Սարգսյան-Ալիև հանդիպման ինտրիգը պահպանվում է

24-09-2017 10:30

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն: Այս պաշտոնական լակոնիկ տեղեկատվությունը հուշում է, որ արտգործնախարարների հանդիպման ժամանակ չի հստակցվել անգամ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման կոնկրետ ժամկետը, իսկ գուցե նույնիսկ նախագահների հանդիպումը սկզբունքորեն կասկածի տակ է, որովհետև կողմերին չի հաջողվել պայմանավորվածության գալ դրա կարևոր դետալների շուրջ: Ամենասկզբունքային տարակարծության թեմա կարող է դառնալ Սարգսյան-Ալիև հանդիպման օրակարգը, որի շուրջ Երևանն ու Բաքուն արտահայտում են տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ: Հայաստանի իշխանությունները պնդում են, որ բովանդակային բանակցությունները վերսկսելու իմաստ կա, եթե կատարվեն Վիեննայի հանդիպման պայմանավորվածությունները և շփման գծում ներդրվեն հետաքննության մեխանիզմները: Բաքուն ընդդիմանում է Վիեննայի պայմանավորվածություններին՝ շեշտը դնելով խնդրի համապարփակ լուծման անհրաժեշտության վրա: Ըստ ամենայնի, Նյու Յորքում Նալբանդյանն ու Մամեդյարովը չեն կարողացել հանգել վերջնական լուծումների` դրանք թողնելով համանախագահների տարածաշրջանային այցին, որը նախատեսված է հոկտեմբերին: Միջնորդները Երևանում և Բաքվում հանդիպումներ կունենան Սարգսյանի և Ալիևի հետ, որից հետո միայն` կհայտարարվի նախագահների հանդիպման ժամկետը, եթե, իհարկե, նման հանդիպում առհասարակ տեղի ունենա: Այսպիսով` Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման ինտրիգը պահպանվում է:

1in.am
24-09-2017 10:30