Ռուբեն Հայրապետյանը զրկել է Ձեր կողքին լինելու հնարավորությունից․ երկրպագուների բաց նամակը Հենրիխ Մխիթարյանին

26-08-2017 14:28

Օգոստոսի 7-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վաճառքի է հանել սեպտեմբերի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը: Արդեն մի քանի տարի է մեր ազգային հավաքականի մասնակցությամբ պաշտոնական հանդիպման տոմսերն արժեն 4-10 հազար դրամ: Տխրահռչակ ՀՖՖ-ն հետևողական աշխատանքներ է տանում, որպեսզի երկրպագուն հեռու լինի ազգային թիմից և ֆուտբոլից: Բողոքի տարատեսական դրսևորումերը, քննադատությունները, դժգոհությունը որևէ ազդեցություն չեն ունենում ֆուտբոլային չինովնիկների վրա: Հայրապետյան Ռուբենը, այսպես ասած, պրինցիպի է ընկել և չի ցանկանում փոխզիջման գնալ՝ բռի մեջ պահելով թե՛ ազգային հավաքականը և թե՛ հայկական ֆուտբոլը: Դեռևս մարտին, ֆուտբոլասերների մի խումբ «Առաջին լրատվական»-ի միջոցով բաց նամակ էր հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: «Պարոն նախագահ, ցավոք սրտի, մենք և հազարավոր այլ երկրպագուներ մեր տղաներին աջակցելու և Հենրիխ Մխիթարյանի խաղով հիանալու հնարավորություն չունենք: Չունենք, քանզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աննորմալ գներ է սահմանել տոմսերի համար: Հայաստանի հավաքականն այսօր աջակցության մեծ կարիք ունի, սակայն ֆուտբոլի չինովնիկների թեթև ձեռքով մեր թիմի երևանյան հանդիպումներն անցնում են կիսադատարկ տրիբունաների պայմաններում: Այնպիսի տպավորություն է, կարծես, Հայաստանի հավաքականը Ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունն է: Հայաստանի հավաքականը Ձերն է, մերն է և բոլոր հայերինը»,- մասնավորապես գրված էր նամակում: Թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ պետական այլ գործիչներ որևէ կերպ չարձագանքեցին երկրպագուների խնդրանքին: Հուսահատ երկրպագուները խնդրին միջամտելու խնդրանքով այս անգամ դիմել են Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: «Սիրելի Հենրիխ Մխիթարյան: Դուք մեր ֆուտբոլի պարծանքն եք, մեր հպարտությունը: Ձեր մասնակցությամբ հանդիպումներին հետևում են միլիոնավոր ֆուտբոլասերներ: Ձեր հայրենիքում, սակայն, ֆուտբոլի երկրպագուները զրկված են Ձեր խաղով հիանալու հնարավորությունից: Զրկողը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Բացի այն, որ նա քանդում է հայկական ֆուտբոլը, ստորաբար թույլ չի տալիս, որպեսզի մարդիկ այցելեն մարզադաշտ և լինեն իրենց սիրելի հավաքականի կողքին, աջակցեն ֆուտբոլիստներին: Այսպես շարունակվել այևս չի կարող: Հազարավոր երկրպագուներ հնարավորություն չունեն 5-10 հազար դրամ վճարել խաղին ներկա գտնվելու համար: Որպես Հայաստանի ազգային հավաքականի ավագ, խնդրում ենք միջամտել խնդրին՝ հնարավորություն տալով հայ երկրպագուին լինել Ձեր և Ձեր խաղընկերների կողքին»,- ասված է բաց նամակում: Խնդիրն իսկապես ահագնացող է և ցավալի: Կարծում էինք՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները վաղուց պետք է արձագանքեին խնդրին, քանզի 12-րդ խաղացողը՝ երկրպագուն, կարող է նպաստել հաջող մրցելույթներին: Շատերը կհակադարձեն, որ թանկ տոմսերի խնդիրն ամենևին չի վերաբերվում ֆուտբոլիստներին: Գուցեև չի վերաբերվում: Բայց իրավիճակն այժմ այնպիսին է, որ ազգային թիմի խաղացողներն ուղղակի պետք է աջակցեն իրենց երկրպագուներին: Մեր հավաքականը ծանր օրեր է ապրում: Կադրային լուրջ խնդիրներ կան, որոնք շատ շուտով էլ ավելի կխորանան: Երկրպագուին վերջնականապես կորցնելու դեպքում Հայաստանի հավաքականը, ըստ էության, կդառնա շարքային մի թիմ: Պատկերացնում եք՝ եթե սեպտեմբերի 1-ին Բուխարեստում մերոնք պարտվեն Ռումինիայի հավաքականին: Սեպտեմբերի 4-ին «Հանրապետականը» ոչ թե կիսադատարկ, այլ դատարկ կլինի: Այսօր դեռևս կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել Հայաստանի հավաքականին: Նրանք հույս ունեն, որ Հենրիխ Մխիթարյանը կօգնի իրենց՝ միևնույն ժամանակ օգնելով նաև իր ազգային թիմին: Հ.Գ․ Սեպտեմբերի 1-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ռումինիա-Հայաստան հանդիպման տոմսերն արժեն 15-40 ռումինական լեյ կամ 1800-4000 ՀՀ դրամ:

1in.am
26-08-2017 14:28