Ի՞նչ առավելություններ է ստացել Մոլդովան ԵՄ-ի հետ ասոցացումից. ներկայացնում է փորձագետը

25-09-2017 13:58

Մոլդովայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նվաճումներից մեկը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը հանելն էր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Արեւելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ նշել է Մոլդովայի Եվրոպական քաղաքականության եւ բարեփոխումների ինստիտուտի (IPRE) փորձագետ Յուլիան Ռոսուն: «Մեր դեպքում կարեւորություն ունի նաեւ մերձդնեստրյան հակամարտության խնդիրը: ԵՄ-ի հետ համաձայնագրի գործընթացում հասարակության մի մասը նախընտրելի էր համարում Ռումինիայի հետ վերամիավորումը: Ներկայումս գտնվելով ԵՄ համաձայնագրի շրջանակներում, մենք վերանայում ենք մեր մոտեցումները այդ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այստեղ կարեւորություն են ստանում նաեւ Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ համատեղ անցակետերի վերահսկողությունը, որն ավելացնում է անվտանգությունը տարածաշրջանում»,-ընդգծեց նա: Ռոսուն նկատեց, որ Մոլդովան դեռեւս ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ոչ բոլոր պահանջներին է բավարարում: Որպես առավելություն նա նշեց փաստը, որ ներկայումս Մոլդովայից արտահանման 67 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին. «Նաեւ զգում ենք այն բարեփոխումների դրական ազդեցությունը, որոնք իրականացվել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում՝ ապրանքների վերահսկողության, ստանդարտների ներդրման ոլորտներում»: Հարցին, թե եթե այս անգամ էլ Հայաստանը ԵՄ-ի հետ չստորագրի նոր համաձայնագիրը, ինչ տպավորություն կկազմեն «Արեւելյան երկրների» համագործակցության երկրները Հայաստանի մասին, Ռոսուն պատասխանեց. «Տպավորությունները ստեղծվում են ժողովուրդների, ոչ թե առաջնորդների մասին, իսկ այդ առումով Մոլդովան լավ տպավորություն ունի հայ ժողովրդի մասին եւ դա անփոփոխ կմնա»: Նշենք, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել այս տարվա նոյեմբերին:

news.am
25-09-2017 13:58