Թուրքիայի վարչապետը հայտնել է Իրաքի Քուրդիստանի դեմ պատժամիջոցների տեսակները

25-09-2017 13:35

Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածում հանարքվեի անցկացումը օրինական չէ, եւ Թուրքիան չի ճանաչելու հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել է, թե իրենց եւ աշխարհի բազմաթիվ երկրների զգուշացումներին ականջ չդրած Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավարությունը անկախության հանրաքվե է անցկացնում, որն ընդունելի չի լինելու։ Ըստ վարչապետի՝ Թուրքիան Իրաքի Քուրդիստանի դեմ պատրաստել է 3 տեսակ պատժամիջոցներ՝ տնտեսական, քաղաքական-դիվանագիտական եւ ռազմական անվտանգության։ Անդրադառնալով Իսրայելի դրական վերաբերմունքին հանրաքվեի հետ կապված, Թուրքիայի վարչապետը նշել է, թե մինչ այժմ Իսրայելը պաշտոնապես չի աջակցել, սակայն Իսրայելի ներքական հարթության վրա հայտարարություններ եղել են եւ դրանք զարմանալի չեն։ Բինալի Յըլդըրըմը նաեւ խոսել է Թուրքիայի կողմից պատերազմի պատրաստվելու պնդումների մասին՝ հայտարարելով, թե Թուրքիան պատերազմի չի պատրաստվում, այլ սեփական երկրի ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար քայլեր է ձեռնարկում։

news.am
25-09-2017 13:35