Իրաքը կարող է էներգակիրների ոլորտում Հայաստանի լավագույն գործընկերներից մեկը դառնալ.Լոքյան

25-09-2017 00:50

Հայաստանն ամբողջովին ներկրում է էներգակիրները։ Իրաքը կարող է այդ ոլորտում  մեր լավագույն գործընկերներից մեկը դառնալ։ Այս մասին սեպտեմբերի 25-ին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ելույթ ունենալով Տնտեսական, առեւտրային, գիտական եւ տեխնիկական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստում։ Նախարարի խոսքով՝ Իրաքը Հայաստանին բարեկամ երկիր է։ Հայ–իրաքյան հարաբերությունները, ըստ նախարարի, վերջին տարիներին զարգացել են։ «Եվ մեր կառավարությունները մեզ են վստահել համագործակցության խորացման հարցը։ Մենք գյուղատնտեսության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ներուժ ունենք։ Մենք պատրաստվում ենք պարզեցնել մի շարք երկրների համար վիզային ռեժիմը եւ այս նիստից հետո կանդրադառնանք նաեւ այդ խնդրին»,– ասել է Լոքյանը։ Նախարարը  նաեւ նշել է, որ Հայաստանում զարգանում է ՏՏ ոլորտը եւ այստեղ համագործակցության լայն հնարավորություններ կան։

news.am
25-09-2017 00:50