Չեխիայի ԱԳՆ-ը տեղյակ չէ, թե ինչպես են չեխական զինատեսակները հայտնվել Ադրբեջանում. VOA

20-09-2017 08:32

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես «Տրենդը» և «Ազերնյուզը», ինչպես նաև Военное обозрение ռուսական էլեկտրոնային պարբերականը վերջին օրերին հայտնել են, թե ներկայում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում, ի թիվս այլ զինատեսակների, կիրառվում է Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգը: Չեխիայի ԱԳՆ-ը ի պատասխան «Ազատության» հայկական ծառայության հարցման, հաղորդել է, որ արտաքին ասպարեզում զենքի առևտրին վերաբերող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ: Սովորաբար, այս կամ այն զինատեսակի վաճառքի արտոնագիրը տրամադրում է Արդյունաբերության և առևտրի նախարարության լիցենզավորման վարչությունը, որը հաշվի է առնում համապատասխան գերատեսչությունների՝ Ներքին, Պաշտպանության և ԱԳ նախարարությունների պաշտոնական հիմնավորումները: Ապա Չեխիայի ԱԳ նախարարությունը նշում է, որ Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին: Ավելին, 2016 և 2017 թվականներին մերժվել են Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի հրթիռային համակարգեր գնելու հայտերը, ինչի մասին պատկան խողովակներով տեղեկացվել են նաև Չեխիայի գործընկերները Եվրամիությունում: Չեխիայի ԱԳՆ-ը տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են չեխական արտադրության զինատեսակները հայտնվել Ադրբեջանում: Նախարարությունը կշարունակի քննել այդ հարցը: Նախարարությունն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծումն անընդունելի է Չեխիայի համար: Չեխիան սատարում է խնդրի խաղաղ կարգավորումը, որը կհիմնվի փոխզիջման սկզբունքի վրա և կհամապատասխանի միջազգային իրավունքին: Չեխիան շարունակում է սատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա երեք համանախագահների ջանքերին:

1in.am
20-09-2017 08:32