Ինչ չեն կարողացել կիսել ՊՍԺ-ի աստղային հարձակվողները

19-09-2017 21:03

Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի ՊՍԺ-Լիոն (2-0) խաղի ժամանակ երկու միջադեպ տեղի ունեցավ Էդինսոն Կավանիի, Նեյմարի և Դանի Ալվեշի միջև: Առաջին դրվագում Ալվեշը տուգանայինի իրացումից առաջ գնդակը խլեց Կավանիից և փոխանցեց Նեյմարին: Երկրորդ դրվագում արդեն ուրուգվայցի հարձակվողը թույլ չտվեց Նեյմարին խփել 11-մետրանոցը: Երկու դեպքում էլ տուգանայիններից ոչ մի օգուտ չեղավ փարիզյան թիմին: Խաղից հետո տարբեր նորություններ տարածվեցին բազմաթիվ պարբերականների կողմից: Դանի Ալվեշը խաղից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ վստահ էր իր ուժերի վրա, այդ պատճառով էլ գնդակը վերցրեց Կավանիից: Առայժմ հարց է մնում՝ ինչո՞ւ այդ պարագայում նա գնդակը փոխանցեց Նեյմարին: Կավանին իր հերթին նշեց, որ իր և Նեյմարի միջև ոչ մի կոնֆլիկտ չկա և լրագրողները ուղղակի հորինում են: Նեյմարն էլ ոչ մի հայտարարություն առայժմ չի տվել, սակայն Ինստագրամում ջնջել է Կավանիի էջը իր ցուցակից: Ինչո՞ւ է փարիզյան թիմում կոնֆլիկտ առաջացել: Վերցնենք այլ թիմերի օրինակներ, որտեղ նույնպես նման քանակության աստղային ֆուտբոլիստներ են խաղում: Երբ Նեյմարը հանդես էր գալիս Բարսելոնայում, տուգանային հարվածների իրացման համար Մեսսին նրա հետ չէր վիճում և հաճախակի գնդակը փոխանցում էր բրազիլացուն: Իսկ եթե չէր փոխանցում, բրազիլացին ընդհանրապես չէր բողոքում: Մադրիդի Ռեալում, որտեղ Գարեթ Բեյլն ու Քրիշտիանու Ռոնալդուն հավասար արդյունավետությամբ կարող են տուգանայիններ իրացնել, հիմնական իրացնողը Ռոնալդուն է, իսկ Բեյլը չի բողոքում: Երկու այս օրինակներից կարելի է անել 2 կարևոր եզրակացություն: Եթե Բարսելոնայում Նեյմարը համարվում էր 2-րդ գլխավոր դեմքը Մեսսիից հետո և բողոքելը վնաս կտար միայն իրեն, ապա Ռեալում նման խնդիր ֆուտբոլիստների միջև չի առաջացել, որովհետև գլխավոր մարզիչները եղել են Կարլո Անչելոտին և Զինեդին Զիդանը՝ մասնագետներ, ովքեր տակտիկական մասնագետներ լինելու զատ հայտնի են նաև որպես լավ հոգեբաններ: ՊՍԺ-ի առաջատարների բախումը հիմնականում առաջացել է այս երկու հանգամանքների բացակայության պատճառով: Նեյմարը գլխավոր դեմքն է Փարիզում և կարող է անել՝ ինչ ցանկանում է, հաշվի առնելով նաև բրազիլական «համայնքի» ներկայությունը թիմում, որը կարող է Կավանիի դեմ տրամադրել բոլոր մյուսներին: Լավ հոգեբան-մարզչի առկայության դեպքում, հնարավոր է, կոնֆլիկտ չլիներ, սակայն Ունաի Էմերին այդ հատկանիշով աչքի չի ընկնում: Լիոնի հետ խաղից հետո Էմերին հայտարարել էր, որ նրանք կարող են հարցը լուծել, սակայն չլուծելու դեպքում ինքը կմիջամտի: Հայտնի պարբերականներից մեկը գրել էր, որ Էմերին կարծես «ավտոմատ ռեժիմ» միացրած լինի՝ ցանկանալով հաղթել իր աստղերի անհատական խաղի շնորհիվ: Հակառակ դեպքում, այս տարվա անհաջող ելույթները նրան հետ կուղարկեն Սևիլիայի մակարդակի թիմ: Այս բոլոր տեղեկություններից հետո ֆրանսիական Էկիպն այսօր տեղեկացրեց, որ Նեյմարի և Կավանիի կոնֆլիկտը կարող է առաջացած լինել բոնուսների պատճառով: Ուրուգվայցու պայմանագրում կետ կա, որի համաձայն նա 1 մլն եվրո կստանա, եթե թիմի լավագույն ռմբարկուն դառնա: Հնարավոր է, որ Նեյմարի պայմանագրում նույնպես նման կետ կա: Ելնելով այս բոլոր հանգամանքներից, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ կլինի մինչև ձմեռային տրանսֆերային պատուհան և արդյոք կոնֆլիկտի շարունակվելու դեպքում Կավանին կհեռանա թիմից, թե մարզիչը կփոխվի: Փաստը մնում է փաստ, որ փարիզյան թիմի ղեկավարությունը 222 մլն եվրոյով թիմ է հրավիրել մի մարդու, ով մի քանի ամիս առաջ իր ներկայիս մարզչին ամենացավալի պարտությունն է բերել և հիմա մեծ հավանականությամբ իրեն գլխավոր է զգում Դանի Ալվեշի և մյուս բրազիլացիների հետ միասին, որն էլ անդրադառնում է նաև Կավանիի նման հարձակվողների վրա: 

Lragir.am
19-09-2017 21:03