«Ապ ջան, Արսենին կանչել ես, որ ի՞նչ անես». Ո՞ւմ և ի՞նչ է ապացուցում Արթուր Պետրոսյանը

23-08-2017 13:06

Երեկ հայտնի դարձավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջնական կազմը, որը կնախապատրաստվի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիայի և Դանիայի հետ հանդիպումներին: Արթուր Պետրոսյանի հրապարակած ցուցակը ոչ միանշանակ արձագանք է գտել: Ոմանք կարծում են՝ «Շտուտգարտի» կիսապաշտպան Հայկ Գալստյանն ու «Ժիլինայի» հարձակվող Վահան Բիչախչյանը արժանի էին լինելու Պետրոսյանի ցուցակին: Այս երկու ֆուտբոլիստները հրավիրվել են Հայաստանի երիտասարդական հավաքական, որը մրցելու է Ռուսաստանի և Մակեդոնիայի հավաքականների հետ: Պետրոսյանի՝ Յուրա Մովսիսյանին կրկին անգամ չհրավիրելը, կարծում ենք, սովորական երևույթ է: Այսօր դժվար Հայաստանում գտնվի մի մարզիչ, ով «դուխ կունենա» ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կամքին հակառակ որոշում կայացնել: Առաջիկա հանդիպումներին Արթուր Պետրոսյանը հավաքական է հրավիրել Երևանի «Փյունիկի» դարպասապահ Գոռ Մանուկյանին: Միանգամայն ճիշտ քայլ: Մանուկյանը ունի դարպասապահին հատուկ ֆիզիկական տվյալներ և բավական հաջող խաղ ցուցադրեց Հայաստանի առաջնության երրորդ տուրի «Արարատի» հետ մրցավեճում: Պետրոսյանը հրավիրել է նաև «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովին, ով ևս կայուն խաղ է ցուցադրում վերջին շրջանում: Այվազովին կրկին հավաքական հրավիրելը ևս ողջունելի և դրական քայլ է մեր մարզչի կողմից: Եվ ընդհանրապես, Արթուր Պետրոսյանը պրոֆեսիոնալ մարզիչ է, բարձրակարգ մասնագետ, և հուսանք, որ հրավիրված ֆուտբոլիստները բարձր կպահեն մեր երկրի պատիվը: Անհասկանալի և աբսուրդային կարելի է համարել Պետրոսյանի կողմից թերևս «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանին կրկին հավաքական հրավիրելը: Վստահաբար կարող ենք ասել, որ այս երիտասարդը Հայաստանի ամենավատ դարպասապահն է այս պահին: Չենք կասկածում, որ Բեգլարյանն ունի բարձր մարդկային որակներ, ազնիվ և բարի անձնավորություն է, բայց նրա խաղը վերջին շրջանում ուղղակի հունից հանում է հազարավոր ֆուտբոլասերների: Նրա խայտառակ ելույթների պատճառով «Ալաշկերտը» ստիպված եղավ պայմանագիր կնքել մակեդոնացի դարպասապահ Դարկո Տոֆիլոսկիի հետ: «Այնպիսի սխալներ թույլ տվեցինք, որոնք անթույլատրելի էին: Առաջին անգամից հետո հասկանալի է, սակայն երկրորդ, երրորդ… Դա արդեն դարձել է օրինաչափություն: Որքան էլ թիմը լավ ֆուտբոլ խաղա, միևնույն է՝ սխալի պատճառով կարող է փոխվել խաղի ընթացքը»,- Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի երրորդ տուրի «Բանանցի» հետ հանդիպումից հետո ասել էր «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ նշելով որ սխալներ թույլ տված ֆուտբոլիստների փոխարեն թիմը կհամալրվի նոր ֆուտբոլիստներով: Այս խաղում Բեգլարյանի «շնորհիվ» «Ալաշկերտը» զրկվեց 3 միավորից, և հանդիպումն ավարտվեց 2:2: Առաջին տուրում էլ Բեգլարյանի ջանքերով «Ալաշկերտը» Գյումրիում 2:1 հաշվով զիջել էր «Շիրակին»: Բեգլարյանի՝ ազգային հավաքականում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում գործած շեդևրների մասին բազմիցս ենք խոսել: Մի՞թե այսքանից հետո կարելի է նման դարպասապահին հրավիրել ազգային հավաքական: Հավանական է, որ Ռումինիայի և Դանիայի հետ հանդիպումներին Պետրոսյանը դարպասը վստահի Մանուկյանին կամ Այվազովին, բայց, միևնույն է, Բեգլարյանը չպետք է լիներ հավաքականի ցուցակում: ՀՀ առաջնության վերջին երեք տուրերում Բեգլարյանից մի քանի անգամ ավելի լավ է խաղում «Արարատի» դարպասապահ Արսեն Պետրոսյանը: Որպես ռեզերվային դարպասապահ՝ կարելի էր հրավիրել հենց նրան: Ո՞ւմ և ի՞նչ է ուզում ապացուցել Պետրոսյանը՝ հրավիրելով Բեգլարյանին՝ դժվար է ասել: Շատերը այն կարծիքին են, որ Բեգլարյանի «մեջքը» ՀՖՖ նախագահն է, և այդ պատճառով է «տաղանդաշատ» այս երիտասարդը մշտապես խաղում: Իրականում անհասկանալի և անբացատրելի մի երևույթ, որը ծաղրի առարկա է դարձնում մեր ֆուտբոլը և քայքայում հազարավոր երկրպագուների նյարդերը: Որպեսզի Բեգլարյան դարպասապահի որակների մասին պատկերացումն ավելի պատկերավոր լինի, ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի պատրաստած տեսանյութը 2016 թվականի նոյեմբերից Բեգլարյանի գործած «գլուխգործոցների» վերաբերյալ: Տեսանյութը դիտելուց հետո մնում է միայն մեր հավաքականի գյումրեցի մարզչին հարցնել. «Ապ ջան, Արսենին կանչել ես, որ ի՞նչ անես»:

1in.am
23-08-2017 13:06