Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի և վանքի պեղումների ընթացքում 5-6-րդ դարերի եզակի նմուշներ են հայտնաբերվել

08-09-2017 10:29

Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի և վանքի պեղումների ընթացքում հայտնաբերվել են 5-6-րդ դարերի եզակի նմուշներ՝ թևավոր խաչ, 12-13-րդ դարերի 30-ից ավել խաչքարեր, բազմաթիվ նոր արձանագրություններ: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ  Ստեփանոսի դամբարանը, որը Վաչագան բարեպաշտի ժամանակ է կառուցվել, մշակույթի կարեւոր դրսեւորումներից է: «Սուրբ Ստեփանոսի մասին մատենագրական ոչ մի նյութ չկա, մեր պատմիչները ոչինչ չեն հաղորդել: Տեղեկություններ վանքի մասին տալիս են տեղի արձանագրությունները»,-ասաց նա: Համլետ Պետրոսյանի խոսքով` Վաճառում պեղումներ առաջին անգամ են անցկացվում:  «Ես երեք տարի է կարեւորում եմ այս հուշարձանը: Մոսկվայաբնակ Սամվել Գրիգորյանի ֆինանսավորմամբ հուլիս ամսին սկսված պեղման աշխատանքների շնորհիվ շատ բաներ ենք պարզել հատկապես Վաչագան բարեպաշտի ժամանակ վաղ քրիստոնեական հետքերի մասին, որոնք գիտականորեն դեռ նոր ենք սկսում հասկանալ»,-հավելեց նա:

Lragir.am
08-09-2017 10:29