ԵՊՀ-ում քվանտային կետերի ստացման նոր մեթոդ են մշակել

23-09-2017 19:08

Երևանի պետական համալսարանում քվանտային կետերի ստացման նոր մեթադ են մշակել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ աշխատակից, պրոֆեսոր Կարեն Ղամբարյանի խոսքով՝ իր գիտական խմբի աշխատանքի արդյունքները արդեն հրապարակվել են աշխարհի առաջատար գիտական հրատարակություններում, այդ թվում՝ Journal of Applied Physics ամսագրում: Քվանտային կետերն այժմ հայտնի են QLED դիսպլեյներով եւ մոնիտորներով, բայց կարող են օգտակար լինել բազմաթիվ կիսահաղորդչային սարքերի, լուսադիոդների, լազերային սարքավորումների, արեւային վահանակների համար: ԵՊՀ գիտնականները որպես ուղղություն են ընտրել կետերի դիրքի և ստացման մեթոդը:  «Չեմ ասում, որ այս մեթոդը ավելի լավն է, քան արտասահմանում կիրառվող մեթոդները, բայց հնարավորներից մեկն է: Այժմ մենք այն կատարելագործելու ուղղությամբ ենք աշխատում », - ասել է գիտնականը: Աշխատանքն իրականացվում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդչային ֆիզիկայի եւ միկրոէլեկտրոնիկայի ամբիոնում, իսկ փորձերի մի մասն անցկացվում է արտասահմանում գործող գործընկեր հաստատություններում:

news.am
23-09-2017 19:08