«Վստահ եմ՝ սառույցի վրա կանեն առավելագույնը, արդյունքի հասնելու համար»

19-09-2017 00:06

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում կկայանա գեղասահքի վարկանիշային մրցաշար: Մասնակիցները կպայքարեն 2018 թվականին Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերի համար: Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի ներկայացուցիչներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը (երկուսն էլ՝ մենասահք) եւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը: Օլիմպիական վարկանիշ նվաճելու ավելի մեծ հնարավորություններ ունի Անաստասիա Գալուստյանը, որին այս տարի Հելսինկիում կայացած աշխարհի առաջնությունում ընդամենը մեկ տեղ չբավարարեց Պհենչհանի օլիմպիական ուղեգիր ստանալու համար: ՀԱՕԿ լրատավականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն ասել է, որ գեղասահորդները շարունակում են պատրաստվել պատասխանատու մեկնարկին. «Սլավիկ Հայրապետյանը մարզվում է Ռուսաստանի Ադլեր քաղաքում՝ Ալեքսեյ Ուրմանովի եւ հոր՝ Սամվել Հայրապետյանի մոտ: Հոկտեմբերի 22-ից 26-ը նա հանդես կգա Բրատիսլավիայում կայանալիք մրցաշարում, որտեղից անմիջապես կմեկնի Օբերսդորֆ: Անաստասիա Գալուստյանը վերջերս միջազգային մրցաշարի մասնակցեց Իտալիայում: Նաստյան այնքան էլ բարձր արդյունք ցույց չտվեց, բայց նա պետք է մարզավիճակի գագաթնակետին հասնի ընտրական մրցաշարում: Հիմա մարզվում է Մոսկվայում՝ իր ծնողների մոտ: Մեր պարային երկյակը մարզվում է տանը՝ Կանադայում: Թինան եւ Սիմոնն Ամերիկայի Սոլթ Լեյք Սիթիում մասնակցեցին միջազգային մրցաշարի: Նրանք նույնպես նախատեսում են հանդես գալ Սլովակիայում: Հոկտեմբերի 27-ին բոլորով կհավաքվենք Օբերսդորֆում: Չէի ցանկանա կանխատեսումներ անել, բայց կասեմ, որ հավատում եմ մեր մարզիկներին: Կարիք չկա նրանց բացատրել վարկանիշային մրցաշարի կարեւորությունը: Վստահ եմ՝ սառույցի վրա կանեն առավելագույնը, արդյունքի հասնելու համար»,- եզրափակել է Մելանյա Ստեփանյանը:

1in.am
19-09-2017 00:06