Ցուկերբերգը պատմել է Facebook-ի բաժնետոմսերը վաճառելու ծրագրերի մասին

23-09-2017 10:00

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ մտադիր է վաճառել իր ընկերության մինչեւ 75 միլիոն բաժնետոմսերը՝ առաջիկա մեկուկես տարվա ընթացքում, որպեսզի ֆինանսավորի բարեգործական նախագծերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք ծրագրում ենք արագացնել մեր աշխատանքն ու ավելի շուտ վաճառել մեր բաժնետոմսերի մեծ մասը ։ Ես ակնկալում եմ, որ մենք կվաճառենք մեր բաժնետոմսերից 35-ից 75 հազարը առաջիկա 18 ամիսներին, որպեսզի աջակցենք մեր գործունեությանը կրթության, գիտության ու իրավական ոլորտներում»,- գրել է Ցուկերբերգը իր էջում։ Ընդ որում Ցուկերբերգը մտադիր է պահպանել ընկերության հանդեպ հսկողությունը առնվազն 20 տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ մինչ այդ ինքը տնօրենների խորհրդին խնդրել էր թողարկել բաժնետոմսերի նոր տեսակ, որպեսզի պահպանի հսկողությունը ընկերության հանդեպ։ Սակայն այդ առաջարկությունը չեղարկվել է  Ցուկերբերգի նախաձեռնությամբ՝ այն կապակցությամբ, որ շուկայում բաժնետոմսերի արժեքն աճել է ընկերության արդյունավետության շնորհիվ։ 2015-ին իր դստեր ծնվելուց հետո Ցուկերբերգը հայտնել էր, որ մտադիր է նվիրաբերել իր բաժնետոմսերի 95 տոկոսը բարեգործական նպատակներով։ Ընդ որում ընկերության հիմնադիրը նշել է, որ բաժնետոմսերի վաճառքը իրականացվելու է «իր ամբողջ կյանքի ընթացքում»։ 

news.am
23-09-2017 10:00