Հայ օլիգարխները կդառնան պայմանագրային զինծառայողներ

08-09-2017 10:51

«Ելք» խմբակցության պատգամավորները ԱԺ առաջիկա նստաշրջանին հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում են փոփոխություններ կատարել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում: Պատգամավորներն առաջարկում են պայմանագրային զինծառայողներին ազատել գույքահարկից: ՀՀ ՊՆ-ն հավանություն է տվել այս առաջարկին: Հնարավոր է այս նախաձեռնությունն անցնի, քանի որ այն համահունչ է ազգ-բանակ եւ այլ նախաձեռնությունների տրամաբանությանը, եւ իշխանությունը թերեւս չի խոչընդոտի այս հիրավի անհրաժեշտ նախաձեռնությանը: Սակայն այստեղ կա մեկ այլ հանգամանք, որը կարող է նպաստել օրենքի ընդունմանը՝ օրենքն անցնելու դեպքում հայ օլիգարխները կարող են գրանցվել պայմանագրային զինծառայողներ, եւ ահա թե ինչու: Հայկական մամուլում պարբերաբար հրապարակվում են տվյալներ հայ մեծահարուստների վճարած գույքահարկի վերաբերյալ: Ըստ այդ տվյալների, նրանք բազմապատիկ ցածր վճարներ են կատարում իրենց առանձնատների, բիզնես օբյեկտների եւ այլ անշարժ ու շարժական գույքի դիմաց: Դառնալով պայմանագրային զինծառայողներ, նրանք կլուծեն այդ խնդիրը եւ լիովին համահունչ կլինեն «նոր ոգուն»՝ կապիտալի ու սեփականության համաներման ու օրինականացման ներկայիս գործընթացին: Սա տրամաբանական ընթացք է, հաշվի առնելով, որ նրանք նախ դարձան բիզնեսմեններ, հետո հասարակական-քաղաքական գործիչներ, գիտության թեկնածուներ, կինեմատոգրաֆիստներ, պետական շքանշանակիրներ, եւ ամենակարեւորը՝ հռչակվեցին պատերազմի մասնակիցներ:

Lragir.am
08-09-2017 10:51