Ադրբեջանն ուժեղ «Ղարաբաղ» ունի. իսկ ի՞նչ ունենք մենք

24-08-2017 15:00

Ադրբեջանում տոն է: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության փյել-օֆում «Ղարաբաղը» հաղթահարեց դանիական «Կոպենհագենի» արգելքը և դուրս եկավ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլ: Ողջ գիշեր հարևան երկրի մայրաքաղաքի փողոցներում տասնյակ հազարավոր երկրպագուներ տոնել են պատմական հաջողությունը: Բաքվում կայացած առաջին խաղում «Ղարաբաղը» «Կոպենհագենին» հաղթել էր 1:0 հաշվով, իսկ երեկ ադրբեջանական թիմը հյուրընկալվելիս պարտվեց 2:1 հաշվով: Շնորհիվ մրցակից դաշտում խփած գոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայտնվեց հենց «Ղարաբաղը»: Տարիների ընթացքում տարված հետևողական աշխատանքը տվեց իր արդյունքը: Ու մինչ մենք հաշվելով, թե Չեմպիոնների լիգային խաղարկությունում քանի հայ ֆուտբոլիստ է խաղում, ադրբեջանցիները Չեմպիոնների լիգայում ունեցան «Ղարաբաղ»: Իսկ մենք… Տարիներ շարունակ մենք մխիթարվում ենք, որ Ադրբեջանը, իր ժողովրդին սոված պահելով ու թանկարժեք ֆուտբոլիստներ հրավիրելով, «առաջ է բրթում» «Ղարաբաղին», Բաքվում Ֆորմուլա-1 անցկացնում և այլն, և այլն: Մխիթարվողներին ուզում ենք հայտնել, որ «Ղարաբաղը» վաղուց արդեն Ադրբեջանի ֆուտբոլային բրենդն է: «Ղարաբաղի» հիմնական թիմում ընդգրկված են 15 ադրբեջանցի ֆուտբոլիստներ և 7 լեգեոներներ: Սա խոսում է այն մասին, որ հարևան երկրում ի հայտ են գալիս բարձրակարգ և հեռանկարային ֆուտբոլիստներ: Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլում մրցելու է Նորվեգիայի ընտրանու հետ: Հարևան երկրի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին այդ հանդիպմանը «Ղարաբաղից» հրավիրել է 9 ֆուտբոլիստների: Այս թիմի միջազգային հանդիպումներին 31 հազար նստատեղ ունեցող Թոֆիկ Բայրամովի անվան մարզադաշտում ասեղ գցելու տեղ չկա, իսկ սև շուկայում տոմսերը վաճառում են մինչև 200 դոլարով: Ադրբեջանում ապրում են ֆուտբոլով, ապրում են «Ղարաբաղով»: Այս թիմը երկու անգամ մասնակցել է Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլին, իսկ այս տարի արդեն հայտնվեց եվրոպական ֆուտբոլի էլիտայում: Ցավալի է, որ չունենք «Ղարաբաղի» մակարդակի թիմ: Չունենք, որովհետև ուժեղ թիմ ուզում են ունենալ միայն երկրպագուները: Երկրպագուները այսօր երկրպագում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, քանզի այս թիմում է Հենրիխ Մխիթարյանը: Մինչ այդ երկրպագում էինք Դորտմունդի «Բորուսիային», Դոնեցկի «Շախտյորին», Դոնեցկի «Մետալուրգին»: Այս թիմերում ժամանակին փայլել է Մխիթարյանը: Վերջին տարիների հայկական ֆուտբոլի ու ընդհանրապես մեր իրականության միակ լուսավոր կողմը հենց Հենրիխ Մխիթարյանն է: Այդ մասին դեռևս անցյալ տարի փաստել էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է»,- ասել է Տեր-Պետրոսյանը: Բոլորովին վերջերս Երևանում ստեղծվեց «Արցախ» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Հայաստանի առաջին խմբի առաջնությունում: Կտեսնե՞նք մի օր «Արցախը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Կտեսնենք, եթե թիմին աջակցեն ոչ միայն երկրպագուները: Մեր երկրում այսպես թե այնպես ժողովրդին սոված են պահում, և կարծում ենք՝ շատերը դեմ չէին լինի, որ բնակչությունից կորզած փողերով գոնե ուժեղ «Արցախ» ունենայինք, որը ֆուտբոլային տոն կպարգևեր հուսալքված և հիասթափված երկրպագուներին: Ակումբային ֆուտբոլ այսօր ըստ էության չունենք: 6 թիմերից բաղկացած առաջնությունը ոչ այլ ինչ է, քան ֆուտբոլային մրցաշարի «տնազ:» Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկությունում Երևանի «Ալաշկերտը» մոտ էր որակավորման երրորդ փուլ դուրս գալու: Մոտ էր, բայց պարտվեց Բելառուսի չեմպիոն «ԲԱՏԷ»-ին: Այսօր «Ալաշկերտը» համարվում է Հայաստանի ամենաուժեղ ակումբը: Այս թիմի 4 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիայի և Դանիայի հավաքականների հետ հանդիպումներին: Այցելելով «Ալաշկերտի» 3-րդ մասում գտնվող մարզադաշտ, սակայն, մարդու լաց է գալիս: Գտնվելով մարզադաշտում՝ համոզվում ես, որ առաջիկա 10 տարիներին «Ղարաբաղ» հաստատ չենք ունենա:

1in.am
24-08-2017 15:00