Հայ գիտնականներն աշխատում են քաղցկեղի բուժման ֆոտոդինամիկական եւ մագնիսական մեթոդների համատեղման վրա

25-09-2017 01:12

Հայ գիտնականներն աշխատում են քաղցկեղի բուժման ֆոտոդինամիկական եւ մագնիսական մեթոդների համատեղման վրա: NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի  ավագ գիտաշխատող Արամ Մանուկյանը նշեց, որ կլինիկական փորձարկումներն անցկացվում են Ռոստովի Ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի եւ Գերմանիայի 2 կենտրոնների՝ Հանովերի լազերային կենտրոնի եւ Դույսբուրգ-Էսենի համալսարանի հետ: Աշխատանքի նպատակն է ֆոտոդինամիկական թերապիայի եւ մագնիսական տաքացման արդյունքների համատեղումը: Առաջին մեթոդով «քաղցկեղային բջիջներ են ուղարկվում լույսի հանդեպ զգայուն դեղամիջոցներ (ֆոտոսենսիբիլիզատորներ): Լազերով կրակելու դեպքում դրանք ֆոտոքիմիական ռեակցիա են սկսում՝ թթվածին եւ ազատ ռադիկալներ արտադրելով, որոնք քաղցկեղային բջիջների համար կործանարար են: Երկրորդ մեթոդով ուռուցքի մեջ են ներարկում մագնիսական հատկություններով  նանոհամաչափ մասնիկներ (օրինակ՝ երկաթի օքսիդ): Եթե դրանից հետո մագնիսական դաշտը միացվի եւ սկսի այն ուժգին «ճոճել» (վայրկայնում մի քանի հազար անգամ ուղղությունը փոխելով), ապա մագնիսական մասնիկները կսկսեն խելահեղորեն «թրթրռալ»՝ տաքանալով մինչեւ ուռուցքի համար մահաբեր ջերմաստիճան: Հայ ֆիզիկոսներն աշխատում են այն ուղղությամբ, որ այս երկու «տրոյական ձիերին» (ֆոտոսենսիբիլիզատորներին եւ մագնիսական մասնիկներին) միավորեն մեկ «լծասարքում» եւ դրանք միասին ներարկեն: «Ռուսաստանցի բժիշկների հետ հետազոտություններն իրականացվում են արդեն մի քանի ամիս, մշակումներին մասնակցում են գերմանացի գործընկերները»,- հավելեց Մանուկյանը:

news.am
25-09-2017 01:12