ԱՄՆ-ի հետ շարունակում ենք բանակցել կրկնակի հարկումը վերացնելու շուրջ. ֆինանսների նախարար

25-09-2017 15:32

Հայաստանն ԱՄՆ-ի հետ շարունակում է բանակցությունները կրկնակի հարկումը վերացնելու շուրջ: Սեպտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը համարում է, որ ներկայիս ռեժիմը կարող է 2 կողմերին ձեռնտու լինել: Երեւանը համաձայն չէ: ԱՄՆ-ի հետ հարկման ռեժիմը Հայաստանում գործում է դեռեւս 1970-ական թվականներից՝ որպես Խորհրդային Միության հետ նույնպիսի պայմանագրի շարունակություն: «Սակայն այս ժամանակահատվածում շատ բան է փոխվել, եւ կրկնակի հարկումը բիզնեսին խանգարում է: Այսպես՝ Contour Glboal-ը (Որոտան ՀԷԿ կասկադի սեփականատերը եւ Հայաստանում ԱՄՆ-ից ամերիկյան խոշորագույն ներդրողը) աշխատում է Լյուքսեմբուրգում գտնվող դուստր ընկերության միջոցով, քանի որ վերջինի հետ Հայաստանը կրկնակի հարկման դեմ պայմանագիր է կնքել, իսկ Նահանգների հետ՝ դեռեւս ոչ: Հայաստանը ցանկանում է մինչեւ 2022 թվականը կրկնակի հարկումից ազատվել եւս 8 երկրների հետ: Արդեն նման պայմանագրեր են նախաստորագրվել Ուզբեկստանի եւ Ղրղզստանի հետ, որոնք ծրագրում ենք ստորագրել մինչեւ 2017-ի տարեվերջ»,- նշեց Արամյանը:

news.am
25-09-2017 15:32