C-400-ը կտեղակայվի Աքընջի ռազմաբազայում. Yeni Safak, Թուրքիա

25-09-2017 10:15

Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400 հակաօդային համակարգերի ներկրման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Թուրքիայում նախապատրաստական աշխատանքներ սկսվեցին: Ռուսական համակարգերի տեղակայման վայր որպես ընտրվեց Անկարայում գտնվող Աքընջի ռազմաբազան: 2016թ. FETO-ի կողմից հեղաշրջման փորձից հետո Աքընջի բազայից, որտեղից ղեկավարվում էր հեղաշրջման գործողությունը, տարհանվեցին այդտեղ գտնվող գումարտակները: Աքընջիի ընտրությունը առաջին հերթին բացատրվում է նրանով, որ հակաօդային պաշտպանության ոլորտում անվտանգության միջոցառումների ձեռնարկումը պետք է սկսել մայրաքաղաքից, բացի դրանից, այդ ռամզաբազան հարմարավետ պայմաններ ունի: Հատուկ անգարներ և մեկնարկային հրապարակներ կկառուցվեն Մինչ C-400-ի ներկրումը Աքընջիում բուռն աշխատանքներ են սկսվել: Ստացված տեղեկությունների համաձայն՝ զինատեսակի ներկրումը ապահովող ռուսական ընկերությունը խնդրել է անհրաժեշտ անգարներ և մեկնարկային հրապարակներ կառուցել: Բազայում կկառուցվի երկու հսկայական անգար, որտեղ կպահվեն և կսպասարկվեն C-400 համակարգերը: Դրանց առանձնահատուկ նշանակության մասին Ռուսաստանը ավելի ուշ կհայտնի: 2018թ. Թուրքիան կստանա C-400-ի երկու հրթիռային մարտկոցներ Մինչ Աքընջիում երկու անգարների կառուցման ավարտը Թուրքիան ձեռք կբերի C-400-ի երկու հրթիռային համակարգեր, որոնք կտեղակայվեն Աքընջիում: Դա նշանակում է, որ դրանք այստեղ կգտնվեն խաղաղ ժամանակաշրջանում: Այդ կապակցությամբ նշվում է, որ Աքընջիում C-400-ը կտեղակայվի խաղաղ ժամանակշրջանում, ինչպես «Հոք» հրթիռներն են ներկայումս գտնվում Ստամբուլում, որոնք անհրաժեշտ պահին տեղափոխվում են համապատասխան վայրեր: Նույն կերպ Աքընջիում գտնվող C-400-ը անհրաժեշտության դեպքում կտեղափոխվի սահմանամերձ տարածաշրջան, որտեղ, ինչպես համարվում է, պատերազմի սպառնալիք է առկա: Ընտրության պատճառը կարևոր խաչմերուկն է Ռազմական օբյեկտների տեղակայման վայրերի ընտրությունը կատարվում է տարբեր չափանիշներով՝ նախևառաջ երթուղիների ցանցը հաշվի առնելով: Այդ իմաստով Աքընջին առաջին պլանում է, քանի որ գտնվում է հարավային ուղղությունը Անկարայով Ստամբուլին միացնող խաչմերուկում: Նախկինում Չինաստանի հետ բանակցությունների շրջանակում Աքընջին նույնպես հեռահար հրթիռների տեղակայման հնարավոր վայրերի ցուցակում էր: Թուրքիան նույնպես կարտադրի Թուրքիայի փոխվարչապես Բեքիր Բոզդաղի խոսքով՝ C-400-ի ներկրումից հետո Թուրքիային կփոխանցվեն «թուրք ինժեներների համար այդ հրթիռները ստեղծելու հնարավորությունները և կարողությունները ապահովող» տեխնոլոգիաները: «Մենք պետք է ստեղծենք մեր հակաօդային համակարգը. այժմ մենք կարողանում ենք ապահովել մեր ՀՕՊ համակարգը այլ երկրներից ստացվող Patriot-ով, իսկ ի՞նչ կանենք, եթե դրանք վաղը չլինեն: Երբ վտանգ է սպառնում մեր պետությանը, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Բոզդաղը:

1in.am
25-09-2017 10:15