Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետի մերձավորները մի խումբ երիտասարդների դաժան ծեծի են ենթարկել. Armtimes.com

23-08-2017 14:38

Armtimes.com–ի տեղեկություններով, նախորդ շաբաթ ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքի հրապարակում: Անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, և վերջինիս Գոռ անունով սանիկը օգոստոսի 18-ին 5-6 ավտոմեքենայով, դանակներով և մահակներով զինված՝ ծեծի են ենթարկել մի խումբ անձանց: Դեպքը տեղի է ունեցել Մասիս քաղաքի հրապարակի սրճարաններից մեկում, երեկոյան: Նախ՝ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով քաղաքապետի մերձավորները վիճաբանող մյուս կողմին հասցրել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:«Դանակահարել են մի քանիսին, մյուսները գլխի շրջանում ծանր վնասվածքներ են ստացել»,- փոխանցեց աղբյուրը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից armtimes.com-ի հարցին ի պատասխան ասացին, որ օգոստոսի 19-ին տեղեկություններ են ստացել, որ նախորդ օրը՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Մասիսի կենտրոնական հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել: Ոստիկանության լրատվականից հայտնեցին նաև, որ հետաքննություն է կատարվում: «Ըստ տեղեկությունների, վիճաբանության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, պատճառելով վնասվածքներ, նյութեր են նախապատրաստվում»,- փոխանցեցին ոստիկանությունից՝ նշելով, որ հիվանդանոցներից դեպքի վերաբերյալ ահազանգեր չեն ստացել: Ոստիկանությանը հայտնի է վիճաբանողներից երկուսի տվյալները: Armtimes.com-ին տեղեկություններով, քաղաքապետի եղբորն այժմ ամեն կերպ փորձում են այս պատմությունից մաքուր հանել: Միջադեպի վերաբերյալ փորձեցինք զրուցել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ:  «Ինձ համար զարմանալի է ընդհանրապես, թե իմ եղբոր անունն ընդհանրապես ինչու են մտցրել այս հարցի մեջ: Ես լրատվամիջոցնեերից եմ տեղեկացել, որ ինչ-որ դեպք է եղել քաղաքում, ոստիկանությունն էլ ոնց որ թե զբաղվում է: Ինձ հետաքրքիր է, թե իմ եղբոր անունն ինչու են կապում այդ միջադեպի հետ: Ես կարծում եմ, որ սրանք ուղղված քայլեր են իմ անունը կեղտոտելու հետ կապված»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ նշելով, որ խոսել է իր եղբոր հետ, որն ասել է, որ որևէ կապ չունի այդ միջադեպի հետ:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

1in.am
23-08-2017 14:38