Պետք է քննարկել Հայաստանի եւ Իրաքի միջեւ արագ փոխադրումների հարցը. իրաքցի նախարար

25-09-2017 13:25

Անհրաժեշտ է քննարկել Հայաստանի եւ Իրաքի միջեւ արագ փոխադրումների հարցը։ Այս մասին սեպտեմբերի 25-ին ասել է Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան Ալ Լուհայիբին՝ ելույթ ունենալով Երեւանում Տնտեսական, առեւտրային, գիտական եւ տեխնիկական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստում։ Նախարարի խոսքով՝ Իրաքի  համար բարդ քաղաքական իրավիճակում միջկառավարական հանձնաժողովի նիստ վարելը ցույց է տալիս, թե Բաղդադը որքան է կարեւորում Հայաստանի հետ համագործակցությունը։ «Մենք համագործակցության խորացման համար հիմք ունենք, մենք պետք է վերացնենք բոլոր խնդիրները, որոնք կան տարբեր ոլորտներում։ Կարող ենք առաջընթաց գրանցել Հայաստանի եւ Իրաքի միջեւ տրանսպորտի եւ փոխադրումների ոլորտում»,– ասել է Ֆալահ Հասան Զիդան Ալ Լուհայիբին։ Նախարարն ընդգծել է երկու երկրների միջեւ նավթային, էլեկտրականության, գյուղատնտեսության եւ թեթեւ արդյունաբերության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը։ «Ես այստեղ եմ եկել Ստամբուլով, դա երկար ճանապարհ էր, բայց Երեւանը մեզնից ամենամոտը գտնվող մայրաքաղաքն է։ Մենք պետք է քննարկենք երկու երկրների միջեւ արագ փոխադրումների  հարցը։ Իմ թռիչքը մոտ 14 ժամ է տեւել, այնինչ 2 ժամում կարելի էր հասնել»,– ասել է նախարարը եւ հիշեցրել, որ հիմա շաբաթական միայն մեկ չվերթ է գործում։ «Մենք ուզում ենք մեծացնել Երեւան–Բաղդադ չվերթների թիվը։ Իրաքցի զբոսաշրջիկների մեծ մասը Վրաստան է գնում վիզային արտոնյալ ռեժիմի պատճառով։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է, եւ այն պետք է հետաքրքրի զբոսաշրջիկներին առաջին  հերթին»,– ասել է նախարարը։  

news.am
25-09-2017 13:25