները վերսկսել մինչև այն մակարդակ, ինչը բավարար կլինի ռազմական կարիքների համար: Այդ մասին Իրանի մայրաքաղաքից հայտնում է Associated Press-ը: «Եթե մենք համապատասխան որոշում ընդունենք, ապա կկարողանանք մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը վերսկսել առավելագույնը հինգ օրվա ընթացքում»,- հայտնել է Սալեհին: Այս հայտարարությունը նա արել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների լարվածության նոր ալիքի ֆոնին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է օգոստոսի սկզբին Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների խստացման հրամանագրի ստորագրմանը, որը տարածվում է նաև Իրանի վրա: Իսկ մինչ այդ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ «եթե ԱՄՆ-ը ցանկանում է վերականգնել նախկինում գործող պատժամիջոցները, ապա Իրանը մի քանի օրում կկարողանա վերսկսել մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը»։

1in.am
23-08-2017 00:36