Բանտում գտնվող մարդու հայտարարությունը պետք է քննարկումից դուրս համարել. Հայրիկյանը՝ Սեֆիլյանի կոչի մասին

24-09-2017 14:00

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ: –Պարոն Հայրիկյան,  Ժիրայր Սէֆիլյանը  հասցեական դիմել է հասարակական և քաղաքական գործիչներին՝ կոչ անելով ազգային դիմադրության  ճակատ  ստեղծել։ Ինչպե՞ս եք վերաբերում այս նրա առաջարկած կետերին: Նա առաջարկում է համախմբել ժողովրդին և կազմակերպել ազգային դիմադրություն՝ Սասնա Ծռերի և բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը՝ դարձնելով ժողովրդին ոտքի հանելու լիցք և նրա մոբիլիզացիայի շարժիչ ուժ,հեռացնել գաղութային վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գաղութատիրությունից Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացի մեկնարկը։ Ինչպես եք վերաբերում այս կետերին: -Հայտարարության մեջ  խնդիրների, պայքարի ձևերի մասին նոր բան չկա, պարզապես, որ Ժիրայր Սեֆիլյանը բանտում է, այնքան էլ իրազեկված չէ մեր նախաձեռնության մասին, որի հիմքերի հիմքում սահմանադրությունն  է, որովհետև սահմանադրությունը և ապրելակերպ է, և ճիշտ ծրագիր է և ծրագիրը կյանքի կոչելու պարտադրանք: Այն մեր ազգային ծրագիրն ու կանոնադրություն է ամփոփում: Մենք այդ շեշտադրումը, որ կատարել ենք և գտել ենք արդեն գործընկերներ, այդ ուղղությամբ մտածող: Ինքը, որ բանտում է այն հստակությամբ ու որոշակիությամբ չի պատկերացնում խնդիրը: Մյուս կողմից ինքը պարտավոր էլ  չի մեր պատկերացմամբ ուղիով հանդես գալ: Երբ մեկը բանտից ինչ-որ բան է ասում, միշտ պետք է զգուշավոր լինել նրա ասածները վերլուծելու հարցում, որովհետև ինքը սահմանափակված է տեղեկատվություն ստանալու տեսանկյունից , իրավիճակը լիարժեք տեսնելու հնարավորությունից: Այնպես որ ես չէի ուզենա խորանալ նրա առաջարկների, նամակի մեջ: Ամեն դեպքում ինքը սրտացավ մարդ է: -Նախկին իշխանավորների անուններ ցուցակում ևս կան, օրինակ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը: -Ժիրայր Սեֆիլյանը այն մարդն է, որը իրավունք ունի ունենալու իր պատկերցումները: Կրկնեմ քանի որ ինքը բանտում է, շատ չէի ցանկանա  խորանալ նրա առաջարկների մեջ: -Իսկ ձեր կարծիքով ինչո՞ւ ձեր անունը ցուցակում նշված չէ: -Դուք Ժիրայր Սեֆիլյանին բավական թերագնահատում եք, այդ մարդը գիտի, թե Հայրիկյանը ով է, որտեղից է գալիս: Նույնիսկ աշխարհում չեք գտնի ավելի քան 50 տարի ակտիվ քաղաքական կյանքի մեջ գտնվող մարդու: Ինքը հենց այդ տեսանկյունից էլ նայում է, որ «մենք կայինք, մեզնից շատերը չէին էլ ծնվել, որ Հայրիկյանը մեզ համար ազգային անկախության ճանապարհ էր հաղթում: Ինքը ինձ հետ խոսելիս ինչպես ցանկացած պարկեշտ հայ, նախ կմտածի, տեսնի ինչ է ասում Հայրիկյանը: Իմ անունը չլինելը պետք է բացատրել ըստ արժանվույն գնահատելու հանգամանքով: Անկախության առաջնորդը, ինքնորոշման գաղափարը արմատավորողը, ինչ է այդ տեսակ մարդը պիտի առաջին քայլերը կատարի: Ինքը այդպես է գնահատել և ես  շատ եմ գնահատում իր մեծերին հարգելու կարողականությունը: Այդպիսի ճակատ մի անգամ ձևավորել եմ ԱԻՄ անունով և դա եղել է, ուղիղ 30 տարի առաջ, նշված ցուցակի մարդկանց հիմնական մասը դեռևս փոքրիկներ էին, սկսնակներ և փոքր լինելը, մեղք չի՝ սխալ էլ չի: Ես այդ ճանապարհը մի անգամ անցել եմ և ինձ հաջողել է, այսինքն ժողովրդին հաջողել է հասնել ազգային բարձր նպատակի՝ նախանշված ծրագրով: Բոլորին կարող եք այդ հարցը տալ, բայց ինձ տալը տեղին չէ, ոչ միայն Ժիրայրի, այլ որևէ մեկի հետ կապված: Վարպետին չեն ասում ինչ անել, վարպետին հարցնում են ինչ կարծիքի եք դուք վարպետ: Ես գիտեմ ինձ, ես գիտեմ, որ առաջարկ եմ արել, Ժիրայր Սեֆիլյանը դրսում լիներ, քաղաքական ոլորտում լուրջ գործելու ցանկություն ունենար, ինքը անկասկած իմ առաջարկին կգար ընդառաջ, բայց բանտում գտնվող մարդու  հայտարարությունը, դիրքորոշումը պիտի քննարկումից դուրս համարել, մարդը ով գաղափարների համար  հետապնդման է ենթարկված, նա առանձնակի վերաբերմունքի պետք ունի և չարժի մազ փնտրել նրա ասածների մեջ:        

1in.am
24-09-2017 14:00