Պետք չէ ննջել «Իսկանդեր»-ի «դափնու» վրա. Պուտին-Սարգսյան հանդիպման հետքով

24-08-2017 10:53

Նախօրեին Սոչիում ավարտված Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգի վերաբերյալ հանրությունը կարող էր միայն դատողություններ ու ենթադրություններ անել, քանի որ օրակարգ որպես այդպիսին չներկայացվեց թե՛ հանդիպումից առաջ, թե՛ դրանից հետո: Ամեն ինչ ավարտվեց քննարկվող հարցերի ընդհանուր նկարագրություններով, որոնք գործնականում նույնն են բոլոր հանդիպումների համար: Այնուհանդերձ, չնայած ենթադրությունների հենքին, գրեթե ոչ մեկի մոտ կասկած չկար, որ քննարկվող հարցերից մեկը լինելու էր ղարաբաղյան խնդրում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպումը: Այդ հանդիպման նախապատրաստության մասին Մինսկի խմբի համանախագահներն ազդարարեցին արտգործախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հուլիսին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով: Հայտարարվեց նաև, որ ավելի կոնկրետ քննարկում կլինի Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, սեպտեմբերին: Ավելին, ՌԴ արտգործնախարարության խոսնակ Զախարովան օրերս հայտարարեց, որ այդ հանդիպմանը կլինի Սարգսյան-Ալիև հանդիպման մասին հայտարարություն: Ավելի վաղ, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդը հայտարարել էր, որ եկել է հրադադարն ամրապնդելու ուղղությամբ ավելի ակտիվ քայլերի ժամանակը և առաջիկայում կլինեն քայլեր: Թե հատկապես ինչ քայլերի մասին էր խոսում ամերիկացի համանախագահը, նույնպես առայժմ մնում է ենթադրել, թեև այստեղ իհարկե շատ մեծ է հավանականությունը, որ խոսքը Վիեննայի հայտնի օրակարգն առաջ մղելու, այսինքն՝ հրադադարի պահպանման մեխանիզմներ հաստատելու մասին է: Հոգլանդը նաև հայտարարել էր, որ աշխատում են Ռուսաստանի հետ: Մեխանիզմներին դեմ է հանդես գալիս Բաքուն, հայտարարելով, որ դա այլ բան չէ, քան ստատուս-քվոյի ամրագրում: Եվ Բաքուն իհարկե իրավացի է, դա հենց ստատուս-քվոյի ամրագրում է, որովհետև համանախագահներն ակնհայտորեն եկել են եզրակացության, և նրանց այդ հարցում ապրիլյան իր արկածախնդրությամբ ու տապալումով օգնել է Ադրբեջանը, որ կայունությունն ու անվտանգությունը պահելու ավելի հուսալի ճանապարհ, քան ստատուս-քվոյի ամրագրումն է, գոյություն չունի: Սակայն այստեղ Ադրբեջանի խնդիրը չէ, որ առկա է, դիմադրության առումով: Խնդիրն այն է, որ այդ ամրագրումը չի բխում Ռուսաստանի շահերից, որովհետև Ռուսաստանը ցանկանում է ստատուս-քվոն պահել այսպես ասած անձամբ, բայց ոչ թե մեխանիզմներով, այլ իր զինված ուժերով՝ խաղաղապահների անվան տակ: Կլինի դա հայ-ադրբեջանական համաձայնությամբ, թե Հայաստանի ու Ադրբեջանի բախումով և Հայաստանի պարտությամբ՝ որպեսզի ռուսական կողմից օգնությունը դառնա անխուսափելի, Մոսկվայի համար սկզբունքային հարց չէ: Սկզբունքայինը թույլ չտալն է, որ ստատուս-քվոն ամրապնդվի միջազգային մեխանիզմով, այսինքն՝ ըստ էության տեղի ունենա դրա միջազգային ճանաչում և չեզոքացվի Ռուսաստանի վերահսկող, վերակացուի դերը կոնֆլիկտի կողմերի վրա: Ահա այս առնչությամբ է թերևս, որ ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ, այսինքն՝ Մոսկվայի այս հավակնությունը չեզոքացնելու և ի վերջո հակամարտության հարցում հրադադարի և կայունության ամրապնդման գործում կոնստրուկտիվ վարքագծի դաշտ բերելուն: Ինչ որ իմաստով, Ռուսաստանն Ապրիլյան պատերազմից հետո եկել է այդպիսի դաշտ, կամ նվազագույնը դադարի դաշտ, թեև շարունակում է սպառազինել Բաքվին, ինչը վկայում է, որ, այդուհանդերձ, այդ նահանջը կամ դադարը խիստ ժամանակավոր է: Այդ տեսանկյունից, Պուտինը Սերժ Սարգսյանից կարող էր ակնկալել ոչ շատ ակտիվություն հրադադարի պահպանման մեխանիզմների, այսինքն՝ Վիեննայի օրակարգի հարցում: Չի բացառվում նույնիսկ խոստանալով, որ Ռուսաստանն այլևս թույլ չի տա Ադրբեջանին գնալ նման արկածախնդրության, ինչպես ապրիլին: Սերժ Սարգսյանը մի քանի անգամ խոստովանել է, որ Ռուսաստանն ապրիլից առաջ էլ տվել է նման խոստումներ: Ըստ այդմ՝ Սարգսյանը պետք է լավ իմանա նման խոստումների գինը: Պետք չէ խաբվել «Իսկանդեր»-ով, առավել ևս, երբ Ադրբեջանը կարող է դառնալ ռուսական նորագույն ՀՕՊ համակարգի՝ C 500-ի գնորդ: Անհրաժեշտ է օգտվել Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի բացած քաղաքական ահռելի տարածությունից, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, և դնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ինստիտուցիոնալ վերափոխումների հարցեր:

1in.am
24-08-2017 10:53