Ուկրաինացիների սպասելիքները միշտ չէ, որ իրականանում են ԵՄ-ի հետ ասոցացումից, պայքարը լուրջ է. Իրինա Սուշկո

25-09-2017 13:54

Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի իրականացման գորընթացն այնքան էլ անցավ չի անցնում, երբեմն հասարակության սպասելիքները չեն իրականանում, երբեմն այդ գործընթացը պետք է շատ լրջորեն խթանել քաղհասարակության կողմից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Արեւելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Եվրոպան առանց սահմանների» ուկրաինական հասարակական կազմակերպության ղեկավար Իրինա Սուշկոն: Հարցին, թե ինչ առավելություններ է տվել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ՈՒկրաինային, Սուշկոն նշեց վիզային ռեժիմը հանելը եւ բարեփոխումները մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարում եւ դատական համակարգում: «Կոռուպցիայի դեմ պայքարում այսօր ունենք մասնակի հաջողություններ, օրինակ ունենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմիններ: Չեմ կարող ասել, որ շատ հաջող են աշխատում այդ մարմինները, բայց կարող եմ ասել, որ ստեղծված օրենսդրական բազան շատ որակյալ է: Այստեղ հարցն արդեն այն է, թե որքան է քաղաքական էլիտան պատրաստ ոչ միայն իմիտացիա անել, այլեւ իրականում հետեւել այդ պայքարին: Դրա լակմուսի թուղթը եկամուտների էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրումն էր: Դա այնքան լուրջ պայքար էր, որ մի պահ իշխանության ներկայացուցիչները որոշեցին խորհրդարանում օրենք ընդունել, ըստ որի քաղհասարակության ներկայացուցիչները եւս նման հայտարարագիր ներկայացնեն, եթե ինչ-որ ձեւով կապ ունեն կոռուպցիայի դեմ պայքարին: Սա ազդակ էր, որ իշխանությունը միշտ չէ, որ պատրաստ է գնալ լուրջ բարեփոխումների, բայց քանի որ քաղհասարակությունն ակտիվ է եւ կա ԵՄ-ի աջակցությունը, մենք կարողանում ենք առաջ տանել գործընթացը»,-ընդգծեց նա:

news.am
25-09-2017 13:54