Ինչպես խաղալ կոկաինն ու քաղցկեղը հաղթահարած մասնագետի դեմ. Ռումինիայի ուժեղ և թույլ կողմերը

29-08-2017 14:44

Սեպտեմբերի 1-ին Բուխարեստում կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի Ռումինիա-Հայաստան հանդիպումը: Թե հայերը և թե ռումինացիները տեսական հնարավորություններ են պահպանում աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու, և առաջիկա հանդիպումը մրցաշարային տեսանկյունից ավելի քան կարևոր է: Ընթացիկ ընտրական փուլում 6-րդ տուրից հետո Ռումինիան ընդամենը մեկ հաղթանակ է տարել՝ 2016 թվականի հոկտեմբերին Երևանում 5:0 հաշվով առավելության հասնելով Հայաստանի հավաքականի նկատմամբ: Ռումինիան ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել Մոնտենեգրոյի և 0:0՝ Դանիայի և Ղազախստանի ազգային թիմերի հետ: Մեր առաջիկա մրցակիցը երկու անգամ պարտվել է Լեհաստանին՝ սեփական հարկի տակ՝ 0:3 և հյուրընկալվելիս՝ 3:1 հաշվով: Ռումինիայի հավաքականը գլխավորում է հայտնի և ինչ-որ տեղ սկանդալային մասնագետ գերմանացի Քրիստոֆ Դաումը: Վերջինս 2000 թվականին փայլուն կերպով աշխատում էր Լևերկուզենի «Բայերում» և պատրաստվում էր գլխավորել նաև Գերմանիայի ազգային հավաքականը: Դաումին ուղղակի հեռացրին «Բայերից», և հօդս ցնդեց Գերմանիան գլխավորելու հեռանկարը, երբ հայտնի դարձավ, որ մարզիչը կոկաին է օգտագործում: Դաումը հերքում էր, բայց անալիզը դրական պատասխան էր ցույց տվել, որից հետո հայտնի մասնագետը տուգանվել էր 10 հազար եվրոյով: Ավելի ուշ Դաումը խոստովանել էր, որ օգտագործել է կոկաին՝ միևնույն ժամանակ պնդելով, որ հաղթահարել է թմրադեղից ունեցած կախվածությունը: 2011 թվականին էլ Դաումի մոտ մաշկի քաղցկեղ էր հայտնաբերվել, սակայն մի քանի վիրահատության ենթարկվելով՝ նա հայտարարել էր, որ ծանր հիվանդությունը ևս հաղթահարված է: Դաումը Ռումինիայի հավաքականը գլխավորել է 2016 թվականի հուլիսից: Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակը Դաումի համար առաջինն է եղել պաշտոնական մրցավեճերում որպես Ռումինիայի մարզիչ: Երևանյան խաղում արդեն հանդիպման 3-րդ րոպեին հենակետային կիսապաշտպանի դիրքում խաղացող Գոռ Մալաքյանը հեռացվեց դաշտից, և 11 մետրանոց հարվածով հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: Մյուս բոլոր 4 գոլերը, ի դեպ, ռումինացիները խփեցին՝ գրոհելով դաշտի կենտրոնով: Սա կարելի է մաքուր մարզչական նվաճում որակել: Դաումը, գիտակցելով, որ Հայաստանի հավաքականի կենտրոնը Մալաքյանի հեռացումից հետո էլ ավելի թուլացավ, ողջ ուժը կենտրոնացրեց խաղային այս դիրքի վրա: Սա խոսում է այն մասին, որ Դաումի մոտ հատկապես հաջող է ստացվում ընտրել ճիշտ թիրախային գոտիներ: Այսօր Հայաստանի հավաքականի ամենաթույլ կողմը դարպասապահն է: Ավելի ստույգ՝ մեր առաջիկա մրցակիցներից բոլորը գիտեն, որ Բեգլարյանը դարպասապահ չէ, և փորձելու են հաջողության հասնել՝ օգտագործելով այդ հանգամանքը: Ուստի Ռումինիայի դեմ հաջող խաղալու առաջին և գլխավոր նախապայմանը պետք է լինի Բեգլարյանին խաղադաշտ դուրս չբերելը: Կարծում ենք՝ ժամանակն է, որ մեր հավաքականի դարպասը վստահվի Գրիգոր Մելիքսեթյանին, ով փորձառու է և վերջին շրջանում լավ տպավորություն է թողել: Ռումինիայի հետ հաջող խաղալու երկրորդ գործոնը ուժեղ կենտրոն ունենալն է: Կարծում ենք՝ Արտակ Գրիգորյանը ունի բավարար մարզավիճակ Ռումինիայի դեմ հենակետայինի դիրքում խաղալու: Չի բացառվում, որ Դաումը, հաշվի առնելով առաջին հանդիպումը, ուժերը կենտրոնացնի կենտրոնի վրա: Մոնտենեգրոյի դեմ Հայաստանը խաղաց մեկ հենակետային կիսապաշտպանով: Կարծում ենք՝ ակնհայտ էր, որ ռիսկային այս քայլը ոչ միայն չարդարացրեց իրեն, այլև պարտության պատճառներից մեկը հանդիսացավ: Հետևություններ անելով՝ հուսով ենք, որ Արթուր Պետրոսյանը Ռումինիայի դեմ կպայքարի երկու հենակետային կիսապաշտպանով: Գրիգորյանի հետ կարող է խաղալ թե Մխիթարյանը և թե Գոռ Մալաքյանը: Ունենալով ուժեղ կիսապաշտպանություն՝ Ռումինիայի հավաքականը խնդիրներ ունի հատկապես պաշտպանությունում: Լեհաստանի հետ հանդիպումները դիտելով՝ հասկանում ենք, որ սուր և սլացիկ գրոհների ժամանակ ռումինական պաշտպանությունն ուղղակի քանդվում է: Ի դեմս Տիգրան Բարսեղյանի՝ այսօր մեր հավաքականում կա արագ հարձակողական ոճի կիսապաշտպան: Չմոռանանք նաև Մխիթարյանին և Օզբիլիսին: Վերջինս խաղային պրակտիկայի և ֆունկցիոնալ պատրաստվածության հետ կապված խնդիրներ ունի, սակայն մեկ խաղակես կարող է անհանգստացնել մրցակցին: 4-2-3-1 մարտավարությունը տարբերակներից մեկն է Ռումինիայի դեմ պայքարելու և հաջողության հասնելու: Այս սխեմայով խաղալիս մեր հավաքականի մեկնարկային կազմը խիստ մոտավոր կարող է այսպիսի տեսք ունենալ: Դարպասում՝ Մելիքսեթյան, պաշտպանությունում ձախից՝ Համբարձումյան, կենտրոնում՝ Հարոյան, Անդոնյան, և աջ եզրում՝ Ոսկանյան: Հենակետային գոտում՝ Գրիգորյան, Մխիթարյան, իսկ ենթահարձակվողի դիրքում՝ Պիզելի: Կիսապաշտպանության եզրերում՝ Բարսեղյան, Օզբիլիս (կամ Կամո Հովհաննիսյան), իսկ որպես նոմինալ հարձակվող՝ Ռուսլան Կորյան:

1in.am
29-08-2017 14:44