«Սիփան» գործարանում պայթյունից փլուզում է տեղի ունեցել. տուժածներից մեկն ունեցել է ողնաշարի խնդիր

25-09-2017 14:54

«Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում այսօր՝ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ, պայթյունի եւ փլուզման հետեւանքով տուժել է 2 տղամարդ՝ 61 եւ 32 տարեկան: Տուժածները նախ տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետեւ նրանցից մեկը՝ Երեւան: «Աբովյան» բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ իրենց մոտ կար ընդամենը 1 տուժած, որն էլ ավելի ուշ Երեւան է տեղափոխվել: Մեր տեղեկություններով, Երեւան տեղափոխված տղամարդն ունեցել է ողնաշարի խնդիր: Կատարվածի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ «Սիփան» գործարանից, սակայն մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին:

news.am
25-09-2017 14:54