Ձկնորսական փայտը կմտցնենք մարզչի հետույքը, եթե հայերը հաղթեն. Ռումինիայում կրքերը բորբոքվում են

30-08-2017 13:34

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումից առաջ Բուխարեստում կրքերը թեժանում են: Ընթացիկ ընտրական փուլում ռումինացիները սեփական հարկի տակ ոչ մի հաղթանակ չեն տարել: Վերջին շրջանում ռումինական մամուլը խստորեն քննադատում է հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումին: Վերջինս անդրադառնալով Ռումինիայում հեղինակավոր «Gazeta Sporturilor» թերթի հրապարակումներից մեկին՝ հայտարարել էր, որ այդ թերթը կարող է պիտանի լինել միայն ձուկ փաթաթելու համար: Երեկ «Gazeta Sporturilor»-ի թղթակիցը Քրիստոֆ Դաումի մամուլի ասուլիսին ներկայացել էր ձկնորսական կարթով և այն մոտեցնելով մարզչի դեմքին՝ ավելի էր հունից հանել գերմանացի մասնագետին: «Սա մամուլի ասուլի՞ս է, թե՞ խեղկատակություն: Դուք այստեղ եք եկել ծաղրածուի դեր տանելո՞ւ, թե՞ ֆուտբոլի մասին խոսելու համար: Դուք պատրաստվո՞ւմ եք մարզական լրագրող դառնալ, թե՞ ոչ: Երևի ուզում եք սուտ բաներ գրել իմ մասին, հետաքրքիր պատմություններ հորինել և խայտառակել ինձ: Հանգստացեք, Ձեր պահվածքը ֆուտբոլի հետ ոչ մի ընդհանուր բան չունի»,- ասել էր Դաումը: Վերջինիս խոսքերը պատճառ են հանդիսացել, որպեսզի ռումինացի լրագրողները ի պաշտպանություն իրենց գործընկերոջ հարձակվեն Դաումի վրա: Նշված թերթի մեկ այլ թղթակից՝ Անդրեա Կրայտոուն հայտարարել է, որ կրկին ձախողվելու և Հայաստանի հավաքականից պարտվելու դեպքում իրենք ձկնորսական կարթը կմտցեն Դաումի հետույքը: «Կատակերգությո՞ւն: Ես կասեի՝ տրագիկոմեդիա, որի հեղինակը հենց Դաումն է: Եվրոպայի առաջնությունից հետո մեր հավաքականը հայտնվել է անդունդի եզրին: Ընտրական փուլը մոտենում է ավարտին, սակայն մենք տանը հաղթանակ չենք տարել: 0:0 ենք խաղացել Ղազախստանի հետ: Միակ հաղթանակը տարել ենք հանդիպման 3-րդ րոպեից 10 ֆուտբոլիստներով մնացած հայերին: Իրական կատակերգությունը հենց սա է: Դաումն իրավունք չուներ վիրավորելու մեր գործընկերոջը: Նա կորցրել է իրեն և չի գիտակցում՝ ինչ է խոսում: Տրագիկոմեդիայի շարունակվելու և հայերից պարտվելու դեպքում մենք բոլոր իրավունքները կունենանք ձկնորսական փայտը Դաումի հետույքը մտցնելու»,- հայտարարել էր ռումինացի լրագրողը: Ընտրական ենթախմբում Ռումինիայի ազգային հավաքականը 6 խաղում նույնքան միավոր է վաստակել և միայն տեսական հնարավորություններ է պահպանում աշխարհի առաջնության ընտրական եզրափակիչ փուլ դուրս գալու: Հայաստանի հավաքականին հաղթելու դեպքում ռումինացիները որոշակիորեն կբարելավեն մրցաշարային դրությունը: Նշենք, սակայն, որ 6 միավոր ունի նաև Հայաստանի հավաքականը, որը ևս հաղթելու դեպքում ավելի իրատեսական կդարձնի պայքարը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Ռումինիա-Հայաստան հանդիպումը կայանալու է Բուխարեստի «Նասիոնալ արենայում», որը տեղավորում է 55 հազար հանդիսական: Ըստ ռումինական լրատվամիջոցների՝ Հայաստանի հետ հանդիպմանը մարզադաշտը պետք է լեցուն լինի, քանզի այդ մրցավեճը եզրափակչի նշանակություն ունի: Քրիստոֆ Դաումն իր հերթին երկրպագուներին կոչ է արել բուռն կերպով աջակցել ազգային թիմին: «Մենք երկրպագուների աջակցության կարիքը շատ ունենք: Առաջիկա հանդիպումը շատ կարևոր է մեզ համար, և ամեն ինչ պետք է անենք հաղթելու համար, որը մեզ հնարավորություն կտա շարունակելու պայքարը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի համար: Դե ուրեմն բոլորս մեկ մարդու պես պետք է գանք «Նասիոնալ Արենա» և աջակցենք Ռումինիայի ազգային հավաքականին: Կրկին անգամ ուզում եմ նշել, որ ես այս պահին ռումինացի եմ և ամեն ինչ անելու եմ այս երկրի ազգային թիմի համար»,- ասել է Դաումը: Նշենք, որ հայ երկրպագուների Առաջին ճակատ շարժումը՝ ՖԱՖ-ը, երեկ ժամանել է Բուխարեստ և պատրաստվում է աջակցել Հայաստանի ազգային հավաքականին: ՖԱՖ-ին կմիանան նաև Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցները: Հիշեցնենք, որ Ռումինիա-Հայաստան հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով՝ 22:45-ին:

1in.am
30-08-2017 13:34