Խաղաղության այլընտրանքը պատերազմն է կամ Հայաստանի ու Արցախի ռուսականացումը

16-09-2017 19:45

«Այդպիսի խոսակցությունները մոռացեք առաջիկա 10 տարում։ Քանի դեռ մենք պատերազմական պայմաններում ենք, մոռացեք այդ մասին», – lragir.am-ին տված հարցազրույցում հենց այսպես կտրուկ է արձագանքել հայտնի Շմայսը` նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ԵՏՄ-ում Հայաստանի անդամության չեղարկման նախաձեռնությանը: Իրականում` Շմայսն իր կարծիքի մեջ օրիգինալ չէ և, ըստ էության, բարձրաձայնել է այն, ինչի մասին իշխանության և ընդդիմության շատ ներկայացուցիչներ մտածում են, բայց լռում են, կամ էլ` նույն միտքն արտահայտում են խուճուճ ձևակերպումներով` ասելիքի բովանդակությունը քողարկելու նպատակով: Եթե առաջ մեր իշխանության ներկայացուցիչներն ասում էին, որ հնարավոր պատերազմի ժամանակ Ռուսաստանը մեզ աջակցելու է, ապա այդ հեքիաթին Հայաստանում այլևս որևէ մեկը չի հավատում` հատկապես անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո, որն որևէ կերպ չազդեց Ադրբեջան սպառազինություններ մատակարարելու Մոսկվայի քաղաքականության վրա: Հիմա իշխանությունների մոտիվացիայի հիմքն ու բովանդակությունը փոխվել են. ասվում է` եթե ընդդիմանանք Ռուսաստանին, Մոսկվան մեզ Ուկրաինայի և Վրաստանի օրը կգցի` պատերազմ հրահրելով Արցախում: Մյուս մոտիվն էլ այն է, որ ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ Հայաստանը Ռուսաստանից զենքը ձեռք է բերում էժան գներով: Գուցե փաստարկները պրիմիտիվ են, սակայն հենց սրանով են իշխանությունները բացատրում իրենց անսահման ռուսահպատակությանը: Իշխանության այս թեզերի սնանկությանը քանիցս անդրադարձել ենք հենց ապրիլյան պատերազմի համատեքստում և թերևս կրկնվելու իմաատ չկա: Տեղին ենք համարում շոշափել ավելի գլոբալ խնդիր, որը բխում է իշխանության քաղաքականության մոտիվացիայից: Փաստորեն` անուղղակիորեն խոստովանվում է, որ իրականում ոչ մի ստատուս-քվո էլ չի պահպանվել, և մեր տնտեսությունն այնքան ողբալի վիճակում է, որ Հայաստանը մնացել է ռուսական էժան զենքի հույսին: Իհարկե, հատուկ ուսումնասիրության կարիք ունի այն թեման, թե ինչո՞ւ չի զարգանում Հայաստանի տնտեսությունը` դա ղարաբաղյան հակամարտությա՞ն ու փակ սահմանների՞ հետևանք է, թե՞ անարդյունավետ կառավարման և կոռուպցիայի: Ավելի շուտ` երկրորդ տարբերակն ապացուցման կարիք չունի և աքսիոմատիկ ճշմարտություն է, մյուս կողմից` ակնհայտ է, որ գործ ունենք «հակամարտություն-փակ սահմաններ-ավտորիտար ռեժիմ-կոռուպցիա-մենաշնորհներ» բանաձևի և պատճառահետևանքային շղթայի հետ: Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունն անկեղծորեն պետք է պատասխանի` փաստացի պատերազմի պայմաններում հնարավո՞ր է տնտեսության որակական զարգացում, թե՞ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության ռեժիմի պահպանման համար հատուցելու է իր ինքնիշխանությամբ: Հարցը հռետորական չէ, որովհետև Արցախի անվտանգության, ըստ էության, միակ իրական երաշխավորը Հայաստանն է, իսկ եթե մեր երկիրն աստիճանաբար կորցնում է սուբյեկտությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, ապա Արցախի թիկունքը մնում է անպաշտպան կամ լավագույն դեպքում` Արցախը, Հայաստանի հետ միասին, կլանվում է Ռուսաստանի կողմից: Մյուս կողմից` բացարձակ անհեթեթություն է գրեթե ամբողջ քաղաքական համակարգի կողմից շրջանառվող թեզը, թե Ադրբեջանի ագրեսիվության ֆոնին անթույլատրելի է խոսել խաղաղության կան փոխզիջումների մասին: Մեր քաղաքական համակարգը կամ փոխզիջումը շփոթում է կապիտուլյացիայի հետ, կամ էլ` ամբարտավան խրոխտության ստվերում քողարկում է ղարաբաղյան հարցում հստակ դիրքորոշումների բացակայությունը: Երկու դեպքում էլ` գործ ունենք քաղաքական ադեկվատության բացակայության հետ: Ճիշտ հակառակը` Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ֆոնին Հայաստանի արժանապատիվ խաղաղության պլատֆորմը միայն դիվիդենտներ կարող է բերել Հայաստանին: Իհարկե, ասվածը չի վերաբերում նրան, որ բանակի մարտունակությունը պետք է ենթարկվի խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերի տրամաբանությանը: ԼՂ հարցում արժանապատիվ խաղաղության հաստատումը ռուսական կայսերական ազդեցությունից ձերբազատվելու կարևոր գործոններից մեկն է, որովհետև Մոսկվան տարածաշրջանային իր գերիշխանությունն ապահովում է սպառազինությունների վաճառքի և հակամարտության կառավարման միջոցով: Խաղաղության այլընտրանքը պատերազմն է կամ Հայաստանի ու Արցախի ռուսականացումը: Ապագաղութացման որևէ ծրագիր թերի է, եթե դրանում անդրադարձ չկա ԼՂ խնդրի փոխզիջումային կարգավորմանը: Եթե այս ճշմարտությունը չի գիտակցվում, ապա Շմայսի խոսքերը մարգարեական են հնչում:

1in.am
16-09-2017 19:45