400 տարի առաջ կորած Ռուբենսի նկարը Շոտլանդիայի թանգարանում է հայտնաբերվել

25-09-2017 01:36

Ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարը, որը 400 տարի շարունակ կորած էր համարվում, հայտնաբերվել է Շոտլանդիայի թանգարանում, հայտնում է Scotsman պարբերականը: Պարբերականի տեղեկություններով՝ բրիտանացի լրագրող եւ արվեստաբան Բենդոր Գրոսվենորը նկարը գտել է Գլազգոյի Պոլլոքի տուն-թանգարանի հավաքածուում: Նախկինում համարվում էր, որ նկարը Բուքինգեմի դուքս Ջորջ Վիլիերսի դիմանկարի բնօրինակի պատճենն է, որը Ռուբենսը ստեղծել է 17-րդ դարում: Գրոսվենորի կատարած հետազոտությամբ պարզվել է, որ Ռուբենսի ֆիրմային եղանակները թաքցված էին կեղտի եւ ավելի ուշ քսված ներկի տակ: «Մենք ուրախ ենք հնարավորինս մեծ թվով մարդկանց հնարավորություն տալու տեսնել Ռուբենսի գլուխգործոցը»,- պարբերականը մեջբերել է Գլազգոյի թանգարանների հիմնադրամի ներկայացուցիչ Դեւիդ Մակդոնալդի խոսքը: Հաղորդվում է, որ նկարի բնօրինակ լինելը հաստատել են նաեւ Բելգիայում «Ռուբենսի տուն» թանգարանի փորձագետները: Թանգարանի գնահատմամբ՝ նկարի արժեքը կարող է տասնյակ միլիոն ֆունտ կազմել:

news.am
25-09-2017 01:36