«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից 7 ամսում օգտվել է 54 550 քաղաքացի

25-09-2017 10:41

«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգը, որը Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ընթացիկ տարվա փետրվարի 13-ին, ֆիզիկական անձանց համար դյուրինացրել է սահմանահատման գործընթացը, իսկ մաքսային մարմնին՝ էլեկտրոնային հարթակում անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն ստեղծել: ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համակարգի գործարկմամբ ֆիզիկական անձիք այլեւս ստիպված չեն լինելու վճարել մաքսային միջնորդներին անձնական օգտագործման ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար, քանի որ ձեւակերպումներն իրականացվում են մաքսային ծառայողների կողմից՝ առանց լրացուցիչ վճարի: Սեպտեմբերի մեկի դրությամբ նոր համակարգից օգտվել է 54 550 քաղաքացի, որոնց շուրջ 50 տոկոսը սահմանը հատել է Բագրատաշենի մաքսակետով: Համակարգի միջոցով է իրականացվում նաեւ ՀՀ ժամանակավոր ներմուծվող եւ վերաարտահանվող մարդատար տրանսպորտային միջոցների հաշվառումը։

news.am
25-09-2017 10:41