Թեհրանը կարող է արագացնել միջուկային ծրագիրը՝ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում

24-09-2017 20:11

Ատոմային հարցով համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում Իրանը կարող է արագացնել իր միջուկային ծրագիրը, սակայն այն կմնա խաղաղ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը։ CNN-ի եթերում Զարիֆին հարցրել են, թե ի՞նչ կանի Թեհրանը, եթե ԱՄՆ-ը կյանքի կոչի համաձայնագրից դուրս գալու նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը։ Ծրագրի վերանայումն ԱՄՆ-ում անցկացվում է 3 ամիսը մեկ։ «ԱՄՆ-ում վկայագրումը գործարքի մաս չէ, դա ԱՄՆ-ի ներքին ընթացակարգն է, այն չի ազատում նախագահ Թրամփին կամ վարչակազմին պատասխանատվությունից, քանի որ ստուգման միակ իրավասուն, համաձայն գործարքի, ԱԷՄԳ-ն է»,-ասել է Զարիֆը։ Դիվանագետն ԱՄՆ-ին մեղադրել է նրանում, որ նա իր դիրքորոշմամբ հարցականի տակ է դնում միջազգային համաձայնագրերի կնքման գործում սեփական հեղինակությունը։ «ԱԷՄԳ-ի 7 զեկույցները ցույց են տվել, որ Իրանը հանդիսանում է գործընկեր, որի վրա կարելի է հենվել։ Հույս ունեմ, որ ԱՄՆ-ը կվերանայի իր դիրքորոշումն ու ցույց կտա, որ նրա վրա նույնպես կարելի է հույս դնել»,-եզրափակել է Զարիֆը։

1in.am
24-09-2017 20:11