Ինչ է, պրն. վարչապետը չի տեսնո՞ւմ Սերժ Սարգսյանին քաղաքական գործընթացների գագաթնակետին

20-09-2017 22:30

2018-ին նոր կառավարության ձևավորման, վարչապետի նշանակման, վարչապետի թեկնածության ընտրության վերաբերյալ ոչ միայն քննարկում, այլ նաև ազդակ չի իրականացվել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Դիտարկմանը, որ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով 2018-ին վարչապետի թեկնածության վերաբերյալ տարբեր ՀՀԿ-ականների տեսակետին, թե իշխանության գագաթնակետին տեսնո՞ւմ են Սերժ Սարգսյանին, արձագանքել էր, որ դրանք մասնավոր կարծիքներ են, և ինքը կխոսի այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն կունենա պաշտոնական կարծիք, Շարմազանովն արձագանքեց. «Ես որպես կուսակցության խոսնակ, մնում եմ իմ կարծիքին՝ այսօր մեր օրակարգում այդ հարցը չի արծարծվում, ուստի հարգելի պարոն Կարապետյանի գնահատականները փորձել ուղղել այս կամ այն կուսակցական գործընկերոջ դեմ՝ փորձելով տեսնել թիմեր, կարծում եմ՝ անշնորհակալ գործ է, որովհետև ՀՀԿ-ն ունի մեկ առաջնորդ, այդ առաջնորդը Սերժ Սարգսյանն է և նրա առաջնորդությունն անվիճարկելի է։ Պարոն Կարապետյանը մեր գործընկերն է, մեր թիմի, միասնական թիմի անդամն է, ունի շատ առանցքային տեղ մեր կուսակցական հիերարխիայում։ Նա կուսակցության առաջին փոխնախագահն է, և կարիք չկա հարգելի պարոն Կարապետյանի արտահայտություններից որևէ սենսացիոն բան գտնել։ Պարոն Կարապետյանն ասել է մի բան, որը ձեր խոնարհ ծառան տարբեր առիթներով նշել է։ Այն է՝ ՀՀԿ-ն չունի պաշտոնական դիրքորոշում, որովհետև չի քննարկել այդ հարցը։ Երբ քննարկի՝ կասենք»։ Հարցին, թե կա՞ ՀՀԿ-ում թևերի բաժանում, և եթե չկա, ապա ինչու այդ մասնավոր կարծիքներ արտահայտողները, որոնցից մեկն էլ դուք էիք, հանդես են գալիս Սերժ Սարգսյանի օգտին, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «ՀՀԿ-ի՝ թիմերի բաժանվելու մասին լուրերը փոքր ինչ չափազանցված են։ Սրանք փոքրիկ աղմուկներ են մի բաժակ ջրում։ Մեր օրակարգում այսօր չկա հարց, թե ով կլինի վարչապետ, ով կլինի փոխվարչապետ, ով կլինի ԱԺ փոխնախագահ, ով կլինի նախարար, կքննարկենք 2018-ի ապրիլի հետո, երբ դրա համար կլինեն սահմանադրական ժամկետներ»։ Դիտարկմանը, որ ՀՀԿ-ի որոշ անդամներ ջանք ու եռանդ չեն խնայում և իրենց հարցազրույցներում նշում են, որ 2018-ի ապրիլից հետո էլ Սերժ Սարգսյանին տեսնում են քաղաքական գործընթացների գագաթնակետում, Շարմազանովն արձագանքեց. «Իսկ ի՞նչ է, պարոն վարչապետը չի՞ տեսնում, կամ որևէ մեկը չի՞ տեսնում։ Ես էլ գտնում եմ, որ Սերժ Սարգսյանի նման փորձառու և իմաստուն գործչի կարիքը Հայաստանն ունի։ Սերժ Սարգսյանը մեր կուսակցության նախագահն է, շարունակելու է լինել մեր քաղաքական թիմի առաջնորդը։ Իսկ թե ով կլինի վարչապետ կամ ով ինչ պաշտոն կզբաղեցնի, թիմը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կորոշի։ Մեր պետության համար մեծ շռայլություն կլինի, եթե պարոն նախագահի այս տարիների փորձն ու իմաստությունը չօգտագործենք ի փառս Հայաստանի»։ Շարմազանովի խոսքերով՝ 2018-ի ապրիլից հետո վարչապետի ֆունկցիաներն էականորեն տարբերվելու են այսօրվա վարչապետի ֆունկցիաներից. «2018-ին վարչապետ, փոխվարչապետեր ու նախարարներ կլինեն նրանք, ովքեր լավագույնս կիրականացնեն ՀՀԿ-ի, քաղաքական կոալիցիայի առջև դրված մարտահրավերների լուծումը»։   Հարցազրույց ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am
20-09-2017 22:30