Ուծացման վտանգը չափազանց մեծ է. Հրանուշ Հակոբյանը՝ «Ռուս-հայկական համագործակցության» պատվիրակությանը

25-09-2017 15:08

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ընդունել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին, փոխնախագահներ Գոռ Կարախանյանին եւ Արսեն Քասակյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորեց կազմակերպության, եւ հատկապես ղեկավարների ակտիվ քաղաքական , գիտական եւ հասարակական գործունեությունը, հայապահպանության ուղղությամբ նրանց ջանքերը: Նա մասնավորապես նշեց. «Հայ երիտասարդները պետք է անպայման տեսնեն Հայաստանը, կապվեն Հայրենիքի հետ: Կարեւոր է, որ երիտասարդները հայերեն խոսեն: Ուծացման վտանգը չափազանց մեծ է: Պետք է ամրացնել, հզորացնել համայնքը, կազմակերպել այն ըստ մասնագիտությունների, մասնագիտական միավորումներ ստեղծել: Սփյուռքի ներուժը պիտի օգտագործենք Հայաստանը հզորացնելու համար, Հայրենիք բերենք մեր հայրեակիցների գիտելիքը, մշակույթը, փորձը»: Յուրի Նավոյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, եւ նշեց, որ սեպտեմբերի 7-ին կազմակերպությունը Մոսկվայում համաժողով է անցկացրել՝ սփյուռքի հիմնախնդիրների  եւ հեռանկարների վերաբերյալ, խոստացավ, որ այդ համաժողովները կդառնան համահայկական օրակարգի առաջնահերթությունները քննարկելու եւ լուծման ուղիներ նախանշելու ամենամյա հարթակ: Խոսելով «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողոովի մասին՝ Յուրի Նավոյանը մասնավորապես նշեց. «Համաժողովն աննախադեպ էր հայկական համախմբման առումով: Այս հավաքներն օգտակար են միասնականության դրսեւորման առումով, ինչպես նաեւ տարբեր երկրներում գործող հայ համայնքների միջեւ գոյություն ունեցող համագործակցությանը նոր լիցք հաղորդելու իմաստով: Արդեն 6-րդ անգամ է՝ մասնակցում եմ «Հայաստան-Սփյուռք» համաժողովին, ու համեմատելով նախորդների հետ՝ դրական առաջընթաց եմ նկատում: Օրակարգը գործնական էր, արծածվում էին հայության կենսական խնդիրները: Քննարկումներ կազմակերպվեցին չորս կարեւոր ուղղություններով՝ տնտեսական, պաշտպանության, արտաքին քաղաքականության ու հայապահպանության: Եվ վստահաբար կարող եմ ասել, որ այս համաժողովն առաջին անգամ լուրջ քայլ է անում համագործակցության ու կոնկրետ ծրագրերի մշակման առումով: Նման հարթակներում պետք է քննարկվեն կոնկրետ ծրագրեր, հետեւաբար հայաստանյան եւ դրսի կազմակերպությունները նման հավաքներին պետք է ներկայանան կոնկրետ ծրագրերով, ու դրանց շուրջ պետք է լինի բանավեճ: Գոռ Կարախանյանը եւ Արսեն Քասակյանը շնորհակալություն հայտնեցին հրավերի համար եւ հավելեցին. «Ե՛վ համաժողովը, եւ՛ հանդիպումը շատ օգտակար էին մեզ համար: Ձեր խորհուրդները հաշվի կառնենք մեր հետագա գործունեության ժամանակ: Շնորհակալություն»:

news.am
25-09-2017 15:08