Ոմանք էլ ինձ ամերիկամետ են համարում… ցավում եմ, որ Սերգեյ Մինասյանի ագրեմանն ուշանում է

20-09-2017 20:36

«Ես շատ եմ ցավում, որ Սերգեյ Մինասյանի նշանակման ագրեմանն ուշանում է, որովհետև ուղիղ ասեմ՝ նա իմ ընկերն է։ Թե ինչու է այդպես լինում՝ ես չեմ կարող ասել։ Բայց դա կապ չունի հայ-վրացական հարաբերությունների, այդ թվում՝ Հայաստանի՝ վրաց-ամերիկյան զորավարժություններին չմասնակցելու որոշման հետ»,- Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն։ Նրա խոսքերով՝ Վրաստանի համար հասկանալի է, թե Հայաստանն ինչու չմասնակցեց այդ զորավարժություններին. «Ես կարծում եմ, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները կմնան այնպիսին, ինչպիսին որ եղել են մինչ այժմ։ Հենց այսօր Ստեփան Գրիգորյանն էլ մեր ինստիտուտին այդ հարցի շուրջ մեկնաբանություն է տվել և ես կարծում են՝ այդ թեման արդեն բոլորի համար պարզ է»,- ընդգծեց Վասաձեն։ Ըստ նրա՝ վրաց-հայկական հարաբերությունները չեն տուժել։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ Սերգեյ Մինասյանի ագրեմանի ուշացումն այդ հանգամանքով չպետք է պայմանավորել. «Ես վստահեցնում եմ, որ Հայաստանի չմասնակցությունն այդ զորավարժություններին չի կարող երկու պետությունների հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ»։ Դիտարկմանը, թե Հայաստանում տեղեկություններ են շրջանառվում, որ Մինասյանի նշանակումը ձգձգվում է, որովհետև Վրաստանում կա կարծիք, որ Սերգեյ Մինասյանը ռուսամետ գործիչ է, Վասաձեն արձագանքեց. «Գիտեք՝ ոմանք Սերգեյ Մինասյանին ռուսամետ են համարում, ինձ էլ՝ ամերիկամետ։ Բայց ամենակարևորն այն է, որ Սերգեյ Մինասյանը լինի հայամետ, ես էլ վրացամետ»,- եզրափակեց նա։

1in.am
20-09-2017 20:36