ԱՄՆ Սենատի հանձնաժողովը վավերացրել է մի շարք որոշումներ՝ հօգուտ Հայաստանի և Արցախի

12-09-2017 08:35

Ինչպես տեղեկացնում է Հայ Դատի հանձնախումբը՝ Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը վավերացրել է մի շարք որոշումներ՝ հօգուտ Արցախի և Հայաստանի, որոնք մաս պիտի կազմեն 2018-ի պետական վարկի արտաքին օժանդակությունների բաժնին։ Որոշումներից մեկի համաձայն՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը պիտի ավելանա՝ հասնելով 20.7 միլիոն դոլարի։ Հանձնախումբը նաև որոշել է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ զենքի վաճառքի սահմանափակումներ պարտադրել՝ միաժամանակ շեշտելով Արցախի իշխանություններին ուղղակի օգնություններ տրամադրելու կարևորությունը։ Հայ Դատի հանձնախմբի գործադիր վարիչ Արամ Համբարյանը ողջունել է այս որոշումները՝ դրանք համարելով հստակ պատգամներ՝ուղղված ժողովրդավարական սկզբունքները ոտնահարող Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին։ Հայաստանի օգնության համար առաջադրված գումարը նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից մոտավորապես 14 միլիոն դոլար ավելի է։ Նաև նշենք, որ սենատորներ Քրիս Վան Հոլընն ու Փեթրի Լիհին էին առաջադրել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ զենքերի վաճառքի սահմանափակումները։

1in.am
12-09-2017 08:35