71-ամյա հայը Լոս Անջելեսում ճաշեր է պատրաստել Ջիմի Քարթերի ու Ռոնալդ Ռեյգանի համար

23-09-2017 10:07

Ամերիկահայ խոհարար Ժերար Գիժարոն անկրկնելի կերակրատեսակներ է պատրաստել ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի, Ռոնալդ Ռեյգանի ու շատ ուրիշների համար։ «Ես պատրաստում եմ բոլորի համար՝ աստղերի, նախագահների, սովորական մարդկանց համար։ Ես ստեղծում եմ նոր բաղադրատոմսեր։ Ես արտիստ եմ, քանի որ վերցնում եմ մթերքները ու ստեղծում կերակրատեսակներ, որոնք մինչ այդ ոչ ոք չի համտեսել»,- հպարտորեն հայտնում է 71-ամյա հայը։ NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե որ նախագահների համար է նա կերակուրներ պատրաստել՝ շեֆ խոհարարը կատակով ասում է «Չեմ կարող ասել։ Ջիմի Քարթերի, Ռոնալդ Ռեյգանի։ Ես պատրաստել եմ նաեւ Հենրի Ֆորդի համար։ Այսինքն, ես նրանց չեմ հաշվել»։ Ինչ վերաբերում է այն հարցին, արդյոք այդ նախագահների շարքում եղել է նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կամ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, կենսուրախ Ժերար Գիժարոն պատասխանում է «Նրանք ինձ համար չափից երիտասարդ են։ Ես սիրում եմ տարեց մարդկանց, ես ինքս էլ իրականում ծեր եմ արդեն»։ Հայաստանի նախագահի համար նա դեռ ոչինչ չի պատրաստել։ Բայց Սերժ Սարգսյանին նվիրել է արծաթե մետաղադրամ իր թանկարժեք հավաքածուից՝ 1921-ին թողարկված դոլար։ «Դոլարը հաջողության նշան է»,- պարզաբանել է Ժերար Գիժարոն։ 

news.am
23-09-2017 10:07